Հայաստանը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Ի՞նչ են որոշելու արտահերթ գործընթացները․ «Առաջին լրատվական»-ի հարցին Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը պատասխանեց․ «Արտահերթ գործընթացներ նախատեսելու համար բավարար պայմաններ և հանրային պահանջ է պետք։ Հայաստանում այսօր կա՞ արդյոք այդ հանրային պահանջը։ Իմ տեսակետն այն է, որ, այո, կա այդպիսի պահանջ։ Իսկ ինչո՞ւ է այդպիսի հանրային պահանջ ձևավորվել։ Որովհետև մենք ունեցանք անհաջող պատերազմ, որի արդյունքում հանրային տրամադրությունները փոխվեցին, և այն վստահության քվեն, որ տրված էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, դարձավ խնդրահարույց։ Այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր ծրագրում չէր ներառել պատերազմ, պատերազմի հետևանքով այսպիսի ընթացք, և, հետևաբար, հանրությունը նորից պետք է որոշի՝ շարունակո՞ւմ է վստահել, թե՞ այլ քաղաքական ուժերի է վստահելու։ Ըստ այդմ՝ միակ տարբերակն արտահերթ ընտրություններն են»։
Իսկ ի՞նչ եք պատրաստվում դուք անել, ձեզ տեսնո՞ւմ եք հաջորդ խորհրդարանում․ «Առաջին լրատվական»-ի հարցին Սերգեյ Բագրատյանը պատասխանեց․ «Այո, ես ինձ տեսնում եմ հաջորդ քաղաքական գործընթացներում։ Բազմաթիվ գործընկերների հետ քննարկում ենք առաջարկները։ Իմ հիմնական պայմանն այն է, որ իմ տնտեսական առաջարկներն ընդունելի լինեն այն քաղաքական ուժին, որի հետ ես կցանկանայի ճանապարհ անցնել։ Եթե այդ պայմանը բավարարի, ապա այդ քաղաքական ուժի հետ ես կմասնակցեմ ընտրություններին»։