
Ռուսաստանը հաստատեց իր դոմինանտ դերը Կովկասում: Այդ միտքը հաճախ է շրջանառվում հայաստանյան հասարակական-քաղաքական դիսկուրսում, երբ խոսվում է արցախյան նոր ստատուս-քվոյի, 44-օրյա պատերազմի, դրա հետևանքների մասին: Ընդ որում, Ռուսաստանի դոմինանտ դերի մասին խոսում են ուժերի ներկայացուցիչներ, որոնք իրենց անվերապահ լոյալությունն են հայտնում Ռուսաստանին: Պատկերացնո՞ւմ են հասարակական-քաղաքական այդ շրջանակները, թե ինչ է այդ խոսքի տողատակում, երբ նրանք արձանագրում են Ռուսաստանի գերակա դերը Կովկասում: Դա նշանակում է, որ Արցախի դեմ պատերազմը եղել է Ռուսաստանի գերակա դերի իրականացում, և գերակա դեր ունեցող Ռուսաստանն է թույլ տվել, կամ անգամ հորդորել Թուրքիային սկսել պատերազմն Արցախի դեմ: Որովհետև, եթե Ռուսաստանն ունի Կովկասում դոմինանտ դեր՝ իրական քաղաքականության ռեժիմում, այլ ոչ հայաստանյան որոշ շրջանակների քարոզչական միֆերում կամ կարծրատիպերում, ապա այդ դոմինանտ դեր ունեցող պետությունն է ի զորու որոշել՝ լինի՞ լայն պատերազմ իր դոմինանտության գոտում, թե՞ ոչ: Առավել ևս, երբ այդ պատերազմում պարտվում է այն պետությունը, որը Ռուսաստանի իբրև թե դոմինանտության գոտում նրա միակ ռազմավարական դաշնակից համարվող պետությունն է: Դա նշանակում է, որ Ռուսաստանն իր դոմինանտության գոտում պարտության է մատնել իր դաշնակցին: Ըստ այդմ, պետք է կողմնորոշվեն նրանք, ովքեր խոսում են ՌԴ դերի մասին կամ, ֆոլկլորային մակարդակով ասած, համարում են, թե Ռուսաստանի դեմ խաղ չկա: Պետք է կողմնորոշվել՝ եթե խաղ չկա, եթե դոմինանտը Մոսկվան է, ուրեմն հենց Մոսկվան է հանձնել Արցախի զգալի մասն Ադրբեջանին:
Սակայն անգամ այդ հանգամանքը հուշում է, որ խոսք չի կարող լինել դոմինանտության մասին: Եթե դոմինանտը իր դոմինանտությունն իրացնելու համար ստիպված է հրապարակավ, այն էլ դաժան պատերազմով հանձնել իր դաշնակցին, ապա դա դոմինանտություն չէ, այլ խայտառակություն:
Իհարկե, նաև հանձնվող դաշնակցի համար, եթե այդ դաշնակցի հանրային շրջանակներում կարող են գտնվել հասարակական-քաղաքական խմբեր ու անհատներ, որոնք ստացված աղետալի պատկերից հետո դեռ կարող են լոյալության համատեքստում խոսել Ռուսաստանի գերակա դերի մասին:
Իրականում, սակայն, հարցը պետք է դիտարկել ոչ այդ հարթությունում կամ շեշտադրումներով: Իհարկե, կան մարդիկ, որոնց համար Ռուսաստանին ամենօրյա հավատարմության երդումները քաղաքական կամ անգամ անձնական հավատամք են: Հայաստանի Հանրապետության համար, սակայն, շատ կարևոր է արձանագրել, որ Կովկասում Ռուսաստանն ունի, իհարկե, շատ կարևոր և ազդեցիկ ներկայություն և դեր, ու այդ հանգամանքը ներկայումս շատ կարևոր է Հայաստանի համար: Սակայն Ռուսաստանը Կովկասում պարտվում է և այն, որ նա ստիպված է իր դերն իրացնել իր դե յուրե դաշնակցի պարտությամբ, վկայում է, որ Մոսկվան թուլացող խաղացող է: Այդ թուլության պատճառները տարբեր են: Ընդ որում, միանգամայն հնարավոր է, որ այդ գործընթացը կանգ առնի և շարժվի հակառակ ուղղությամբ՝ Մոսկվայի դերն ուժեղանա: Սակայն այսօր կա այն, ինչ կա: Դա ամենևին ոգևորվելու կամ տխրելու առիթ չէ, դա երկրպագության հարց չէ՝ դու ՌԴ երկրպագու ես, թե ոչ: Դա Հայաստանի համար ազգային անվտանգության հարց է: Պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին, առավել ևս ներկայիս ՌԴ թուլացման ռեժիմին: Պետք է աշխատել Ռուսաստանի հետ, սակայն հստակ գնահատել, որ Մոսկվայի հնարավորությունները նվազման ռեժիմում են, ըստ այդմ՝ Հայաստանին պետք է Ռուսաստանի հետ այնպիսի աշխատանք, որը կապահովի նաև աշխատանքային այլ ուղղությունների և, հետևաբար, գործընկերային այլ ռեսուրսների առկայություն: Ի վերջո, այս ռեգիոնից կարող է գնալ Ռուսաստանը, բայց ոչ Հայաստանը: Մենք պետք է պատրաստ լինենք ռեգիոնից Ռուսաստանի հեռանալու ամեն մի քայլին և ունենանք այս ռեգիոնում առանց ՌԴ հայկական պետականությամբ ապրելու հեռանկար, սցենար, ծրագիր: ՌԴ հեռանալը մեր ընտրությունը չէ, դա կարող է լինել աշխարհաքաղաքական իրողությունների և հանգամանքների ծավալման հետևանք կամ արդյունք: Մենք ընտրություն պետք է կատարենք այդ իրողությանը համարժեք պատրաստ լինելու սցենարների հարցում: