Այսօր կառավարության ընդունելությունների տանն ավարտվեց Հայ ազգային կոնգրես-իշխանություն երրորդ հանդիպումը:
Հանդիպման ավարտին կոալիցիայի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր հանդիպմանը քննարկել են հետագա հանդիպումների պարբերականությունը և, հիմնականում, աշխատակարգային հարցեր. «Թեև փորձեցինք այնպես անել, որ ունենանք ճկունություն, այնուամենայնիվ պրոցեսը կարևորելով համարեցինք, որ որոշակի ռեժիմ պետք է սահմանենք: Մեր նախնական ծրագիրը հետևյալն է, որ այսուհետ ունենալու ենք շաբաթական երկու հանդիպում՝ սկսած մյուս շաբաթվանից՝ երեքշաբթի և ուրբաթ օրերը ժամը 12-ին՝ չնայած հնարավորություն ենք ընձեռել ունենալու որոշակի ճկունություն, այսինքն՝ անհրաժեշտության դեպքում հետաձգելու հանդիպումները կամ նշանակել մեկ այլ հանդիպում»:
Այնուհետև Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ քննարկել են, թե ինչպես են սկսելու հաջորդ հանդիպումը. «Այն սկսելու ենք օրակարգային առաջին հարցի քննարկումից և Կոնգրեսի ներկայացուցիչները կներկայացնեն իրենց թե՛ հիմնավորումները, թե՛ փաստարկները, թե՛ լուծումները»:
Դավիթ Հարությունյանը հայտնեց, որ քննարկել են ևս երկու հարց. «Մեկը վերաբերում է ոստիկանության հետ միջադեպին, և այդ առումով մենք դեռևս վերջնական պատասխան չունենք, սակայն ընթանում է ծառայողական քննություն, ինչպես նաև քննարկեցինք տրանսպորտի հետ կապված հարցերը: Ինչպես նշել էինք նախկինում՝ մենք պատրաստ ենք հետամուտ լինել այդ հարցի ուսումնասիրմանը և հասկանալու, թե ինչն է խնդիրը։ Մեզ այսօր տրամադրվեցին նյութեր, մենք դրանք կդարձնենք ուսումնասիրության առարկա»:
Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված արագացված հանդիպումների ընթացակարգը և հնարավո՞ր է, որ վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացրած վերջնաժամկետն է պատճառ հանդիսացել, Դ.Հարությունյանը պատասխանեց. «Ճիշտն ասած երկխոսությունն այն հարթակն է, որը որևէ զգուշացումներով, վերջնագրերով կամ պայմաններով չի կարող առաջնորդվել: Երկխոսությունը փոխադարձ ցանկություն է՝ պրոցեսը ինտենսիվ տանելու առաջ, որովհետև բոլորս մի նպատակ ենք հետապնդում՝ անել ամեն ինչ, որպեսզի երկրում իրավիճակը բարելավվի, երկիրը դրանից շահի, և թերևս այդ գիտակցումն է, որ երկուսիս էլ դրդում է գնալու ավելի ինտենսիվ քննարկումների: Իսկ վերջնաժամկետներ և այլն, եթե մի կողմը ունի նման վերջնաժամկետ իր համար, մենք որևէ վերջնաժամկետ չունենք, բայց մենք հակված ենք ինտենսիվ աշխատելու»:
«Բովանդակային անդրադարձ Կոնգրեսի և Կոալիցիայի օրակարգայնին հարցերի առնչությամբ չի եղել»,- ասաց Դ.Հարությունյանը՝ հավելելով, որ որպես առաջին հարց քննարկվելու է Կոնգրեսի պահանջը՝ արտահերթ ընտրությունների անցկացումը:








































