
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է գերիների վերադարձի խնդրին: Նա նշել է, որ վարչապետը հունվարի 11-ին և՛ եռակողմ, և՛ երկկողմ ձևաչափերում անդրադարձել է գերիների խնդրին, և այն մեզ համար առաջնային խնդիր է:
«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում: ԱԳՆ-ն նույնպես յուրաքանչյուր առիթն օգտագործում է, որպեսզի այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվեն խաղաղություն և զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման պետք է վստահության մթնոլորտ ձևավորել: Եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունը կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացած բոլոր խնդիրները, դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել»,- ասել է Այվազյանը՝ կոչ անելով վստահել իրենց ջանքերին: Նախարարը հույս է հայտնել, որ այդ հարցը կստանա իր դրական լուծումը: