
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ռուսաստանցի հայ փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:
– Մոսկվայում նախօրեին տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո պարզ դարձավ, որ ռազմագերիների վերադարձի հարցը չի հաջողվել լուծել: Ռուսաստանի հայերը բողոքի ակցիա էին իրականացնում Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն ռազմագերիների վերադարձի հարցը չբարձրացվեց: Այս առնչությամբ ի՞նչ քայլեր կարող են իրականացնել Ռուսաստանի հայերը:
– Հայաստանը պետք է դիմի միջազգային իրավապաշտպան կառույցներին, եթե Հայաստանն ի վիճակի չէ հարցը լուծել միջպետական մակարդակով: Այդ թվում կարող է դիմել Կարմիր խաչին, Human Right Watch-ին: Կամ պետք է այդ անձանց հարազատները, մտերիմները ներկայացնեն միջազգային դատական բողոքներ, քանի որ այդտեղ կան հումանիտար խնդիրներ ոչ մարդկային պայմաններում նրանց պահելու հետ կապված: Ես գիտեմ, որ շատերին գերեվարել են Ղարաբաղի տարածքում, այսինքն՝ կոպիտ ասած, առևանգել են մարդկանց այն տարածքներից, որը եռակողմ հայտարարությամբ համարվում էր Ղարաբաղի տարածք: Իրավական տեսակետից պետք է այդ ամենը հիմնավորել և ներկայացնել: Առաջինը պետք է հարց բարձրացնել, թե ինչու է լռում Հայաստանի արդարադատությունը, ինչ է անում հայկական դիվանագիտությունը, քանի որ վարչապետը այդ հարցը չկարողացավ լուծել:
– Ի՞նչ կարող էր անել ռուսական կողմը ռազմագերիների վերադարձի առումով, որը չարեց:
– Ռուսական կողմը, որպես այս բանակցությունների, հայտարարությունների հովանավորող կողմ, ուներ հնարավորություններ այդ հարցը բարձրացնելու: Մենք մասնակից չենք եղել այդ բանակցություններին, և դժվար է որևէ հստակ բան ասել: Իրավաբանական տեսակետից դա պետք է անի Հայաստանը, մնացածը քաղաքական ոլորտի հարցեր են, որոնք ես չեմ կարող մեկնաբանել:
– Մոսկվայում ՀՀ դեսպանության առջև Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ակցիան ինչպե՞ս եք գնահատում, դա որքանո՞վ էր ՌԴ իշխանությունների հետ համաձայնեցման արդյունքում կազմակերպվել:
– Հաշվի առնելով, որ ոստիկանության կողմից չկար որևէ ռեպրեսիվ գործողություն, իմ կարծիքով՝ ռուսական կողմն էլ շատ լավ հասկանում է, թե ինչն է խնդիրը, դա ռուսական խնդիր չէ, ներհայկական խնդիր է, շատ նրբանկատ հարց է, դրա համար իրենք իրենց չեզոք պահեցին, ռեպրեսիվ բաներ չեղան, թույլ տվեցին, որ ստորագրահավաքը կայանա: Ընդհանուր առմամբ այստեղ նման ակցիաների նկատմամբ շատ խիստ են, առավել ևս օտար պետությունների դեսպանատների մոտ, ու այդ ֆոնին երեկվա ակցիան հանգիստ է անցել: Մյուս կողմից՝ շատ մարդ չէր էլ հավաքվել, թեև Ռուսաստանի հայերի միությունը կոչ էր արել: Զարմացած ենք, որ այդքան քիչ մարդ էր հավաքվել:
– Ինչպե՞ս եք գնահատում այն, որ Ռուսաստանի հայերի միության ղեկավարությունն է ակտիվացել, անընդհատ պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Արդյոք սա Ռուսաստանի հայերի պահա՞նջն է, թե՞ ընդամենը որոշակի նեղ շրջանակների:
– Ռուսաստանի հայերի միությունը շատ յուրահատուկ կառույց է, և ես չեմ կարող մեկնաբանել նրանց քայլերը: Ես համոզված եմ, որ իրենք դա արել են ազգասիրական նպատակներով, բայց թե ինչ միտում է եղել այդ ամենի տակ իրականում՝ չեմ կարող ասել: Ես միշտ ասել եմ, որ չեմ համարում, թե Ռուսաստանի հայերի միությունը համայնքային կառույց է, ուղղակի հիմա առիթ կա արտահայտվելու, արտահայտվում են: Մինչ այս իրենք շատ լուրջ ճնշման տակ էին, հիմա հնարավորություն է ստեղծվել արտահայտվելու, փորձում են իրենց մասին հիշեցնել երևի, չգիտեմ:
– Կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե չունենային Կրեմլի համաձայնությունը, այդ քայլերը, այդ հայտարարությունները չէին անի:
– Ես չգիտեմ՝ իրենք ինչ համաձայնություն ունեն, բայց այն, որ թողել են, որ դա կայանա, արդեն շատ յուրահատուկ է: Այստեղ շատ խիստ են այդպիսի բաների նկատմամբ: Առավել ևս 2018-ին թավշյա հեղափոխության հետ կապված դեպքեր եղան Մոսկվայում, ահավոր դաժան ձևով մարդկանց այստեղ կալանավորում էին: Այս անգամ այդպիսի բաներ չեղան: Սա շատ հաճելի, զարմանալի երևույթ էր, որի պատճառը չեմ կարող ասել: