ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2020 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ադրբեջանաթուրքական 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայողների և քաղաքացիական անձանց օր առաջ վերադարձը հայրենիք բացարձակ առաջնահերթություն է։
Հաշվի առնելով այն փաստը, որ սույն թվականի հունվարի 11-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ բանակցությունների արդյունքում չի հաջողվել հասնել նշված հարցի ամբողջական լուծմանը` «Հանուն Հանրապետության» կուսակցությունը սկսում է հանդիպումների շարք Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների և միջագզային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումները նպատակ են հետապնդելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵԱՀԿ մասնակից այլ երկրների, տարածաշրջանի պետությունների, ինչպես նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այս գերկարևոր խնդրի վրա։
Կուսակցության ղեկավար կազմը բազմիցս հայտարարել է, և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց վերադարձը հայրենիք համարում է իր օրակարգի առաջնահերթությունը։
Հայ ժողովուրդը և Հայաստանի հասարակությունը պատրաստ չէ որևէ այլ թեմայով քննարկումների, քանի դեռ այս առաջնային խնդիրը շարունակում է մնալ չլուծված։
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմին