«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։
– ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Իրան, որտեղ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկվելու: Կարո՞ղ ենք արձանագրել, որ պատերազմից հետո Հայաստանն Իրանի հետ հարաբերություններում սկսել է ակտիվություն ցուցաբերել:
– Ակտիվություն, իհարկե, նկատվում է, բայց պետք է սպասենք դրա արդյունքներին: Ես կարծում եմ, որ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Իրանն է սկսել ակտիվություն ցուցաբերել: Վերջին ելույթները, քայլերը, որ եղան տարբեր կողմերից, այդ թվում՝ պետական մակարդակով, ցույց են տալիս, որ կարող ենք ունենալ լավ նորությունների ակնկալիքներ:
– Ընդհանրապես ի՞նչ կարելի է ակնկալել այս ակտիվությունից, որովհետև մենք տեսնում ենք նաև Իրան-Ադրբեջան հարաբերությունների խորացում նաև տնտեսական ոլորտում: Հայաստանն այս պայմաններում ի՞նչ քայլեր պետք է անի:
– Այդքան էլ պետք չէ այս փուլում իրարից տարանջատել տնտեսական ու քաղաքական հարաբերությունները: Եթե սրանից առաջ, վերջին 30 տարիներին Իրան-Հայաստան հարաբերությունները քաղաքական առումով միշտ էլ եղել են բարիդրացիական, նույնը չի դրսևորվել տնտեսական ասպարեզում: Բայց այսօր, կարծես թե, երկու կողմերն էլ զգացել են, որ նույն քաղաքական հարաբերություններն ամրացնելու և տարածաշրջանում ճիշտ քաղաքական դրսևորում ունենալու առումով պետք է տնտեսական հարաբերությունները ևս հնարավորինս ընդլայնել ու ընդարձակել: Մանավանդ գիտեք, որ Իրանն արդեն ԵԱՏՄ-ի հետ սերտ հարաբերություններ է հաստատել և փորձում է իր անդամության պրոցեսն ավելի առաջ տանել, իսկ ԵԱՏՄ առաջին երկիրը, որի հետ Իրանը սահմանակից է՝ Հայաստանն է: Ինքնաբերաբար, Հայաստանը կարող է ճիշտ օգտվելով այդ հնարավորությունից ավելի ընդարձակել իր հարաբերություններն Իրանի հետ: Իրանն էլ փոխադարձաբար կարող է այդ ճանապարհով օգտակար լիներ և՛ Հայաստանին, և՛ Իրանին, և՛ Իրան-ԵԱՏՄ հարաբերություններին: Առաջին մեկ տարվա ընթացքում թեև քիչ, բայց աճ արձանագրվել է Իրան-ԵԱՏՄ տնտեսական հարաբերություններում: Ապրանքաշրջանառությունն աճել է 8 տոկոսի չափով՝ հասցվելով 1,3 մլրդ դոլարի: Ստացվում է, որ այդ ցուցանիշը դեռ շատ է բարձրանալու, իսկ Հայաստանը կարող է կամրջի դեր խաղալ Իրանի և ԵԱՏՄ-ի միջև, ինչը հնարավորություն կտա թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման համար, թե՛ քաղաքական առումով՝ որպես տարանցիկ երկիր Հայաստանի քաղաքական դերակատարության բարձրացման համար: Վերջին հաշվով, եթե կան այլընտրանքներ, ինքնաբերաբար, տնտեսական այլընտրանքը հնարավորություն է տալիս քաղաքական ասպարեզում ևս ավելի լավ դիրքեր ունենալ: Սա շատ կարևոր է:
– Պատերազմից հետո Իրանը վերանայե՞լ է իր հարաբերությունները Հայաստանի հետ, որովհետև երբեմն մենք Ադրբեջանում Իրանի դեսպանի մակարդակով տեսնում ենք շատ ադրբեջանամետ դիրքորոշումներ: Այս առումով մենք ի՞նչ անելիքներ ունենք:
– Դժբախտաբար, նախքան Իրանից Բաքու մեկնելը, դեսպանն արդեն իսկ որոշակի ադրբեջանամետ ելույթներ ունեցավ, և դա ոչ մի լավ բանի մասին չէր խոսում ոչ միայն հայկական շահերի տեսանկյունից, այլ նաև Իրանի, որովհետև, վերջին հաշվով, այսօր արդեն մենք դրա հետևանքը տեսնում ենք: Տեսեք, Ալիևը հայտարարում է, որ Շուշիում հայերը մզկիթը պղծել են, վերափոխել իրանական են դարձրել, այսինքն՝ ուղղակիորեն կեղծելով պատմական փաստերը, Շուշիի մզկիթը, որ փաստագրված է որպես իրանական, ադրբեջանական անվանելով՝ ուղղակիորեն ոտքի տակ է տալիս Իրանին: Մանավանդ որ Ադրբեջանի վերաբերմունքը թեև առերես դրական է Իրանի նկատմամբ, բայց չմոռանանք, որ հենց նույն Ադրբեջանում Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ պահանջներ են ներկայացվում, բարձրաձայնում են այսպես կոչված Հարավային Ադրբեջանի մասին: Իրանը դա հանդուրժել չի կարող և պետք է դիրքորոշվի, դա երևի ժամանակի հարց է: Թուրքերը սկսել են իրենց աշխուժությունը տարածաշրջանում, այդ թվում՝ Ադրբեջանի մասնակցությամբ: Դրան ինչ-որ ձևով պետք է հակազդի Իրանը: Դա միայն քաղաքական ասպարեզում չի: Իրանը գիտակցում է, որ Հայաստանի ներկայությունը տարածաշրջանում իր համար միայն օգտավետ է, Հայաստանը Իրանի համար հզոր բարեկամ է նշանակում, ինչը փոխադարձ է: Այս հիմքի վրա պետք է տեղի ունենա երկկողմ տնտեսական հարաբերությունների հզորացում, և հույս ունենք, որ հնարավորինս շուտ այդ հարաբերությունները կխորանան ու կզարգանան: