Այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նախ հակադարձեց վարչապետին և նշեց, որ իր ղեկավարած «Հանուն Հանրապետության» կուսակցությունը միջազգային տարբեր ատյանների, նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ է հանդիպում. «Մենք մեր լուռ ու համեստ աջակցությունն ենք բերում գերիների վերադարձի հետ կապված ջանքերին»:
Պատգամավորն ընդգծեց. «Անվտանգությունը կարևոր է, եթե կա անկախություն: Մենք հասկանում ենք, որ պատերազմից հետո մենք լրջորեն հարվածի տակ ենք դրել մեր երկրի անկախությունը: Չի լինելու անվտանգություն, եթե չունենանք բավարար չափով ինքնիշխանություն և աշխարհի հետ հարաբերվելու ազատություն: Մենք հասկանում ենք, որ Արցախում նոր ուժային դասավորություն է, բայց Հայաստանը ի սկզբանե հայտարարել է, որ Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է: Մենք մնո՞ւմ ենք արդյոք մեր հայրենիքի արցախյան հատվածի, Արցախի բնակչության անվտանգության երաշխավորը»:
Ի պատասխան վարչապետն ասաց, որ Հայաստանի և Արցախի անվտանգային հարաբերություններում ոչ մի բան չի փոխվել, բայց ավելացել է նոր գործոն. «Եվ այդ նոր գործոնը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում, ինչը միանշանակ դրական է և կոնկրետ անվտանգային խնդիրները լուծելու համար է տեղի ունեցել»:
Մանրամասն՝ տեսանյութում: