Լիտվայի արտաքին գործերի նախարարությունն առաջարկում է ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովին թույլ չտալ Լիտվա մտնել և նրան «սև ցուցակում» ընդգրկել Ղրիմ կատարած այցերի պատճառով՝ հաղորդում է Interfax-ը:
Արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Կիրկորովը բազմիցս այցելելով Ղրիմ ՝ իբր «դիտավորյալ հերքել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և այդպիսով անօրինական կերպով արդարացրել Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները»: Ըստ Լանդսբերգիսի, ԱԳՆ-ն սիստեմատիկորեն կգնահատի բոլոր գործիչներին, ովքեր կարող են մասնակցել Ռուսաստանի «արտաքին քաղաքականության խթանմանը»: Արտաքին գործերի նախարարությունը վստահ է, որ Կիրկորովի մասնակցությունը Ղրիմում կայացած համերգներին «էապես վնասում է Լիտվայի ազգային անվտանգությանը»:
Կիրկորովին «սև ցուցակում» ընդգրկելու մասին վերջնական որոշումը պետք է ընդունվի ՆԳ նախարար Ագնե Բիլոտայտեի կողմից: