Կա տեսակետ, որ Հայաստանի պարտությունը կապված է նաև մի շարք միֆերի հետ, որոնք տարիներ շարունակ գեներացվել են մեր հասարակության մեջ, և դրանք ձևավորել են ոչ միայն մեր պատկերացումները, հարաբերություններն աշխարհի հետ, այլ նաև մեր քաղաքական ակնկալիքները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ռեժիսոր Հրանտ Վարդանյանը նշեց, որ այդպիսի կործանարար միֆերից էր այն, որ 30 տարի շարունակ մեզ կերակրել են այն մտքով, թե քանի դեռ Ռուսաստանի հետ ենք, մեր անվտանգությունը պաշտպանված է, և որ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի. «Մենք տեսանք, որ Թուրքիան ու Ռուսաստանը միասին կերան մեզ: Եվ մենք դրա դեմ անզոր էինք: Ով էլ լիներ, այդ ծրագրի դեմ ոչինչ չէր կարող անել, մանավանդ որ պարզվեց՝ ո՛չ մեր բանակն է պատրաստ, ո՛չ էլ մենք ենք հոգեբանորեն կազմակերպված: Իսկ մեր այն զավակները, ովքեր գնացին պատերազմ և առճակատվեցին թշնամու հետ, նրանք չեն պարտվել, նրանք մինչև վերջ կռվել են, բայց բանակում փնթի ղեկավարում է եղել…»:
Ռեժիսորի խոսքով՝ մեր այսօրվա վիճակը նման է Գորկու «Հատակում» վեպում նկարագրվող իրավիճակին՝ բոլորս հայտնվել ենք նկուղում, որոշները պայքարում են այդ վիճակից դուրս գալու համար, որոշներն էլ հանձնվել են՝ ասելով, թե ինչ լինելու է, թող լինի:
Ռեժիսորի խոսքով՝ կյանքը ցույց տվեց, որ միայն Թուրքիան և Ադրբեջանը չեն մեր թշնամին. «Քո ոխերիմ բարեկամը, մեջքից խփելով, գործում է թշնամու կողմից. հարյուր տարի առաջ էլ նույնը տեղի ունեցավ: Գտնվելով իմպերիայի գաղութում՝ մենք այդպես էլ չհասկացանք, որ ազատ, անկախ ապրելը ոչ թե գաղափար է, այլ ֆիզիկական ցանկություն»:
«Մեր ազնիվ զինվորները, կռվող տղաները իրենց հայրենիքն են պաշտպանել, բայց այդ երկրին մեջքից խփողներ են եղել»,- նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ պատերազմի մեջ բոլորն ունեն մեղքի բաժին:
«Հիվանդ հասարակություն ենք՝ հիվանդ քաղաքական գործիչներով ու մտավորականներով:
Ստերի պատճառով ենք հասել այս օրին: Մենք պետք է ազատվենք ստերից՝ սուտ բարեկամ, սուտ բանակ, սուտ ազգային բանակ, սուտ մտավորականություն, սուտ հերոսներ, սուտ փրկիչներ: Բավական է՝ մենք փողոցներում «վոժդ» ման գանք: Մեզ պետականամետ և պետականաշեն մարդիկ են պետք, բայց դրանք փողոցում չեն լինում, նրանք կրթված մարդիկ են լինում: Կառավարման մշակույթ պետք է մշակված լիներ: Մենք եթե ստերից չհրաժարվենք, և չուզենանք գաղութից դուրս գալ, ոչ մի լավ բան չի լինելու»,- նշեց Վարդանյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: