Այսօր կառավարությունում քննարկվող նախագիծը վերաբերում էր անցած տարվա մայիսի 21-ին կայացված որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի մենք փորձել ենք պետություն եւ ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ ֆոնդը կարողանա արդյունավետ աջակցություն ցուցաբերել մասնավոր սեկտորին: Այս մասին, այսօր՝ հունվարի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Կառավարությունը խնդիր ունի ռիսկի դիմելու: Դեռեւս նախանցած տարվա դեկտեմբերի 12-ին վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասաց, որ ամբողջ պետական կառավարման համակարգը հակադրված է փոփոխություններին: Ես դա զգում եմ, բայց այդտեղ պատճառն այն չէ, որ մարդիկ չեն ուզում փոխվել, ուղղակի ամեն քայլափոխին մարդկանց ասում են՝ եթե դու սա անես, կլինի այսպիսի ռիսկ, նա անես, կլինի այնպիսի ռիսկ, ինչը կաշկանդում է բոլորին եւ չի թողնում աշխատել: Դա օդի մեջ կախված է, այսինքն ամեն տեղ կա, աշխատանքի մշակույթ է, որը պետք է փոխել: