
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության նախաձեռնող խմբի անդամ Լևոն Հայրյանը։
– Պարոն Հայրյան, նախօրեին «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունը քննարկում էր կազմակերպել: Ի՞նչ նպատակ էր դա հետապնդում, ի՞նչ քայլեր եք առաջիկայում նախատեսում կյանքի կոչել, իրականացնել:
– Դա մեր կազմակերպության հիմնադիր հավաքն էր, որտեղ նաև ընտրել ենք գործադիր մարմին: Մեր ծրագրերը հիմնականում հետևյալն են. նախ, ամեն գնով Հադրութի շրջանը և Արցախի մնացած գրավված շրջանները վերադարձնել: Երկրորդ ծրագիրն է Հադրութի համայնքը՝ որպես ընդհանրություն, տիրություն անել և եթե չհաջողենք՝ Հադրութը վերադարձնել, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, ամեն գնով պետք է վերադարձնենք, որևէ այլ երկրում ապաստան պետք է խնդրենք, որ գոնե մեր համայնքի բանը չկորցնենք: Երրորդը, պետք է փորձենք բռնագաղթվածի կարգավիճակ հաստատենք: Սա միայն մեզ համար չի, 30 տարի առաջ էլ տեղահանվածներ ունեինք, որոնցով ոչ ոք հավաքականորեն չզբաղվեց, գնացին Ռուսաստան: Մի խոսքով, մեր հիմնական նպատակը մեր ժողովրդին հավաքելն էր, տիրություն անելն էր, նաև մեր ժողովրդին պահելու համար պետք է փորձենք ինչ-որ տեղից փոխհատուցումներ ստանալ, որ չմնանք օգնությունների հույսին, և փորձենք տնտեսություն կառուցել իրենց համար:
– Մոտավորապես քանի՞ մարդու մասին է խոսքը:
– Մեր կազմակերպությունում ամեն մի գյուղից պատվիրակ ունենք: Մեր հնարավորության սահմաններում պետք է աշխատենք, որ ամբողջ Հադրութի շրջանի մեծ մասին հավաքենք: Նաև պետք է աշխատենք, որ ամեն մի շրջան, որի բնակիչները կորցրել են իրենց բնակավայրը, իրենք էլ ստեղծեն ՀԿ-ներ, հետո մեկ համակարգող խորհրդի շրջանակներում միասին աշխատենք: Ասենք, Քաշաթաղն իր համար ստեղծի, Շահումյանը՝ իր համար, որոնք ոչ թե միավորվեն, այլ կենտրոնացած մի կենտրոնից կառավարվեն, որպեսզի իրար օգնելով՝ միասին լուծենք մեր հարցերը:
– Ձեր կարծիքով՝ Հադրութը վերադարձնելու ի՞նչ շանսեր կան:
– Մենք պայքարում ենք, որ անպայման վերադարձնեն: Կարևորը, որ մենք չմոռանանք և պայքարենք Հադրութի վերադարձի համար: Մենք ոչ մի պայմանով չպետք է համաձայնենք Հադրութի օտարմանը:
– Փաստորեն, եթե որևէ ձևով արդյունքի չհասնեք, կդիմեք որևէ երկրի դեսպանատո՞ւն:
– Մենք այսօր արդեն դիմել ենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներ հանդիպումների համար: Արդեն էլեկտրոնային հասցեներով դիմումներ ենք ուղարկել և սպասում ենք արձագանքի: Մենք դիմել ենք նրանց՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Նրանք մեր առաջ պարտավորություններ ունեն, մեզ խոստումներ են տվել: Տեսեք, ինչ է ստացվում, 1994 թվականից մենք իրենց ասածներն անում ենք, որ պատերազմ չլինի: Բայց այսօր 4-5 պետությունով հարձակվում են մեզ վրա, իսկ այդ երեք պետություններից ոչ մեկը որևէ լուրջ քայլ չձեռնարկեց այդ ագրեսիան կանգնեցնելու համար: Ո՛չ Ամերիկան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ էլ Ռուսաստանը: Ռուսաստանի խառնվելը նույնն էր, ոնց որ հարսանիքից հետո թմբուկ զարկես: Հիմա մենք այդ պահանջները պետք է իրենց ներկայացնենք, որ մենք ձեզ ինչ-որ տեղ վստահել ենք, բայց չենք ստացել այն, ինչը պետք է ստանայինք:
Հիմա առաջին փուլում պետք է աշխատենք հանդիպել դեսպանների հետ, մեր հարցը ներկայացնենք, իրենցից լսենք, թե ինչ են ուզում մեզ առաջարկել, հետո կորոշենք:
Լուսանկարը՝ panorama.am-ի