Ակնառու է, որ նոր իրավիճակում Հայաստանի հետ աշխատանքի արդյունավետությունը կախված է այն բանից, թե Վաշինգտոնը որքան է պատրաստ այդ հարաբերության ասիմետրիկ տրամաբանության: Այդ իմաստով է ահա բավականին հետաքրքիր Սամանտա Փաուերի թեկնածության առաջադրումը:
Բանն այն է, որ Օբամայի վարչակազմի շրջանում լինելով ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանը և փաստորեն ամերիկյան քաղաքականության համատեքստում Օբամայի վարչակազմի բազեներից մեկը՝ Փաուերը բավականին նուրբ համակրանք ուներ հայկական գործոնի նկատմամբ: Իհարկե, հասկանալի է, որ քաղաքականության, այն էլ ամերիկյան քաղաքականության ուղենիշը շահն է, ոչ թե համակրանքը, սակայն անձնական պատկերացումներն ու մոտեցումները ի վերջո կարևոր են շահի շրջանակի ձևավորման համար: Փաուերը այդ իմաստով Հայաստանի համար ամերիկյան նոր վարչակազմում կարող է լինել թերևս ամենահարմարավետ գործընկերներից մեկը, ինչը կարևոր է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: