Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

Ինչպե՞ս զսպել Պուտինի Ռուսաստանին․ Foreign Affairs (ԱՄՆ)

Հունվարի 20-ին ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության որոշ ասպեկտներ անմիջապես կփոխվեն: Միացյալ Նահանգների նախագահն այլևս չի ձգտի ընկերանալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես դա անում էր նախագահ Դոնալդ Թրամփը իր պաշտոնավարման ամբողջ ընթացքում: Բայդենն առանց վարանելու կսկսի քննադատել Պուտինի ագրեսիվ գործողությունները, հատկապես՝ Միացյալ Նահանգների դեմ: Բացի դրանից՝ Բայդենի վարչակազմը կվերականգնի ազատական ​​նորմերն ու ժողովրդավարական արժեքները Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ, այնպես որ, Պուտինը կարող է ակնկալել ռուսական ինքնակալության դեմ ուժեղացված քննադատություն և մարդու իրավունքներին աջակցության ավելացում: Ընդ որում, Սպիտակ տան հռետորաբանությունը ԱՄՆ տրանսատլանտյան դաշնակիցների նկատմամբ նկատելիորեն կփոխվի: Այս շաբաթ կավարտվի նաև ՆԱՏՕ-ի հասցեին հնչող մեղադրանքների և քննադատությունների դարաշրջանը:

Սա ամենապարզն ու ամենասպասվածն է: Շատ ավելի դժվար կլինի մշակել Ռուսաստանի նկատմամբ նոր՝ համապարփակ ռազմավարություն, որով ճիշտ հարաբերակցություն կհաստատվի Մոսկվայի զսպման և ընդհանուր հետաքրքրությունների սահմանափակ ոլորտներում նրա հետ փոխգործակցության միջև։ Դա անելու համար Բայդենի վարչակազմը պետք է ազատվի այն առասպելներից և թյուր կարծիքներից, որոնք ԱՄՆ-ին երկար տարիներ թույլ չեն տվել վերլուծաբար գնահատել Մոսկվային, և դրանք փոխարինի ճշգրիտ գնահատականով. իրականում ի՞նչ սպառնալիք է ներկայացնում Պուտինի Ռուսաստանը, և ԱՄՆ-ը ինչպե՞ս կարող է արդյունավետորեն հակազդել դրան:

Անհասկանալի ներկայացում

Ռուսաստանի վերաբերյալ ԱՄՆ պատկերացումները խեղաթյուրված են թյուրըմբռնումներով և մոլորություններով: Օրինակ՝ շատ վերլուծաբաններ սխալմամբ կարծում են, թե Ռուսաստանը անկման մեջ գտնվող թուլացող տերություն է: Հենց անցած շաբաթ Յուտա նահանգի հանրապետական ​​սենատոր Միթ Ռոմնին հեգնանքով ասաց, թե «Ռուսաստանը բենզալցակայան է, որն իրեն երկիր է ներկայացնում»՝ ավելացնելով, թե Մոսկվան «հարձակվում է կողքինների վրա, թեև անկում է ապրում»: Այս վերլուծությունը հնացած է: Պուտինը չունի այն իշխանությունը, որ ունեին նրա խորհրդային նախորդները 1970-ականներին, կամ ՉԺՀ այսօրվա նախագահ Սի Ցզինպինը, բայց Ռուսաստանը նաև այն թույլ ու քայքայվող պետությունը չէ, ինչպիսին 1990-ականներին էր: Չնայած ժողովրդագրական բացասական միտումներին և շուկայական բարեփոխումների կրճատմանը, այն նորից դարձել է աշխարհի ամենահզոր երկրներից մեկը, որի ռազմական, կիբեռնետիկական, տնտեսական և գաղափարական ուժը շատ ավելին է, քան պատկերացնում է ամերիկացիների մեծ մասը:

Ռուսաստանը մնում է խոշոր ռազմական տերություն և մեկն է երկու միջուկային գերտերություններից: Պուտինը մեծ ներդրումներ է կատարում միջուկային արդիականացման մեջ, իսկ ԱՄՆ-ը՝ ոչ: Նա նաև հսկայական ռեսուրսներ է հատկացրել Ռուսաստանի սովորական զինված ուժերի արդիականացմանը: Կրեմլի զինված ուժերը գլոբալ ընդգրկում չունեն, բայց դրանք զգալի սպառնալիք են Եվրոպայի համար և նույնիսկ գերազանցում են ՆԱՏՕ-ին որոշ ցուցանիշներով ՝ ներառյալ տանկերի, թևավոր հրթիռների և զորքերի քանակը ՆԱՏՕ-Ռուսաստան սահմանին: Պուտինը նաև մեծ ներդրումներ է կատարում տիեզերական զենքի մշակման, հետախուզության և կիբեռպոտենցիալի հնարավորությունների զարգացման մեջ, որի մասին ԱՄՆ-ը իմացավ սեփական դառը փորձով, երբ անցյալ ամիս բացահայտվեց ռուսական խոշոր հակերային արշավը: Մոսկվան ավելի քիչ պաշտոնական դաշինքներ ունի, քան Վաշինգտոնը, և այդ դաշինքներն ավելի թույլ են, սակայն Չինաստանի հետ նրա կապերը, ներառյալ ամրապնդվող ռազմական կապերը, ավելի սերտ են, քան երբևէ: Ընդհանուր ռազմական ներուժի առումով Ռուսաստանը, հավանաբար, աշխարհում երրորդն է:

Որպես տնտեսական տերություն՝ Ռուսաստանը շատ հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից, բայց այն երկիր չէ, որն ունի այնքան կործանված տնտեսություն, որքան շատ ամերիկացիներ են պատկերացնում: Տնտեսության տեսանկյունից այն աշխարհում 11-րդն է, իսկ գնողունակության հավասարության ցուցանիշով՝ 6-րդը: Ռուսաստանի ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան Չինաստանի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով: Եվ Պուտինի իրականացրած ապասեփականաշնորհումն ու տնտեսության մեջ կառավարության միջամտության այլ տեսակները նրան հնարավորություն են տալիս վերահսկելու երկրի տնտեսական ռեսուրսների շատ ավելի մեծ մասնաբաժին, քան ժողովրդավար ղեկավարները՝ ավելի մեծ տնտեսություններում: Եվ, իհարկե, նա ունի բավարար տնտեսական ռեսուրսներ արտաքին քաղաքական ագրեսիվ օրակարգ իրականացնելու համար:

Պուտինը նաև զգալի գաղափարական իշխանություն ունի: Նա մեծ ներդրումներ է կատարում փափուկ ուժի գործիքների, այդ թվում՝ պետական ​​ և Կրեմլին հարող հեռուստատեսության, ռադիոյի և սոցիալական լրատվամիջոցների վրա (որոնցում Մոսկվան համարվում է գաղտնի ապատեղեկատվական գործողությունների մեծ մասնագետ): Տարեկան բյուջեն միջազգային RT հեռուստաալիքի, որը պնդում է, թե YouTube-ի ամենահայտնի լրատվական ալիքն է, 300 միլիոն դոլար է: Պուտինի ռեժիմը նաև խրախուսում է արտասահմանում Ռուսաստանի շահերը առաջ տանելու համար ստեղծել բազմաթիվ կիսապետական կազմակերպություններ և իբր թե մասնավոր անվտանգության ծառայություններ, որոնց թվում՝ տխրահռչակ Ինտերնետ հետազոտությունների գործակալությունը, Վագների անձնական ռազմական խումբը, Ազգային արժեքների պաշտպանության հիմնադրամը, Ինքնիշխան զարգացման միջազգային գործակալությունը և Ազատ հետազոտությունների և միջազգային համագործակցության ասոցիացիան: Ազդեցության նման մեծաքանակ լծակներ ունեցող Պուտինն այլևս չի կարող համարվել անկում ապրող տերության առաջնորդ: Նման վերլուծությունն անիրականանալի հույսեր է ներշնչում:

Իշխանությունից բացի՝ Պուտինը էլի նպատակ ունի: Նա մեծապես հետաքրքրված է մի շարք ուղղափառ, ոչ լիբերալ, հակաժողովրդավարական, հակաարևմտյան գաղափարներով: Ամերիկացի վերլուծաբանները հաճախ կարծում են, թե Պուտինը տրանզակցիոն (գործարքային) ղեկավար է (ես այս արտահայտությունը տասնյակ անգամ լսել եմ, երբ ծառայում էի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում): Սա թյուր կարծիք է: Ինչպես աշխարհի բոլոր առաջնորդները, Պուտինը գործարքներ է կնքում այլ երկրների հետ, երբ կարծում է, թե դրանք նպաստում են այն բանին, ինչը նա համարում է Ռուսաստանի ազգային շահ: Բայց նա նաև գաղափարական առաջնորդ է և իր շատ որոշումներում ինչպես տանը, այնպես էլ արտերկրում առաջնորդվում է իր հակաարևմտյան աշխարհայացքը առաջ մղելու ցանկությամբ:

Պուտինն իր քաղաքական կարիերան սկսեց որպես պատեհապաշտ՝ աշխատելով արևմտամետ առաջնորդների թիմերում, ինչպիսիք են Սանկտ Պետերբուրգի քաղաքապետ Անատոլի Սոբչակը և ՌԴ նախագահ Բորիս Ելցինը: Բարձրանալով ծառայողական սանդուղքով՝ Պուտինը սկսեց ձգտել դեպի ոչ ազատական, ազգայնական և ուղղափառ արժեքները: Իշխանության մեջ իր առաջին տասնամյակի ընթացքում նա կենտրոնացավ Ռուսաստանում այս արժեքները խթանելու, ժողովրդավարական պրակտիկան և ազատական ​​գաղափարները ճնշելու, պետական ​​լրատվամիջոցների նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն հաստատելու, պատմության գրքերը վերաշարադրելու, ԼԳԲՏ դեմ օրենք ընդունելու և Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու բարեհաճությանն արժանանալու ու նրա հետ կապեր ստեղծելու վրա: Իշխանության գլուխ լինելու իր երկրորդ տասնամյակում նա ավելի ու ավելի շատ ուշադրություն և ռեսուրսներ է հատկացնում արտասահմանում իր ոչ լիբերալ արժեքները քարոզելուն: Ինչո՞ւ պիտի Պուտինը միլիոնավոր դոլարներ ներդներ RT-ի գլոբալ հասանելիությունն ընդլայնելու համար, եթե նա պարզապես գործարքային իրատես լիներ:

Պուտինը ցուցադրաբար ջանում է դիրքավորվել որպես ոչ լիբերալ, պահպանողական աշխարհի առաջնորդ, որը, իր իսկ բնորոշմամբ, ուղղակի հակադրությունն է ամերիկյան լիբերալ ինտերնացիոնալիզմի: Եվրոպացիներին ՆԱՏՕ-ի կայսերական վերահսկողությունից ազատելու համար նա պաշտպանում է ինքնիշխանությունը: Ինքնակալությունը պաշտպանելու համար նա քննադատում է ԱՄՆ-ին այսպես կոչված գունավոր հեղափոխություններին աջակցելու համար՝ լինի դա Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայում կամ Մերձավոր Արևելքում արաբական գարնան ընթացքում: Արևմտյան լիբերալ անկումնայնությանը հակազդելու համար նա գովաբանում է քրիստոնեական, ավանդական ընտանեկան արժեքների իր մեկնաբանությունը, որոնք, նրա պնդմամբ, հանդիսանում են ռուսական ինքնության և վերածնվող պահպանողական շարժումների հիմքը ամբողջ աշխարհում: Չնայած Պուտինն իր ոճով այնքան դեմագոգիկ չէ, որքան մյուս պոպուլիստները, նա օգտագործում է ինչ-որ բան նրանց հռետորաբանությունից և որոշ մեթոդներ: Նա ևս բաժանում է ինչպես ռուսական, այնպես էլ այլ հասարակությունները «իրական» մարդկանց և էլիտայի շարքից նրանց շահագործողների (և նշանակություն չունի, որ Պուտինն ինքը սերտ կապ ունի Ռուսաստանի իշխող տնտեսական էլիտայի հետ):

Պուտինիզմը նվաճում է նորահավատներին հիմնականում Եվրոպայում, բայց նաև ԱՄՆ-ում և աշխարհի այլ երկրներում: Մի քանի տարի առաջ Պուտինը նշեց, որ «այսպես կոչված պահպանողական արժեքները նոր իմաստ են ստանում»՝ նկատի ունենալով Հունգարիայում Վիկտոր Օրբանի և Ֆրանսիայում Մարին Լե Պենի քաղաքական հաջողությունները: Այսօր իր գաղափարական դաշնակիցների շարքում նա կարող է ավելացնել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիսին, Մեծ Բրիտանիայում Brexit-ի առաջնորդ Նայջել Ֆարաժին, Իտալիայի նախկին փոխվարչապետ Մատեո Սալվինիին, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին և Հոլանդիայի Ազատության կուսակցության ղեկավար Գերտ Ուիլդերսին: Եվրոպական գրեթե յուրաքանչյուր երկրում, ինչպես նաև ԱՄՆ-ում կա քաղաքական կուսակցություն կամ շարժում, որը սատարում է ոչ այնքան արևմտյան լիբերալիզմին, որքան ոչ լիբերալ պուտինիզմին: Շատ երկար ժամանակ ԱՄՆ պաշտոնատար անձինք նվազեցնում էին ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության այս գաղափարական հարթությունը:

Բացի դրանից՝ ամերիկացի քաղաքական գործիչները թերագնահատում են Ռուսաստանի ղեկավարի ագրեսիվ պահվածքի սովորությունը՝ հաճախ ենթադրելով, որ նա կանխատեսելիորեն կպատասխանի սպառնալիքներին և խթաններին: Բայց Պուտինը մշտապես ագրեսիվորեն է գործում (նույնիսկ երբ ստացած օգուտները շատ թանկ են արժենում). նա բռնակցում է Ղրիմը, միջամտում քաղաքացիական պատերազմներին Մերձավոր Արևելքում, գողանում և հրապարակում է փաստաթղթեր՝ փորձելով ազդել 2016-ի ԱՄՆ ընտրությունների արդյունքների վրա, և փորձում սպանել Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզական ծառայության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին:

Պուտինը շատ ավելի ռևիզիոնիստական ​​հայացքներ ունեցող առաջնորդ է, քան իր չինացի գործընկերը: Նրա կարծիքով՝ ինքը պատերազմում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների և միջազգային հաստատությունների դեմ, որոնք Վաշինգտոնը ստեղծել է և որոնց ներկայումս աջակցում է: Պուտինն այլևս չի ցանկանում համագործակցել Արևմուտքի հետ կամ նույնիսկ արժանի տեղ գրավել լիբերալ ​​միջազգային կարգում: Ավելի շուտ նա ձգտում է ոչնչացնել Միացյալ Նահանգների գլխավորած այս կարգը:

Պուտինը հին մարդ է, որը 20 տարի ղեկավարելուց հետո կարծրացել է իր տեսակետների ու համոզմունքների մեջ: Նա չի պատրաստվում կտրուկ փոխել իր կարծիքը սպառնալիք համարվող երկրի մասին կամ սատարել Բայդենի վարչակազմի կողմից լայնամասշտաբ երկկողմ դրական օրակարգ վերսկսելու ցանկացած փորձի: Բայդենը և նրա թիմը պետք է ընդունեն, որ մոտ ժամանակներս Պուտինը չի դադարեցնի հարձակումները ժողովրդավարության, լիբերալիզմի և միջազգային ինստիտուտների վրա: Ուստի նրանք երկար ժամանակ պետք է զսպեն Պուտինի Ռուսաստանին և նրա նկատմամբ ահաբեկման քաղաքականություն վարեն:

Ցավոք, այն, ինչ Ջորջ Քեննանը խորհուրդ էր տալիս այս հրատարակության էջերում գրեթե 75 տարի առաջ, նույնքան արդիական է նաև այսօր. «Խորհրդային միության նկատմամբ ԱՄՆ ցանկացած քաղաքականության հիմնական տարրը պետք է լինի Ռուսաստանի էքսպանսիոնիստական ​​հակումների երկարաժամկետ, համբերատար, բայց հաստատ և զգոն զսպումը»: ԱՄՆ քաղաքական գործիչները չպետք է ռոմանտիզացնեն զսպումը կամ սովետական ​​սպառնալիքին դիմակայելու փառահեղ օրերը: Սառը պատերազմի և «թեժ խաղաղության» ներկայիս դարաշրջանի միջև տարբերությունները բազմաթիվ են, և այս կամ այն ​​չափով դրանցից է կախված վտանգը, որն այսօր կարող է բխել Մոսկվայից: Բայց Բայդենը և ազգային անվտանգության հարցերով նրա թիմը պետք է հրաժարվեն Ռուսաստանի կողմից սպառնալիքի հնացած ընկալումներից և ձևավորեն Կրեմլի տնտեսական, ռազմական և քաղաքական ազդեցությունը զսպող նոր քաղաքականություն: Վաշինգտոնը կարող է հակազդել Պուտինի գաղափարական նախագծի իրականացմանը՝ նույնիսկ համագործակցելով Ռուսաստանի կառավարության հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող սահմանափակ ոլորտներում և ընդհանուր առմամբ խորացնելով կապերը ռուսաստանյան հասարակության հետ:

 Ռուսաստանի զսպումը երկրի ներսում

Զսպումը պետք է սկսվի մեր երկրում: Ռուսաստանի վերջին ներխուժումը ԱՄՆ պետական ​​ և մասնավոր հաստատությունների համակարգչային ցանցեր հստակ ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը բավարար ներդրումներ չի կատարել, որպեսզի պաշտպանի ամերիկյան թվային ցանցերը Մոսկվայի հարձակումներից: Բայդենի վարչակազմը պետք է աշխատի Կոնգրեսի հետ և ավելի շատ ռեսուրսներ տրամադրի Ռուսաստանի կիբեռսպառնալիքները զսպելուն, հատկապես այնպիսի կարևոր ենթակառուցվածքների դեմ, ինչպիսիք են ԱՄՆ բանկային համակարգը, էլեկտրացանցերը, ռազմական ուժերը և միջուկային զենքի համակարգերը: Այն նաև պետք է լրացուցիչ պատասխանատվություն ստանձնի բոլոր ամերիկացիների կիբեռանվտանգությունը բարձրացնելու համար: Ամերիկայի քաղաքացիները ապավինում են զինվորականներին, որ կկանխեն կամ հետ կմղեն ԱՄՆ հակառակորդների ֆիզիկական հարձակումները: Ինչո՞ւ նրանք նույնը չեն սպասում կիբեռտարածությունում:

Անհատական ​​ և մասնավոր հատվածի ընկերությունների համակարգչային ցանցերը պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է դադարի կիբեռտարածության անվտանգությունն ապահովելու հարցում ապավինել կոմերցիոն արտադրանքին և մասնավոր սուբյեկտներին և սեփական ուժերով ներգերատեսչական մակարդակում ներդնի ավելի շատ անհրաժեշտ տեխնոլոգիաներ, փորձարարական գիտելիքներ և հմտություններ: Բայդենի վարչակազմը ստիպված կլինի առնվազն ավելացնել կիբեռանվտանգության և ենթակառուցվածքների անվտանգության գործակալության աշխատակազմը և բյուջեն: Միևնույն ժամանակ, կիբեռանվտանգության փորձագետ Ալեքս Ստամոսը առաջարկել է վարչակազմին Ազգային տրանսպորտային անվտանգության խորհրդին զուգահեռ ստեղծել կիբեռտարածություն, որը կարող է հետաքննել հարձակումները և առաջարկել դրանց կանխման ուղիներ:

Զսպման գործընթացը պետք է ներառի նաև տնտեսական բաղադրիչ: Պուտինն օգտագործում է ռուսական ընկերություններն ու կապիտալը իր արտաքին քաղաքական շահերն առաջ տանելու համար: Հետևաբար, Միացյալ Նահանգները և այլ արևմտյան երկրները պետք է ռազմավարություն մշակեն` սահմանափակելու համար Մոսկվայի տնտեսական հզորությունը` խստացնելով ԱՄՆ-ում, ինչպես նաև եվրոպական և ասիական երկրներում Ռուսաստանի ֆինանսական գործունեության թափանցիկության պահանջները: Բայդենի վարչակազմը պետք է օգտվի նոր օրենքից, որն արգելում է անանուն կեղծ ընկերությունների գործունեությունը՝ բացահայտելու համար ռուսական ստվերային ներդրումները ամերիկյան ընկերություններում և անշարժ գույքում, ինչպես նաև   պետք է համագործակցի եվրոպական դաշնակիցների, հատկապես Բրիտանիայի հետ` բոլոր զարգացած ժողովրդավարական երկրներում ռուսական փողերի լվացման դեմ պայքարում: Ռուսական տնտեսական նախագծերը, որ իրականացվում են Արևմուտքում հստակ աշխարհաքաղաքական նպատակներով, ինչպիսին է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը, պետք է արգելափակվեն:

Միևնույն ժամանակ Բայդենի վարչակազմը պետք է ԱՄՆ-ի հետախուզական համայնքին հարկադրի գաղտնազերծել Պուտինի և նրա մերձավոր շրջապատի մարդկանց ակտիվների և գործունեության մասին ավելի շատ տեղեկություններ: Ռուսաստանի ապօրինի գործունեության մանրամասնման մակարդակը, որը փաստված է 2016 թ. ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցում, ցույց է տալիս ԱՄՆ հետախուզական անհավանական ( բավականաչափ չօգտագործվող) հնարավորությունները: Ապահովելով գաղտնի տեղեկատվության ստացման եղանակների և դրա աղբյուրների գաղտնիությունը՝ Բայդենը և նրա թիմը պետք է ձգտեն գաղտնազերծել ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում Ռուսաստանի ֆինանսական փոխանցումների և փողերի լվացման վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ:

ԱՄՆ-ում Պուտինի գաղափարական իշխանության տարածումը զսպելու համար Բայդենի վարչակազմը պետք է ավելի հստակ կանոններ և նորմեր մշակի, որոնք Ռուսաստանից կպահանջեն ավելի թափանցիկ լինել ԱՄՆ հասարակական կարծիքի վրա ազդելու իր ջանքերում` լինի դա ավանդական լրատվամիջոցներով թե սոցիալական ցանցերի, հիմնադրամների, բարեգործական կամ ոչ պետական կազմակերպությունների միջոցով: Այս ուղղությամբ որոշակի առաջընթաց է գրանցվել: Սոցցանցերի ամերիկյան ընկերությունները ձեռնարկեցին մի շարք նախաձեռնողական քայլեր ապատեղեկատվության հոսքը նվազեցնելու և թափանցիկությունը բարձրացնելու ուղղությամբ: Բայց Ռուսաստանի ազդեցության համար նախաձեռնված գործողությունները բացահայտելու, ԱՄՆ ինքնիշխանությունն ու դաշնակիցների ինքնիշխանությունը պաշտպանելու կանոններն ու օրենքները դեռ բավականաչափ մշակված չեն:

Վերջապես, երկրի ներսում զսպումը պետք է ներառի միջոցներ առաջիկայում ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությանը հակազդելու համար: Մշակվել են (բայց դեռ հաստատված չեն) ընտրական և կիբեռանվտանգության համակարգի տասնյակ մասշտաբային և սահմանափակ բարեփոխումներ: Բայդենի վարչակազմը պետք է աշխատի Կոնգրեսի հետ այդ բարեփոխումները ընդունելու և իրականացնելու համար՝ սկսած DETER ակտից՝ ընտրությունները թշնամական տրոլներից պաշտպանելու համար, ինչը ավտոմատ կերպով կհանգեցնի նոր տնտեսական պատժամիջոցների կիրառմանը ռեժիմների նկատմամբ, որոնք մերկացվել են ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ:

Ռուսաստանի զսպումն արտերկրում

Արտերկրում զսպելը սկսվում է ահաբեկման քաղաքականությունից: 2014 թվականից ի վեր, ինչ Պուտինը բռնակցեց Ղրիմը և միջամտեց Ուկրաինայի արևելքում ծագած կոնֆլիկտին, ՆԱՏՕ-ի անդամները պարտավորվել են ՀՆԱ-ի 2%-ի չափով ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը, լրացուցիչ զորքեր տեղակայել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում ու լրացուցիչ միջոցներ հատկացնել կիբեռհարձակումներին և ապատեղեկատվական գործողություններին դիմակայելու համար: Բացի դրանից՝ Միացյալ Նահանգները նախաձեռնել է բազմամիլիարդանոց նախագիծ Եվրոպայում իր ռազմական ներկայությունը մեծացնելու համար և նպաստել է ՆԱՏՕ-ի մարտական պատրաստականությունը խթանելուն, ինչը թույլ է տվել Դաշինքին 30 օրվա ընթացքում մոտ 300 000 զորք, 30 ռազմանավ և 30 օդային էսկադրիլիա տեղափոխել արևելյան անդամ երկրներ:

Դրանք լավ նախաձեռնություններ են, բայց բավարար չեն: Ռուսական հարձակումը հետ մղելու համար դաշինքին անհրաժեշտ են ավելի հզոր սովորական ցամաքային զորքեր՝ հատկապես նրա խոցելի՝ հարավային թևում: Բացի դրանից՝ դաշինքը պետք է բարձրացնի զորքերի շարժունակությունը երկրների միջև և չեզոքացնի անդամ պետությունների, մասնավորապես Հունգարիայի, Թուրքիայի և այլ դաշնակիցների միջև աճող քաղաքական տարաձայնությունները: ՆԱՏՕ-ն պետք է նաև վերահաստատի իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին. նա պետք է հաստատի կառավարման նվազագույն չափանիշներ, որոնք պետք է պահպանեն անդամ պետությունները, և եթե չպահպանեն, նրանց անդամակցությունը կարող է կասեցվել:

Այս գործողություններն իրականացնելու համար Միացյալ Նահանգները պետք է թարմացնի դաշինքի ղեկավարությունը: Բայդենը պետք է հասկացնի, որ Միացյալ Նահանգները նորից պատրաստ է պաշտպանել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին և համագործակցում է դաշնակից երկրների ղեկավարների հետ` բարելավելու համար զորքերի մարտական ​​պատրաստվածությունը: Նա պետք է շարունակի համոզել ՆԱՏՕ-ի անդամներին՝ կատարելու 2%-ի չափով պաշտպանական ծախսերի՝ իրենց ստանձնած պարտավորությունները և դաշինքի հավաքական ռեսուրսներից ավելի շատ միջոցներ հատկացնել զորքերի շարժունակության և տրանսպորտային հնարավորությունների ավելացմանը: Նրա վարչակազմը պետք է պնդի, որ հարկավոր է նորացնել դաշինքի կողմից ռազմածովային ուժերի օգտագործման ռազմավարական հայեցակարգը. դաշինքին անհրաժեշտ է նոր զինտեխնիկա, այդ թվում՝ հակասուզանավային տեխնոլոգիայով պարեկային նավեր, միջուկային ու սովորական սուզանավեր և պարեկային ինքնաթիռներ:

Վերահաստատելով ՆԱՏՕ-ի առջև ստանձնած իր պարտավորությունները կատարելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը` Բայդենը պետք է ընդգծի, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, որը երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա, և որ նման հարձակումը խելագարություն կլիներ: ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ուժեղացումը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի զինված ուժերի համար միայն այն դեպքում, եթե նրանք հարձակվեն ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա: Ավելին, Եվրոպայում խաղաղություն պահպանելու լավագույն միջոցը Պուտինին հասկացնելն է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ ռազմական ագրեսիան թանկ է նստելու:

Բայդենի վարչակազմը պետք է նաև հակազդի Ռուսաստանի ագրեսիային ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող գործընկերների դեմ: Իսկ Պուտինին զսպելու պայքարում Ուկրաինայից ավելի հարմար «պատերազմի թատերաբեմ» չկա: Ապահով, բարեկեցիկ և ժողովրդավարական Ուկրաինայի կառուցումը, նույնիսկ եթե երկրի մի մասը մնա ռուսական օկուպացիայի տակ, Եվրոպայում Մոսկվայի գաղափարական և ռազմական ագրեսիային դիմակայելու լավագույն միջոցն է: Հաջողակ, ժողովրդավարական Ուկրաինան լավատեսություն կներշնչի, ինչը կնպաստի Ռուսաստանում և հետխորհրդային տարածքի այլ երկրներում նոր ժողովրդավարական հնարավորությունների առաջացմանը: Նույն կերպ էլ Ուկրաինայում ձախողված ժողովրդավարությունն ու տնտեսությունը կծառայեն որպես հաստատում Պուտինի հռետորաբանության՝ իբր Միացյալ Նահանգների կողմից հովանավորվող հեղափոխությունների ապարդյունության մասին: Ուստի Բայդենի վարչակազմը պետք է ավելացնի ԱՄՆ-ի ռազմական, քաղաքական և տնտեսական աջակցությունը Ուկրաինային՝ օգնելու համար նրան հաջողությամբ շարունակելու իր կասեցված բարեփոխումները:

Թրամփը իրապես վնաս է հասցրել ԱՄՆ-Ուկրաինա հարաբերություններին: Նրա վարչակազմը միանգամայն արդարացիորեն օգնություն ցուցաբերեց ուկրաինական զինված ուժերին մահաբեր զենքի մատակարարմամբ, ակտիվացրեց ԱՄՆ աշխատանքը մարտական պատրաստության հարցում և ավելացրեց օգնությունը Կիևին: Բայց, ինչպես աշխարհն իմացավ Թրամփի իմպիչմենթի (առաջին) լսումների ժամանակ, նա զրոյացրեց այդ ձեռքբերումները՝ փորձելով օգտագործել ամերիկյան օգնությունը 2020-ին վերընտրվելու պայքարում: Թրամփի նախագահության տարիներին Ուկրաինայի տնտեսական և քաղաքական բարեփոխումների օրակարգի իրականացումը դանդաղ էր ընթանում, և մեծանում էր խոշոր բիզնեսի կոնգլոմերատների քաղաքական ազդեցությունը: Բայդենի նոր դարաշրջանում ԱՄՆ դաշնային գործակալությունները, Կոնգրեսը, բիզնեսը և ոչ կառավարական կազմակերպությունները պետք է ավելի ակտիվորեն համագործակցեն Ուկրաինայի կառավարության և հասարակության հետ` ժողովրդավարական և շուկայական բարեփոխումները խթանելու համար:

Միևնույն ժամանակ, Բայդենի վարչակազմը պետք է պահպանի, եթե ոչ խստացնի, Մոսկվայի դեմ գործող տնտեսական պատժամիջոցների ռեժիմը: Նախագահ Բարաք Օբաման սերտորեն համագործակցել է դաշնակիցների և գործընկերների հետ` կյանքի կոչելու համար Ռուսաստանի դեմ երբևէ սահմանված պատժամիջոցների առավելագույն փաթեթը` որպես պատիժ Ղրիմի բռնակցման և Ուկրաինայում ռազմական միջամտության համար: Քանի դեռ Պուտինը շարունակում է օկուպացիայի տակ պահել ուկրաինական տարածքը, պատժամիջոցներն անհրաժեշտ է էլ ավելի խստացնել: Բայդենի թիմը պետք է առնվազն պահպանի ներկայիս պատժամիջոցները, քանի որ Եվրոպայում հոգնածությունն ավելանում է: Այս պատժամիջոցների վերացումը, նախքան Պուտինը կփոխի իր կուրսը Ուկրաինայի հանդեպ, սարսափելի ազդանշան կդառնա:

Բայդենի վարչակազմը պետք է նաև փորձի աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի հետ սահմանակից մյուս երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Մոլդովային և Ուզբեկստանին: Նրանք բոլորն էլ արժանի են դիվանագիտական ​​կապերի մակարդակի բարձրացման: Բայդենը պետք է հանդիպի Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի հետ` հասկացնելու համար, որ Միացյալ Նահանգները չեն կարգավորելու հարաբերությունները նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ինչպես դա բազմիցս արվել է նախկինում: Վերջին տարիներին տարածաշրջանում ազատության բուռն պաշտպան է դարձել Լիտվան. Բայդենը պետք է խրախուսի Վիլնյուսին՝ երկրում դեսպան նշանակելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյայի, որը ունի մարդու իրավունքների խթանման փորձ:

Գործերով հայտարարություններին օժանդակելը

Պուտինը պնդում էր, թե լիբերալիզմը հնացել է, և Բայդենի վարչակազմը պետք է ապացուցի, որ դա սխալ է՝ նախ և առաջ վերականգնելով ամերիկյան ժողովրդավարությունը տանը: Միևնույն ժամանակ, նախագահը պետք է կատարի իր նախընտրական խոստումը` բարձրացնել արժեքների դերը ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես՝ Ռուսաստանի նկատմամբ՝ քննադատելով հակաժողովրդավարական ​​գործողությունները և մարդու իրավունքների ոտնահարումները, ինչպես նաև ամրագրելով այս բառերը գործողություններով: Բայդենի վարչակազմը պետք է պատժամիջոցներ կիրառի նրանց նկատմամբ, ովքեր անցյալ տարի թունավորեցին Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին (և այժմ անարդարացիորեն ձերբակալեցին նրան Ռուսաստան վերադառնալուն պես), ինչպես նաև նրանց, ովքեր Բելառուսում շարունակում են հետապնդել խաղաղ ցուցարարներին: Բայդենը պետք է պատժի ոչ միայն նրանց, ովքեր իրականացնում են մարդու իրավունքների այս ոտնահարումները, այլ նաև այն տնտեսական դերակատարներին, ովքեր աջակցում են այդ հանցավոր գործողություններին և դրանից շահույթ ստանում: Մի քանի շարքային գնդապետների կամ դատավորների պատժելու համար Մագնիտսկու ակտի կիրառումը հենց այն է, ինչ ակնկալում են Պուտինն ու Լուկաշենկոն: Բայդենը պետք է դիմի անսպասելի քայլին և պատժամիջոցներ կիրառի իրական իշխանություն ունեցողների նկատմամբ:

Բայդենի վարչակազմը նաև պետք է վերակազմավորի ԱՄՆ կառավարությունը` ազատական ​​ժողովրդավարական արժեքներն առավել արդյունավետորեն խթանելու համար: Այն պետք է ինտեգրի Պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և արդյունաբերական կապերի բյուրոն միջազգային և ներքին գործերի գրասենյակին՝ համապատասխանեցնելու համար ամերիկյան արժեքները և ռազմավարական հաղորդակցությունը: Պետքարտուղարի տեղակալը, որը պատասխանատու է այդ ուղղությամբ աշխատանքների համար, պետք է դրվի հակաամերիկյան ապատեղեկատվությունը (ներառյալ Ռուսաստանից եկող) բացահայտելու, զսպելու և դանդաղեցնելու գործառույթ:

 

Բայդենի վարչակազմը պետք է բարեփոխի Միացյալ Նահանգների Գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը (USAGM), որը լուրջ վնասներ է կրել Թրամփի տարիներին: Վաշինգտոնը չպետք է պատասխանի ռուսական քարոզչությանը ամերիկյան քարոզչությամբ: Փոխարենը, պետք է փորձի ապատեղեկատվությանը հակազդել Ռուսաստանում, Ուկրաինայում և տարածաշրջանի այլ երկրներում վստահելի լրագրողների իրական ռեպորտաժներով։ Այդ նպատակով «Ազատ Եվրոպա»/«Ազատություն» ռադիոկայանը պետք է հանվի USAGM-ի կազմից և դառնա անկախ կազմակերպություն, որը դեռ ֆինանսավորվում է Կոնգրեսի կողմից, բայց ունի իր սեփական կառավարման մարմինն ու ավելի ամուր ցանցային պաշտպանություն, որը նրան բաժանում է դաշնային կառավարությունից: Վաշինգտոնը պետք է մշակի նոր ծրագրեր ու մոտեցումներ Ռուսաստանում և հարակից տարածաշրջանում անկախ լրագրությանն ու հակակոռուպցիոն գործողություններին աջակցելու համար: Միացյալ Նահանգների կողմից ռուսական ԶԼՄ-ների ուղղակի ֆինանսավորումը կարող է վարկաբեկել դրանք: Դրա փոխարեն Միացյալ Նահանգները պետք է կենտրոնանա ամերիկյան և եվրոպական համալսարաններում կարճաժամկետ ուսման հնարավորությունների, մեկամյա հետազոտական ​​ծրագրերի և արևմտյան լրատվական ընկերություններում պրակտիկայի վրա: Կրթությունն ու տեղեկատվության ազատ հոսքը ամենաարդյունավետ զենքն են, որն ԱՄՆ-ն ունի ռուսական քարոզչության դեմ պայքարում:

Բայդենի վարչակազմը պետք է խրախուսի, որ ամերիկյան սոցիալական լրատվամիջոցների պլատֆորմները թուլացնեն շեշտադրումը կամ գոնե ավելի շատ տեղեկատվություն տրամադրեն Կրեմլի կողմից աջակցվող բովանդակության վերաբերյալ: YouTube, Google և Bing որոնողական համակարգերում բովանդակության դասակարգման և կազմակերպման համար օգտագործվող ալգորիթմները պետք է ճշգրտվեն՝ իջեցնելով Ռուսաստանի կողմից իր քարոզչական ալիքներով տարածվող տեղեկատվության վարկանիշը: Երբ որոնման արդյունքներում հայտնվում է նման բովանդակություն, ընկերությունները պետք է այն զուգակցեն նմանատիպ բովանդակության հետ, որը տրամադրում են ավելի հուսալի լրատվական կազմակերպություններ: Ամեն անգամ, երբ հայտնվում է RT հոդված կամ տեսանյութ, դրա կողքին պետք է հայտնվի BBC-ի կողմից հրապարակված նյութ: Բայդենի վարչակազմը պետք է աշխատի աշխարհի այլ ժողովրդավարական պետություններին զուգահեռ` մշակելու համար օրենքների և արձանագրությունների ընդհանուր փաթեթ Ռուսաստանի պետական ​​լրատվամիջոցների, այդ թվում` բոտերի և տրոլների կարգավորման համար:

Ընտրովի փոխազդեցություն

Նույնիսկ երբ Վաշինգտոնը զբաղվում է երկրի ներսում և արտերկրում Ռուսաստանի ազդեցությունը զսպելով, նա պետք է փորձի համագործակցել Կրեմլի հետ մի շարք հարցերի շուրջ փոխշահավետ հիմքերով, ինչպես դա անում էր սառը պատերազմի ժամանակ: Գրեթե անմիջապես Բայդենի վարչակազմը պետք է սկսի գործակցել Պուտինի հետ Նոր START-ը հինգ տարով երկարացնելու համար: Այս պայմանագիրը ոչ միայն կանխելու է սպառազինությունների անհարկի մրցավազքը Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, այլ նաև միջոցներ է ձեռնարկելու պայմանագրի պայմանների կատարումը վերահսկելու համար, որի շնորհիվ հնարավոր կլինի արժեքավոր տեղեկություններ ստանալ ռուսական միջուկային զենքի և դրա արդիականացման մասին: Պայմանագրի սահմանափակումները հատկապես ձեռնտու են Միացյալ Նահանգներին, քանի որ Մոսկվան մեծ ներդրումներ է կատարում միջուկային զենքի մշակման մեջ, իսկ Վաշինգտոնը՝ ոչ: Թրամփն առաջարկել էր Չինաստանին ներգրավել այս բանակցություններում: Բայդենը չպետք է նման նպատակ ունենա: Փոխարենը, նրա վարչակազմը նախ պետք է ձգտի START 3-ը հինգ տարով երկարացնելու համար երկխոսել Ռուսաստանի հետ, ապա Չինաստանի, Ռուսաստանի և հնարավոր է՝ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի հետ բանակցություններ սկսել ապագա բազմակողմ պայմանագրի շուրջ, որը կսահմանափակի միջուկային զենքի տարածումը: Այլ կերպ ասած՝ այս երկու գործողությունները պետք է իրականացվեն ոչ թե միաժամանակ, այլ մեկը մյուսի հետևից:

START-3-ի երկարաձգումից հետո Բայդենի վարչակազմը պետք է փորձի լայն երկխոսություն սկսել Մոսկվայի հետ ոչ ռազմավարական միջուկային զենքի, գերձայնային զենքի, առաքման նոր համակարգերի և տիեզերական զենքի հնարավոր սահմանափակումների վերաբերյալ: Պուտինը, ամենայն հավանականությամբ, չի ընդունի նման բանակցություններ վարելու Բայդենի առաջարկը, բայց աշխարհը պետք է իմանա, որ ոչ թե Վաշինգտոնը, այլ Մոսկվան հրաժարվեց դրանք անցկացնելուց: Բանակցությունների առանձին փուլում ԱՄՆ-ի և Ռուսաստանի կիբեռանվտանգության փորձագետները պետք է փորձեն համաձայնության գալ այն հարցում, թե որ օբյեկտները կարող են լինել կամ չլինել հարձակման օրինական թիրախ: Օրինակ՝ ռուս և ամերիկացի հակերների համար պետք է անհասանելի լինեն այնպիսի օբյեկտներ, ինչպիսիք են միջուկային զենքի համակարգերը և ենթակառուցվածքները: Բայց այստեղ նույնպես պետք չէ պատրանքներ ունենալ այս ճակատում առաջընթացի հավանականության վերաբերյալ, բայց բանակցություններ առաջարկելով՝ Բայդենի թիմը ոչինչ չի կորցնի:

ԱՄՆ-ն նաև պետք է փորձի համագործակցել Ռուսաստանի հետ մի շարք ընդհանուր միջազգային հարցերի շուրջ, ինչպիսիք են համաճարակը, կլիմայի փոփոխությունը և միջուկային զենքի չտարածումը: Միևնույն ժամանակ, նա պետք է զսպի Ռուսաստանի անօրինական գործողությունները միջազգային այլ կազմակերպությունների, առաջին հերթին՝ Ինտերպոլի շրջանակներում:

Ընդհանուր առմամբ, Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է ձգտեն ավելի կանոնավոր կապեր հաստատել իրենց ռուս գործընկերների հետ` նվազեցնելու համար թերհասկացման և թյուրիմացությունների ռիսկը: Չնայած Պուտինի հասցեին Թրամփի շռայլած գովեստներին՝ վերջին չորս տարվա ընթացքում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փաստացի դիվանագիտական ​​շփումները զգալիորեն նվազել են: Բարձր մակարդակի շփումներ հազվադեպ էին լինում: Կուբայական հրթիռային ճգնաժամից հետո ամերիկյան և խորհրդային ղեկավարությունները մշակեցին ճգնաժամերի կառավարման և կանխարգելման մի քանի մեխանիզմներ` ավելորդ սրացումից խուսափելու և սխալ պատկերացումները նվազեցնելու համար: Հաջորդ չորս տասնամյակների ընթացքում բախումների վատագույն ձևից՝ տոտալ պատերազմից, հաջողվեց խուսափել: Ցավոք, նվազագույն այս նպատակը պետք է լինի նաև Բայդենի նոր վարչակազմի օրակարգում: Վաշինգտոնն ու Մոսկվան որքան էլ բանակցեն, կշարունակեն ունենալ տարբեր կարծիքներ, մրցակցություն և հակասություններ շատ հարցերի շուրջ: Բայց թյուրիմացությունը երբեք չպետք է դառնա զինված բախման սկզբնաղբյուր:

 

Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում