
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու համար առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ ԲԴԽ անդամի տեղերը թափուր մնացին, երբ նոյեմբերի 23-ին դադարեցվեց ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները, իսկ ԲԴԽ մեկ այլ անդամի՝ Արմեն Հայկյանցի թեկնածությունն էլ առաջադրվեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա այս պահին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար է:
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ 5 անդամի ընտրում է Ազգային ժողովը: Մյուս 5 անդամները ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից։
Գագիկ Ջհանգիրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ հաստատեց իր թեկնածության առաջադրման մասին լուրերը։ «Ոչ մի մեկնաբանություն չունեմ։ Լավ եղեք, մինչև հանդիպենք»,- ի պատասխան մեր բոլոր հարցերի, ասաց նա։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածության շուրջ քննարկումներ կան, բայց չի ցանկանում այլ մեկնաբանություններ անել մինչև չլինի պաշտոնական առաջադրումը։ «Քննարկում կա, չեմ կարող դա հերքել, բայց, քանի դեռ պաշտոնապես առաջադրումը տեղի չի ունեցել, չեմ կարող այլ բան ասել։ Ես ինքս կողմ եմ այդ թեկնածությանը, բայց, կրկնում եմ, քանի պաշտոնապես առաջադրումը չի եղել, չեմ ուզում այլ մեկնաբանություն անել»,- ասաց Հովակիմյանը։
Հովակիմյանը չպատասխանեց հարցին՝ վաղը ԱԺ-ում խմբակցության և Ջհանգիրյանի հանդիպում նախատեսված է, թե ոչ։ Ասաց, որ այդ հարցերին իրավասու է պատասխանել խմբակցության ղեկավարը։
Ջհանգիրյանի առաջադրումն ու ընտրությունը ԲԴԽ-ում կարող է լուրջ հակակշիռ ստեղծել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, որը ակնհայտորեն հովանավորում է դատական համակարգի սաբոտաժը։
Վարդազարյան արդեն իսկ անհանգստության առաջին նշանները ցույց է տվել։ Նա կայքերից մեկի հետ զրույցում ասել է, որ Ջհանգիրյանը չի կարող դառնալ ԲԴԽ անդամ։ «Գագիկ Ջհանգիրյանի չափ փորձառություն ունեցող իրավաբանը կգնա՞ օրենքի խախտման ճանապարհով: Կարծում եմ՝ ոչ: Հետևաբար, կարծում եմ՝ Գագիկ Ջհանգիրյանի`ԲԴԽ անդամ ընտրվելու վերաբերյալ լուրը հերթական ասեկոսեն է, կամ որոշ մարդկանց բարի ցանկությունը, գուցե»,- ասել է ԲԴԽ նախագահը։
Գագիկ Ջհանգիրյանը 65 տարեկան է, իրավաբանական գիտությունների թեկնածու է։ Նկատենք, որ օրենքում ԲԴԽ իրավաբան անդամի տարիքային շեմի հետ կապված որևէ սահմանափակում չկա։ Սահմանափակումը վերաբերում է ԲԴԽ դատավոր անդամներին։ Իրավաբան անդամի համար որևէ տարիքային սահմանափակում չկա։
Ուշագրավ է, սակայն, որ երբ 2018-ի մարտին Գագիկ Հարությունյանը 70 տարեկանում դարձավ ԲԴԽ նախագահ, որևէ մեկը տարիքային սահմանափակման մասին չխոսեց։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդում Ջհանգիրյանի թեկնածության առաջադրմանը, նկատեց, որ վերջինս մասնագիտական բարձր որակների, գիտելիքների ու հմտությունների տեր մարդ է, բայց մեծ վերապահում կա նախկին պաշտոններում նրա գործունեության հետ կապված։ «Շատ մեծ վերապահումով եմ վերաբերում այդ թեկնածությանը»,- ասաց իրավապաշտպանը։
Կարապետյանցի խոսքերով՝ այո՛, ԲԴԽ-ում, դատական համակարգում լրջագույն խնդիրներ կան, բայց դրանք հնարավոր չէ և պետք չէ լուծել այդտեղ առկա մարդկանց հակակշիռներ ստեղծելով։ «Պետք չէր ի սկզբանե այդ մարմինները համալրել մարդկանցով, ովքեր ոչ մեկինը չեն, չեզոք մարդիկ են։ Դատական համակարգում պետք է լինեն մարդիկ, ովքեր ենթարկվում են բացառապես օրենքին։ Շատ տխուր և գորշ պատկեր է ստեղծվում, եթե հեղափոխական ուժը փորձ է անում հակակշիռ ստեղծել հեղափոխության հնարավորությունները օգտագործելու փոխարեն»,- ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ իշխանությունը կարո՞ղ էր ԲԴԽ-ում իրավիճակ փոխել, իրավապաշտպանը պատասխանեց․ «Օրենքի տառին համապատասխան գուցե հնարավոր չէր լինի ֆորմալ առումով դա անել, բայց հեղափոխությունը այնպիսի երևույթ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել ոչ ստանդարտ մոտեցումներ։ Բաց թողնել այդ շանսը բարեփոխելու համակարգերը, դա հանցագործություն է։ Իսկ եթե հեղափոխությունից հետո դու չես բարեփոխում դատաիրավական համակարգը, ապա հեղափոխության տապալումը սկսվում է հենց այդ համակարգերի ձեռքով։ Կյանքը եկավ ապացուցելու իմ ասածի ճշմարտացիությունը։ Հիմա մենք կանգնել ենք կրախի առաջ ու, սխալները ուղղելու փոխարեն, նորից սխալ ճանապարհով ենք գնում, հակակշիռներ ենք ստեղծում իրական գործով զբաղվելու փոխարեն»։