Ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգը, որը Թուրքիան ձեռք է բերել Ռուսաստանից, վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար: Այս մասին Dpa գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Ես արդեն բազմիցս նշել եմ Թուրքիային, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության համակարգը համատեղելի չէ ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ: S-400 համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանությանը»,- հավելել է նա:
Ստոլտենբերգը նաև նշել է, որ այդ կապակցությամբ ինքը աջակցում է Անկարայի բանակցություններին դաշինքի անդամ այլ երկրների հետ Patriot կամ SAMP / T հակաօդային պաշտպանության համակարգերի հնարավոր մատակարարումների շուրջ:
«Դրանք համակարգեր են, որոնք կամրապնդեն Թուրքիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները և միևնույն ժամանակ կկարողանան ինտեգրվել ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին», – շեշտել է գլխավոր քարտուղարը: