Հայաստանի ու Արցախի կապը կտրելն, ըստ էության, նշանակելու է հենց դա՝ Արցախում նաև Ռուսաստանի ապալեգիտիմացում: Այդ ռազմավարությունը մաս է հայտարարությունների, որ Ալիևն անում է հակամարտությունը կարգավորված լինելու վերաբերյալ: Ակնառու է, որ հայտարարելով այդ մասին, նա հեռանկարում հող է նախապատրաստում հենց Ռուսաստանի ներկայությունն ապալեգիտիմացնելու համար՝ եթե չկա հակամարտություն, ապա էլ ինչո՞ւ է Ռուսաստանն Արցախում: Հետևաբար, Հայաստան-Արցախ կապը էական նշանակություն ունի Մոսկվայի համար: Իհարկե, ակնառու է նաև, որ Ռուսաստանն աշխատելու է Արցախում ուղիղ ազդեցության աստիճանը ընդլայնելու և խորացնելու համար, և դա բխում է նաև նոր իրողություններից, սակայն առնվազն տեսանելի ապագայի հեռանկարով Հայաստան-Արցախ կապի ապահովումը Ռուսաստանի համար ապահովում է Արցախում իր ներկայության ռազմա-քաղաքական լեգիտիմությունը, նաև իրավա-քաղաքական համատեքստի առումով: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ: