Մեծ Բրիտանիայում բնակվող Հակակոռուպցիոն հիմնադրամի գործադիր տնօրեն, Ալեքսեյ Նավալնիի համախոհ Վլադիմիր Աշուրկովը Facebook-ում ցուցակ է հրապարակել, որում ներառված ութ անձանց նկատմամբ Նավալնին արևմտյան երկրներին առաջարկում է պատժամիջոցներ սահմանել:
Ցուցակը, ինչպես պնդում է Աշուրկովը, կազմել է Նավալնին՝ հունվարի 17-ին Ռուսաստան վերադառնալուց մի քանի օր առաջ:
Անգլերեն լեզվով գրառման մեջ Աշուրկովը նշում է, որ եթե Արևմուտքը լուրջ մտադրություն ունի հաջողության հասնելու Ռուսաստանում մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, ապա պետք է դիտարկի ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ անհատական պատժամիջոցների կիրառումը:
Ցուցակում ընդգրկված են գործարար Ռոման Աբրամովիչը, ՎՏԲ-ի գլխավոր մենեջեր Դենիս Բորտնիկովը՝ ԱԴԲ-ի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի որդին, որին իր հոր «դրամապանակ» են կոչում, ՎՏԲ-ի նախագահ Անդրեյ Կոստինը, առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, որը պատասխանատու է Նավալնիի թունավորման փաստերը թաքցնելու համար, գյուղատնտեսության նախարար Դմիտրի Պատրուշևը՝ Անվտանգության խորհրդի ղեկավար Նիկոլայ Պատրուշևի որդին, VEB-ի ղեկավար Իգոր Շուվալովը, հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովևը և գործարար Ալիշեր Ուսմանովը: