Իրանում և Իրաքում տեղի են ունենում զանգվածային ցույցեր՝ ի հիշատակ ԱՄՆ-ի կողմից սպանված Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի: Մասնակիցները բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ միասին խոստանում են վրեժ լուծել Վաշինգտոնից՝ նշում է Press TV-ն իր Twitter-ում:
Հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ պաստառներով և սպանված գեներալի լուսանկարներով: Բացի նրանից, ցուցարարները հիշել են նաև նույն օրը սպանված Իրաքի շիիթական աշխարհազորի հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսին:
Նշվում է, որ տեղի իշխանությունները նաև ձևավորել են ինստալյացիաներ ի հիշատակ սպանվածների. նրանք հիմնականում ներկայացված են մարդատար ավտոմեքենաներով, որոնց վրա հրթիռ է ընկնում: Իրանցի բարձրաստիճան պաշտոնատար անձինք պնդում են, որ տեղի ունեցածը վերամիավորել է ինչպես երկրների քաղաքացիներին, այնպես էլ Բաղդադը Թեհրանի հետ: