
Երկրորդ գումարման ԱԺ պատգամավոր, 2000-2003 թվականներին Ռուսաստանի Դաշնության կառավարությունում ՀՀ կառավարության Հատուկ ներկայացուցիչ Տարոն Սահակյանի տարեվերջին մի քանի անգամ հարցաքննվել է Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով վերաբացված գործի շրջանակներում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Սահակյանը։
Հիշեցնենք, որ վերջինս անցած տարեվերջին մեզ հետ զրույցում դժգոհել էր գործի քննությունից՝ նշելով, որ ԱԱԾ վարույթում քննվող գործով ամեն բան արվում է այն այլ ուղղով տանելու և գործը չբացահայտելու համար։ Ավելին, Սահակյանը նաև նշել էր, որ այս գործից շատ կարևոր փաստաթղթեր են անհետացել, իսկ իր տված շատ կարևոր ցուցմունքները հասանելի են դարձել երրորդ անձանց, ինչը կոնկրետ իր համար բազմաթիվ խնդիրներ էր առաջացրել։
Սահակյանն ասաց, որ հարցաքննվել է դեկտեմբերի 29-ին միայն այն բանից հետո, երբ ինքը մի քանի անգամ գնացել է ԱԱԾ ընդունարան և հանդիպում պահանջել ԱԱԾ տնօրենի հետ։
«Միայն այդքանից հետո ներս կանչեցին ինձ հարցաքննության, բայց կրկին վկայի կարգավիճակով։ Մեկ տարի է ինձ հարցաքննում են վկայի կարգավիճակով և որոշում չեն կայացնում ինձ տուժող ճանաչել, որի համար ես գրավոր դիմել եմ։ Իրենք ինձ տուժող ճանաչելու որոշում պետք է կայացնեն և ես ակնկալում եմ, որ այս տոներից հետո դա պետք է լինի։ Ես շատ բաներ եմ ներկայացրել, որոնք ստուգվել են, նայվել են և դրանից հետո ինձ տուժող ճանաչելու հիմքերն ամբողջությամբ կան»,-ասաց Սահակյանը։
Մեր դիտարկմանը՝ հարցաքննվելուց ի՞նչ տպավորություն է ստացել, շարունակում է կարծել, որ ամեն բան տարվում է դեպի փակուղի, Սահակյանը պատասխանեց. «Այսպես ասեմ՝ մինչև պատերազմը մի իրավիճակ էր, պատերազմից հետո՝ լրիվ ուրիշ իրավիճակ։ Պատերազմից հետո, երբ դեռ շատ հարցեր կային բաց, իմ մոտ սուբյեկտիվ պահ կար, որ նախկին գործելակերպը շարունակվում է։ Այդպես է, թե այդպես չէ, կերևա առաջիկայում։ Ամեն դեպքում շատ բաներ բացահայտվեց, որը հիմք է տալիս ենթադրելու, որ եթե արագ գործողություններ չարվեն, ապա էլ ավելի վտանգավոր գործընթացներ կսկսվեն։ Հետևաբար ես ակնկալում եմ, որ առաջինը իմ՝ տուժողի կարգավիճակ տալու որոշում կկայացվի, կամ հիմնավոր մերժում կլինի, որից պարզ կդառնա իմ ներկայացվածը փաստեր են, թե երևակայության ժանրից։ Ես սպասում եմ իրենց հիմնավորումներին։ Այդ ամենից հետո շատ բան պարզ կլինի։ Պարզ կդառնա, թե գործողությունները ուր են տանում»,- եզրափակեց Տարոն Սահակյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասով քննությունը կարճվել էր 2004-ին, որից հետո կարճման որոշումները այդպես էլ իրավահաջորդներին չէին տրամադրվել: Անցած տարի Հոկտեմբերի 27-ից հետո՝ նոյեմբեր ամսին, Անահիտ Բախշյանը դիմել էր գլխավոր դատախազություն և ստացել կարճման որոշումը, որը և բողոքարկել էր։ Գլխավոր դատախազությունն էլ բավարարել էր բողոքը և որոշել կարճված մասով գործի քննությունը վերսկսել։ Գործի քննությունը, գլխավոր դատախազության որոշմամբ, հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայությանը։ Դեռևս այդ ժամանակ Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ չի վստահում ԱԱԾ-ին, քանի որ նախկինում հենց ԱԱԾ-ն է Հոկտեմբերի 27-ի գործը սխալ ճանապարհով տարել։ Բախշյանը բողոքարկել էր դատախազության որոշումը, սակայն այն մնացել էր անփոփոխ։