Ի՞նչ հետևություն կարելի է անել ՀՀ ներկայիս քաղաքական քարտեզից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն արագ է փոխվում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս և մի շարք այլ հարցերի անդրադարձավ քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
«Ամենավտանգավոր վիճակն անցել ենք՝ պատերազմ, պարտություն, հոգեկան տվայտանքներ, Հայաստանի «բուրբոնների» ապստամբություն. իրականում դա ապստամբություն էր, խռովություն՝ «17+1» եմ ես համարում այս կորպորացիան: Նկատի ունեմ նոեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցածից մինչև դեկտեմբերի 19-ը, երբ որ վարչապետը գնաց Եռաբլուր, և սգակիր ժողովուրդը շարասյուներով գլխահակ քայլում էր իր վարչապետի հետ»,- նշեց Լևոն Շիրինյանը՝ ընդգծելով, որ նոյեմբերի 9-ին տեղի ունեցածը իշխանությունը զավթելու փորձ էր, և կարծում եմ, որ նախատեսված էր վարչապետի սպանությունը: Քաղաքագետի դիտարկմամբ՝ եթե դա տեղի ունենար, ապա կլիներ այն, ինչի վրա հիմա չարչարվում են, այսինքն՝ Հայաստանում ռևանշիզմի հաղթանակ տեղի կունենար:
«Քաղաքական գործընթացները երկրաշարժի նման կուտակումներ, պայթյուններ են: Հուսանք, որ Մինսկի խմբի համանախագահները իրենց դիրքորոշումից հեռու չեն կանգնի, և մենք կպարզնեք, թե ինչու, երբ ԱՄՆ-ում նախընտրական պայքար էր ընթանում, ռուս-թուրքական դաշինքը որոշեց Արցախի հարցը շատ արագ լուծել, և թե ինչու մենք խոշոր հաշվով չպարտվեցինք՝ ճակատամարտում պարտվեցինք, բայց պատերազմում՝ ոչ, քանի որ մեր ժողովրդի հայրենասեր, հայրենատենչ հատվածը աննահանջ կանգնեց»,- նշեց քաղաքագետը:
Շիրինյանի դիտարկմամբ՝ Հայաստանը միայնակ է, քանի որ շահագրգիռ խոշոր պետություններ չկան կողքին. «Բայց դա չի նաշանակում, որ մենք լիովին միայնակ ենք: Մենք պետք է հայությանը վերածենք ցանցային պետության, դա ազդեցիկ կլինի»:
«Գայլերը գիշերն են ակտիվանում. և ահա երկու ոխերիմ բարեկամները, որոնք 20-րդ դարասկզբից համագործակցում էին լենինյան կոնցեպցիայի շրջանակներում, իրար հետ ակտիվ կերպով հարցը լուծեցին: Ռուսաստանը, իբրև դաշնակից, մեր հանդեպ պարտականությունները չի կատարում այն փաստարկումով, որ Արցախը Հայաստան չէ…»:
Անդրադառնալով հարցին, թե ովքեր են հայ գերիների հարցի շահառուները, Շիրինյանը նշեց. «Ովքեր որ Հայաստանի ներքաղաքական կյանքը ապակայունացրել և քաոսային իրավիճակում են պահել: Պարզ է, որ առաջին շահառուն մեր Հյուսիսային բարեկամն է, որը կառավարում է գործընթացը, երկրորդը՝ Ադրբեջանն է, և երրորդը՝ Հայաստանի «բուրբոններն» են, որոնք ակտիվացել են: Այստեղ միակ դիմակայողը Հայաստանի իշխանությունն է, որը լեգիտիմությունը չի կորցնում, և աշխարհով մեկ սփռված հայությունն է:
Մանրամասները՝ տեսանյութում: