
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին խորհրդարանի ամբիոնից առաջարկել է ընդդիմությանը հուշագիր ստորագրել արտահերթ ընտրության վերաբերյալ: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, թե արտահերթ ընտրության ընդդիմության պահանջի բացակայության դեպքում իշխանությունն ինչո՞ւ պետք է գնա այդ ընտրությանը: Պարզ չէ՝ Նիկոլ Փաշինյանը հրաժարվո՞ւմ է արտահերթ ընտրությունից, եթե չի ձևավորվում, այսպես ասած, հուշագրային պայմանավորվածություն:
Քաղաքական տրամաբանության տեսանկյունից ակնառու է, որ նա փորձում է այդ հարցում օգտագործել արմատական ընդդիմության դիրքային թուլությունը և կիրառել, այսպես ասած, պրեսինգ: Սակայն, զուտ ներքաղաքական հաշվարկներից զատ, Հայաստանում արտահերթ ընտրության խնդիրն ունի հանրային և պետական էական նշանակություն: Արտահերթ ընտրության անհրաժեշտությունը դիտարկվում է այն պարզ իրողությամբ, որ Հայաստանը ինչ-որ հերթական ներքաղաքական շրջափուլում չէ, այլ արտակարգ իրադրությունում, որը պատերազմի ողբերգական պարտության հետևանք է: Այո, այդ պարտությունը միայն ներկայիս իշխանության պարտությունը չէ, և ավելին, այդ պարտությունը խորքային և համապարփակ իմաստով թերևս ավելի շատ Հայաստանի նախորդ կառավարող համակարգի պարտությունն է, որի բեռի տակ մնալուց չկարողացավ խուսափել հեղափոխական ճանապարհով իշխանության եկած Փաշինյանը:
Այստեղ կարող են լինել ամենատարբեր կարծիքներ ու գնահատականներ, սակայն անհնարին է վիճել մի հարցի՝ Հայաստանում ձևավորված արտակարգ իրավիճակի հետ: Հետևաբար այդ արտակարգ իրավիճակը պահանջում է, այսպես ասած, ռեստարտ: Այն ռեստարտը կամ զրոյից, մաքուր էջից սկսելու այն հանգամանքը, որի մասին անցնող օրերին նաև ինքը՝ Փաշինյանն է խոսել: Մինչդեռ հնարավոր չէ խոսել առանձին վերցրած պետական կառավարման համակարգի ռեստարտի կամ զրոյից սկսելու մասին, հենց այն պարզ պատճառով, որ մենք արտակարգ իրավիճակում ենք, ոչ թե ներքաղաքական հերթական փուլում: Դա է արտահերթ ընտրության գնալու անհրաժեշտության չափելի մեկնակետը՝ հանրային, պետական կյանքի հոգեբանական, տնտեսաքաղաքական վերականգնում:
Հայաստանում արմատական 17-ի ձևաչափն ու իշխանությունը չեն միայն, որքան էլ գուցե երկու ուժն էլ վերստին փորձում են ստանալ այդպիսի պատկեր և «պահել զմիմյանս»: Հայաստանը չի կարող պատերազմից հետո էլ թաղված մնալ «սև-սպիտակի» տրամաբանությամբ ներքաղաքական ճահճում, ինչպես պատերազմից առաջ էր: Հայաստանի հանրային ու պետական կյանքը ունի տարբեր գույներ, և պետք է ապահովել այդ գույների դրսևորման միջավայր, իսկ արտահերթ ընտրության գործընթացը պետք է լինի այդ միջավայրի ապահովման ճանապարհային քարտեզի տրամաբանական հանգրվանը:
Միևնույն ժամանակ, անշուշտ շատ կարևոր է, որպեսզի հասարակական-քաղաքական կյանքի մյուս մասնակիցներն էլ դրսևորեն այդ հարցում փոխզիջումային համաձայնության հասնելու կամք և կարողություն՝ զերծ մնալով վերջնագրային տրամաբանությամբ դիրքորոշումներից և փակուղի ստեղծելու հեռանկարից:
Ի վերջո, եթե անգամ պատերազմի պարտության հարցում չի ստացվել պատասխանատվությունը ամբողջությամբ բարդել մեկ անձի կամ ուժի վրա, որովհետև հանրությունը հիանալի է պատկերացնում իր իսկ կյանքը վերջին երեք տասնամյակում՝ հաղթանակներով ու պարտությամբ և դրանց համար պատասխանատուների շրջանակով հանդերձ, ապա առավել ևս հնարավոր չէ զբաղվել մանիպուլյացիաներով և ներքաղաքական փակուղի ստեղծելու վրա խաղալ՝ ակնկալելով, թե կհաջողվի հանրության մոտ դրա պատասխանատվությունը թողնել մեկ անձի կամ ուժի վրա:
Լուսանկարը՝ Armeniasputnik-ի