«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։
– Պարոն Էստուկյան, 2021 թվականին արտաքին մարտահրավերներին դիմակայելու ի՞նչ քայլեր պետք է իրականացնի Հայաստանը։ Թուրքիայի հետ սահման բացելու հնարավորություն կա՞, ինչպես պնդում է Էրդողանը, սրանք սին խոսքեր են։
– Այս իրավիճակը՝ սահմանի հետ կապված, 22 տարվա պատմություն ունեցող խնդիր է։ Հիմա շատ ավելի լուրջ անցուդարձ է Հայաստանի ներսում, և կարևոր է, թե ինչպես պետք է հանգուցալուծվի առկա պառակտումը։ Մի մասը պահանջում է վարչապետի հրաժարականը, Փաշինյանի թիմակիցներն էլ քիչ չեն, հետզհետե իրավիճակը սրվում է։ Եվ այս պայմաններում ներքաղաքական հարցերը պետք է փորձել լուծել։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, գուցե Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում հնարավոր է այսօր խորհրդակցություններ սկսել, որ, քանի որ արցախյան հիմնահարցը կայացել է, բացել հայ-թուրքական սահմանը։ Եվ եթե նույնիսկ Թուրքիան պատրաստ է, բայց Հայաստանն էլ պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ սահմանի բացմանը, բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն։ Ես այնքան էլ ոգևորված չեմ լինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շատ ավելի բարելավումով։ Մենք տարածքների, շատ զինվորների կորուստ ունեցանք, և այս իրավիճակում բանակցություններ վարել սահմանի բացման համար, հարմար պահ չէ։ Ի վերջո, իրենք են փակել սահմանը, և սա իրենց խնդիրն է, ոչ թե մեր։ Եվ իրենք պետք է շահագրգիռ լինեն։
– Հայաստանը ի՞նչ քայլեր պետք է անի արտաքին ճակատում դիմակայելու և այլընտրանքներ գտնելու ուղղությամբ։
– Կարծում եմ՝ այս իրավիճակը նախ պետք է հանդարտվի, և այս կառավարության կազմակերպմամբ պետք է ընտրություններ տեղի ունենան։ Որովհետև, եթե հիմա Փաշինյանը հրաժարական տա և ժամանակավոր համախոհական կառավարություն ձևավորվի, որը պետք է գործի մինչև ընտրություններ, մենք չենք կարողանալու ընտրությունների անհապաղ կայացմանը վստահել, քանի որ անցյալում Հայաստանում ընտրությունները կեղծիքներով և ընտրակաշառքներով են ընթացել, և հիմա հնարավոր է՝ այդ սցենարը կրկնվի։ Եվ պետք է շատ զգույշ լինել։ Փաշինյանի կառավարությունն ինքը պետք է կազմակերպի ընտրություններ արդարության հիմքի վրա։ Այլ ելք չկա, քան ճշտել ընտրության թվականը, օրինակ, 2021-ի մարտ, կամ փետրվար։ Այլևս թավիշը պետք է մի կողմ դնել, թավիշը շատ տևեց, և նախկին իշխանավորները առիթը բաց չթողեցին ակտիվանալու։ Եվ հիմա պետք է պատրաստ լինել մարտահրավերները հաղթահարելու։
– Իսկ ինչպե՞ս է Թուրքիայի հայերի վիճակը, պատերազմից հետո արդյո՞ք որևէ բան փոխվել է
– Ոչ, այդ հարցում փոփոխություն չկա, սակայն այստեղ գտնվող հայերի շրջանում անհանգստություն կա Փաշինյանի կառավարության ճակատագրի վերաբերյալ, որ նրա դեմ ցույցեր են տեղի ունենում: