Նախօրեին ձերբակալված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին 30 օր կանցկացնի «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանի կարանտինային բաժանմունքում: Երեք տեղանոց խցում նա միայնակ է պահվում, քանի որ արտերկրից ժամանելուց հետո պետք է 14-օրյա կարանտին անցնի: Այս մասին հայտարարել է Մոսկվայի Հասարակական դիտորդական հանձնաժողովի քարտուղար Ալեքսեյ Մելնիկովը, որն ընդդիմադիրին այցելել է կալանավայրում:
Նրա խոսքով, խցում կա սառնարան, էլեկտրական թեյնիկ, հեռուստացույց և տաք ջուր: Մելնիկովը նաև թվարկել է այն ամենը, ինչ Նավալնին ստացել է կալանավայրում. ներքնակ, բարձ, ծածկոց, անկողնային սպիտակեղեն, ափսե, գավաթ, գդալ, ատամի խոզանակ և մածուկ, օճառ, մեկանգամյա օգտագործման ածելի և զուգարանի թուղթ:
Ըստ ՀԴՀ-ի անդամի, Նավալնին ասել է, որ ուրախ է վերադառնալ հայրենիք և շնորհակալություն է հայտնել աջակցության համար: Նավալնին նաև հաղորդել է, որ հաստատության աշխատակիցների կողմից իր վրա ոչ մի բարոյական ու ֆիզիկական ճնշում չի գործադրվում: