
Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ընդունել է Երկրապահ կամավորականների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկներին միավորող հասարակական կազմակերպության հետ պաշտպանական գերատեսչության առաջիկա ծրագրերին ու փոխգործակցությանը, բանակ-հասարակություն կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը վստահություն է հայտնել, որ երկրապահներն այսուհետ ևս կշարունակեն իրենց նշանակալի ավանդն ունենալ հայրենիքի պաշտպանությանն առնչվող, ինչպես նաև երիտասարդության հայրենասիրական դաստիարակության գործում:
«Առաջին լրատվական»-ը մի քանի հարց ուղղեց հանդիպմանը մասնակցած ԵԿՄ վարչության անդամ Հակոբ Հակոբյանին։
– Պարոն Հակոբյան, բացի հաղորդագրության մեջ նշվածից, ուրիշ ի՞նչ հարցեր են քննարկվել։
– Հիմնականում քննարկվել է երկրապահի հետ կապված խնդիրները։ Քննարկվել են կամավորների հերթափոխերի, կամավոր տղաների պարգևատրումների, զոհվածների ընտանիքների հետ կապված հարցեր։
– Պատերազմից հետո էականորեն նվազել է բանակի նկատմամբ վստահությունը, ծնողները թույլ չեն տալիս իրենց երեխաներին տանել Արցախ։ Բանակի նկատմամբ նախկինում եղած վստահությունը վերականգնելու վերաբերյալ հարցեր քննարկվե՞լ են։
– Չէ, նման հարց չի քննարկվել։ Դա զուտ հոգեբանական պահ է։ Բնական է, պատերազմից, պարտությունից հետո այդպես պետք է լիներ։ Ժողովրդին միշտ ասվել է, որ մեր բանակը տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակն է, բայց պարզվեց, որ ամենահզորը չենք ու պարտվեցինք։ Համենայնդեպս, մենք ոչ մեկին չենք կարող մեղադրել։ Մենք տարածքները կորցրինք պատերազմով, զոհեր ունեցանք ու բնական է, որ ժողովուրդը պետք է հիասթափվեր արդեն բանակից։
– Բայց այս անվստահությունը վերականգնել հնարավո՞ր է։
– Ժամանակ է պահանջվելու դրա համար։ Բայց ես իմանալով նոր պաշտպանության նախարարին, վստահ եմ, որ դա կհաջողվի։ Նոր նախարարը նման չէ մյուսներին, որ եղածի 50 տոկոսը պահի իրեն, իսկ մնացածը նոր տա բանակին։ Նախարարն իր հնարավորություններից ավելին է անելու բանակի համար, բանակի մարտունակությունը, մարտական ոգին բարձրացնելու համար։ Ես նախարարին լավ եմ ճանաչում ու համոզված եմ դրանում։ Ուղղակի ժամանակ է պետք այդ ամենի համար, որ զրոյից սկսի։ Այդքան տեխնիկա, զենք-զինամթերք ենք կորցրել։ Կամաց-կամաց ամեն ինչ կվերականգնվի։ Ու նոր նախարարը դա կանի։ Ես համոզված եմ դրանում, ու ժողովուրդը, բոլորը կտեսնեն դա։
– Պարոն Հակոբյան, տարիներ շարունակ ՀՀ ՊՆ-ի զենքի միակ մատակարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին մեղադրանք է առաջադրվել խոշոր չափերով յուրացման, հափշտակության համար։ Նա անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործով։ Տեղեկություն կա, որ նա պատերազմի ժամանակ խոտանված զինամթերք է մատակարարել բանակին, ինչպես նաև փամփուշտներ է վաճառել Թուրքիային։ Ինչպե՞ս եք գնահատում այս ամենը։
– Այդ խոսակցությունը եղել է և պետք է հիմնավորվի։ Իսկ եթե հիմնավորվի, ապա դա նշանակում է դավաճանություն։ Բայց որ բանակը սպառազինության առումով պատրաստ չէր պատերազմի, դա միանշանակ է։ Դավիթ Տոնոյանը ասում էր՝ պատերազմի դեպքում կմտնենք Բաքու, ասում էր՝ նոր պատերազմ նոր տարածքների դիմաց և այլն։ Այդ նախարարը իմանալով՝ ինքն ինչ ունի, պետք է խոսելուց առաջ մտածեր, տեսներ, թե Ադրբեջանը ինչպես է պատրաստվում։ Այդ նախարարը իմանալով, որ իրենք պատրաստ չեն պատերազմի, գոնե պետք է վարչապետին տեղեկացնեին այդ մասին, համոզեին, որ մենք ի վիճակի չենք պատերազմելու։ Բայց իրենք մինչև վերջին պահն ասում էին՝ պատերազմ նոր տարածքների դիմաց։ Դրա համար էլ եղավ այն, ինչ եղավ։ Բայց եթե մենք ավելի լավ դիրքեր ունենայինք, ապա հաստատ այդքան զոհ չէին տա, ու ամբողջ աշխարհը կտեսներ, թե ինչ կլիներ։ Մենք 44 օր ձգեցինք բացառապես տղաների մարտական ոգու շնորհիվ։ Իսկ եթե ավելի լավ զենքեր, սպառազինություն ունենայինք, ապա նրանք չէին կարող այդքան առաջ գալ։
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ բանակի պատրաստվածության վերաբերյալ վարչապետին ճի՞շտ չեն զեկուցել։ Վարչապետը չի՞ իմացել՝ ինչ վիճակում է մեր բանակը։
– Այո՛, ես հաստատ համոզված եմ, որ իրականությունը վարչապետին չի զեկուցվել։ Ես համոզված եմ, որ եթե վարչապետին ճիշտ զեկուցվեր, թե մեր բանակն ինչ վիճակում է, ինչ տեխնիկա ունենք, ապա վարչապետը կիմանար՝ ինչ աներ։ Ոչ թե կհամոզեին ինքնաթիռներ առնել, չգիտեմ ինչեր անել ու վարչապետին համոզում էին, թե էդ չորս հատ ինքնաթիռով հեսա Թուրքիան էլ ենք գրավելու։ Իսկ եթե դրա փոխարեն ուրիշ գործողություններ արվեին, ապա Ադրբեջանի համար այդքան հեշտ չէր լինի։ Ադրբեջանը հաղթանակ գրանցեց իր օդուժի շնորհիվ, իր ԱԹՍ-ների, «Բայրաքթարների» շնորհիվ։ Դրա համար էլ մեր զինվորները, կամավորները ավտոմատներով ոչինչ չկարողացան անել։ Իսկ սա վարչապետի մեղքը չի։ Նախկինները 20 տարի ոչինչ չեն արել բանակի համար։ Իրենք մտածել են միայն ուտելու մասին, թալանելու մասին։ Հիմա համոզված եմ՝ ամեն ինչ արվում է։ Վաղարշակ Հարությունյանը տրամադրված է և ամեն ինչ անում է, որ հնարավորինս արագ բանակի մարտական ոգին վերականգնվի։
– Բանակը ոտքի կանգնեցնելու, արդիականացնելու, սպառազինություն ձեռք բերելու համար ինչքա՞ն ժամանակ կպահանջվի։
– Եթե փողոցները չխանգարեն, անընդհատ մարդկանց դուխաթափ չանեն, չասեն՝ սա թուրք է, մյուսը դավաճան է, իրենց կեղտերը չբերեն ու չփաթաթեն ուրիշների վրա, ապա ամեն ինչ էլ հեշտ ու արագ կստացվի։ Բայց փողոցում այսօր հավաքվել են նախկին թալանչիները, նրանք իրենց ունեցած միլիարդները դնում են փողոցներ փակելու, ժողովրդին իշխանության դեմ տրամադրելու, դավադրություններ հյուսելու վրա։ Իրենք իրենց միլիարդները դնում են մնացած միլիարդները չկորցնելու համար։ Բայց որ իրենք հասկանային, թե ինչ վտանգ է կախված մեր երկրի գլխին, խանգարելու փոխարեն օգնեին երկրին, ապա ամեն ինչ ավելի շուտ կստացվեր։