«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
– Պարոն Գրիգորյան, ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը երդմամբ ստանձնեց իր պարտավորությունները։ Ի՞նչ ակնկալիքներ մենք պետք է ունենանք, արդյոք կտեսնե՞նք ամերիկյան քաղաքականության ակտիվացում Հարավային Կովկասում։
– Կարծում եմ՝ Միացյալ Նահանգներն ավելի ակտիվ կզբաղվի Հարավային Կովկասով։ Պատճառները շատ են, բայց գլխավորն այն է, որ Բայդենը իզոլացիոնիստ չէ, ինչպիսին որ Թրամփն էր։ Նա դասական իզոլացիոնիստ էր, ասում էր՝ Ամերիկա և վերջ, ԱՄՆ-ից այն կողմ որևէ արժեք չկա։ Եթե հիշում եք՝ Թրամփը դուրս էր եկել մի քանի խոշոր միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ԱՀԿ-ից, Փարիզի կլիմայի համաձայնագրից։ Բայդենը միանշանակ կվերադառնա միջազգային այդ կառույցներին։ Արդեն իսկ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագրին։ Բայդենն աշխարհում ավելի ակտիվ կաշխատի։ Թրամփը դուրս էր բերում զորքերը Իրաքից, Աֆղանստանից, իսկ Բայդենը Միացյալ Նահանգների ավելի ուժեղ ներկայություն կապահովի։ Բայդենն ուզում է աշխատել աշխարհի հետ, ու դա կտարածվի նաև Հարավային Կովկասի վրա։
Երկրորդ՝ միանշանակ է, որ Բայդենը կոնկրետ Ղարաբաղի հարցով ունի դիրքորոշում՝ այն իմաստով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հակամարտության կարգավորման միակ ձևաչափն է, ու պետք է հենց այդ շրջանակներում քննարկվի Արցախի կարգավիճակի հարցը։ Այդ մասին խոսվում էր նաև Թրամփի ժամանակաշրջանում, բայց այն, որ հիմա Միացյալ Նահանգներն ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն է վարելու՝ միանշանակ է։
– Հնարավո՞ր է Բայդենի վարչակազմը չընդունի Ռուսաստանի ջանքերով ձեռք բերված պայմանավորվածությունը, ռուսական կարգավորման մենիշխանությունը։
– Միանշանակ չի ընդունի, ու այստեղ երկու ասպեկտ կա։ Առաջինը՝ իրենք հստակ բարձրացնում են կարգավիճակի հարցը ու դեմ են Ռուսաստանի այն մոտեցմանը, թե այդ հարցն ավելի ուշ պետք է քննարկվի։ Եվ երկրորդ ամենակարևոր հարցը՝ իրենք կտրուկ կասեն, որ խաղաղապահները չեն կարող լինել միայն ռուսական։ Իրենք կպնդեն, որ տարածաշրջան բերվեն նաև այլ երկրների խաղաղապահներ։ Ընդհանրապես՝ Ամերիկան դեմ էր, որ համանախագահող երկրից խաղաղապահ բերվի, բայց նվազագույնը, որ հիմա կանի՝ այն է, որ այդ կոնտինգենտը լինի միջազգային և ոչ միայն ռուսական։
– Մեր անելիքները որո՞նք պետք է լինեն։ Կարծում եք նոյեմբերի 9-ի հայտնի համաձայնագրից հետո մենք դեռ հնարավորություն ունե՞նք դիվերսիֆիկացնելու մեր արտաքին քաղաքականությունը ու ակտիվ աշխատանք տանելու նաև Միացյալ Նահանգների հետ։
– Մենք ունենք հնարավորություն աշխատելու Միացյալ Նահանգների հետ։ Ոչ ոք մեր անկախությունը մեզանից դեռ չի խլել։ Ամեն ինչ կախված է մեզանից։ Եթե սահմանափակենք՝ ինքներս մեզ կսահմանափակենք, եթե ընդլայնենք մեր հնարավորությունը՝ էլի մենք պետք է դա անենք։ Ես կարծում եմ, որ նաև Ղարաբաղի կոնտեքստով պետք է ցույց տանք, որ ինքնիշխան պետություն ենք։ Օրինակ՝ պետք է դիմենք աշխարհի բոլոր երկրներին և առաջին հերթին ժողովրդավարական երկրներին՝ գերիների հարցը լուծելու համար։ Չպետք է թողնենք հարցը միայն Ռուսաստանի տիրույթում։ Կարգավիճակի հարցն էլ պետք է քննարկենք Մինսկի խմբի մյուս երկու համանախագահող պետությունների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ։ Այդ երկրների հետ լուրջ աշխատանք պետք է իրականացնենք, ու այդ ֆորմատը պետք է անպայման վերականգնի իր աշխատանքները։ Շատ բան կախված է մեզանից։ Շատ հաճախ մեր չուզենալը, չկարողանալը բարդում ենք ուրիշների վրա։ Իբրև թե մեզ ճնշում են, չեն թողնում, բայց ոչ ոք այդպիսի բան չի անում։ Պետք է հստակ դրվի Ղարաբաղի դեօկուպացիայի հարցը, Շուշին ու Հադրութը պետք է վերադարձվեն հայերին։ Այդ ջանքերը պետք է դնել՝ աշխատելով ոչ միայն Ռուսաստանի, այլև համանախագահող մյուս երկրների հետ։ Իսկ հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների հարցը, պետք է բարձրացնել միջազգային բոլոր ատյաններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ։ Մենք պետք է արշավ սկսենք Ադրբեջանի՝ որպես հանցագործ պետության դեմ։ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություններ, շարունակում է դրանք անել, դու պետք է դրա դեմ քայլեր իրականացնես։ Քանի որ Ռուսաստանի դիրքորոշումը շատ միակողմանի պրոադրբեջանական է, նույնիսկ ես համոզված չեմ, որ Թուրքիան ավելի պրոադրբեջանական է, դա է պատճառը, որ մենք պետք է աշխատենք միջազգային հանրության հետ։ Այս պայմաններում Ռուսաստանն էլ ստիպված կլինի փոխել իր միակողմանի պրոադրբեջանական քաղաքականությունը։