Քեմբրիջի համալսարանի գիտնականները գենետիկական առանցքային փոփոխություններ են բացահայտել, որոնք կարող են SARS-CoV-2 կորոնավիրուսի հայտնվելու պատճառ հանդիսանալ: Համապատասխան ուսումնասիրությունը հրապարակվել է PLOS Biology ամսագրում:
Փորձագետները գենետիկ ադապտացիաներ են գտել, որոնք նման են 2003թ.-ին թոքաբորբի բռնկման պատճառ դարձած SARS-CoV վիրուսի առաջացրած ադապտացիաներին:
Գիտնականները կարծում են, որ կա ընդհանուր մեխանիզմ, որը թույլ է տալիս վիրուսների այս խմբին մուտացիայի ենթարկվել, ինչպես նաև կենդանուց փոխանցվել մարդուն:
Իրենց հետազոտության ընթացքում մասնագետներն ուսումնասիրել են RaTG13 կորոնավիրուսը, որը կապված է SARS-CoV-2-ի հետ: Դրա գենը 96%-ով նույնական է COVID-19 հարուցչի գենին: Նշվում է, որ RaTG13-ի S-սպիտակուցը, որը մեծ դեր ունի առողջ բջիջը վարակելու գործում, չի կարող արդյունավետորեն կապվել մարդու բջիջների ընկալիչների հետ:
Սակայն, եթե նույն սպիտակուցը տեղադրվի SARS-CoV-2-ի S-սպիտակուցի որոշ հատվածներում, ապա վարակման արդյունավետությունը կբարձրանա: Գիտնականները նաև պարզել են, որ վիրուսը չի կապվում չղջիկների բջջային ընկալիչների հետ, այսինքն՝ կենդանիների և մարդու միջև կա վարակի, այսպես կոչված, «միջանկյալ կրող»: