Անդրադառնալով Երևանում քաղաքաշինության՝ կանաչ տարածքները ոչնչացնելուն միտված գործողություններին, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում մասնավորապես անդրադարձավ Երևանի կենտրոնում գտնվող 3 բակերի կանաչապատ տարածքները ոչնչացնելու փաստին:
Նրա խոսքով՝ այս անգամ հարվածի տակ են հայտնվել Եզնիկ Կողբացի փողոցի կանաչապատ տարածքը, Աբովյան փողոցում՝ Մանկական գեղագիտական կենտրոնի բակի, Նալբանդյան 105 ա ու Շահումյան դպրոցի հարևանությամբ գտնվող կանաչապատ տարածքները:
«Ընդամենը մի փոքր տարածք է կենտրոնում, ու բնակիչները պայքարում են իրենց իրավունքների համար, սակայն ոչինչ չի ստացվում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Շահումյան դպրոցի կանաչապատ տարածքում պայքար էլ չի գնացել, իսկ Աբովյան փողոցի կանաչապատ տարածքները դեռ նոր են սկսում ոչնչացնել:
«Որ նայեք՝ ինչ է կատարվում: Կառուցապատման կռունկը մտնում է մարդկանց պատշգամբը»,- ասաց Կ.Դանիելյանը՝ հավելելով, որ մարդկանց զրկում են ապրելու հնարավորությունից:
«Երևանի պատկերն այսօր սա է»,- ցավով արձանագրեց նա:









































