Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի պետի տեղակալ, փոխծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ սիրիական Իդլիբում թուրքամետ ավազակային կազմավորումների կողմից վերահսկվող տարածքից հակատանկային համալիրից գնդակոծվել է Ռուսաստանի ռազմական ոստիկանության զրահավոր փոխադրիչ մեքենան:
Միջադեպը տեղի է ունեցել Իդլիբի դեէսկալացման գոտու հարավարևելյան հատվածում գտնվող Թրումբա բնակավայրի տարածքում թուրքական դիտակետի անվտանգ դուրսբերումն ապահովելու ընթացքում:
Ինչպես նշված է ՌԴ պաշտպանության նախարարության մամլո հաղորդագրության մեջ, միջադեպի արդյունքում երեք ռուս զինծառայողներ թեթև վնասվածքներ են ստացել: Նրանք անհապաղ տեղափոխվել են ռազմական հիվանդանոց: Այժմ զինվորականների առողջությանը վտանգ չի սպառնում: