Կառավարության նոր որոշման նախագիծը ենթադրում է շրջանառության հարկի բարձրացում, ինչը նշանակում է առողջապահական և կրթական ծառայությունների գների աճ: Այս առնչությամբ բժիշկ Վահե Տեր-Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ եթե այս որոշումն ընդունվի, ապա մոտավորապես 20 տոկոսով կավելանան բոլոր բժշկական ծառայությունների գները. «Եթե շրջանառության հարկը բարձրանա, ոչ մի առողջապահական հիմնարկ իրեն չի կարողանա թույլ տալ պահել նույն գները, որովհետև առանց այն էլ այնպես չէ, որ նրանք գերշահույթներով են աշխատում»:
Ինչ վերաբերում է պետպատվերին, մեր զրուցակիցը նշեց, որ որոշման մեջ հակասություն կա, քանի որ մի կողմից՝ հարկի բարձրացմամբ ցանկանում են փակել բյուջեի ճեղքվածքը, մյուս կողմից՝ ասում են, թե կավելացնեն պետպատվերի քանակը. «Սակայն պետպատվերի քանակը դեռևս որակի չի վերածվել, որովհետև, այո, վերջին երկու տարվա ընթացքում ակնհայտ փոփոխություն կա, և առողջապահական հիմնարկներն ավելի շատ գումար են ստանում պետպատվերի շրջանակներում բուժված հիվանդների համար, բայց, միևնույն է, դրանք շատ հեռու են այսօրվա շուկայական գներից»:
Վահե Տեր-Մինասյանի կարծիքով՝ առողջապահական համակարգի վրա ևս մեկ հարկ դնելը նշանակում է վատություն անել այդ համակարգին. «Գինը բարձրացնելու հետևանքով մարդիկ չեն վիրահատվելու, չեն բուժվելու, այսինքն՝ որոշակի խավի քաշելու ենք մի կողմ ու ասելու ենք՝ դու մի բուժվիր»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: