Թե բնապահպանական ինչ գործոններով է պայմանավորված Երևանում եղանակային այս շոգ ջերմաստիճանը, «Առաջին լրատվականը» փորձեց պարզել՝ զրուցելով «Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զարաֆյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ շոգը Երևանում նորմալ երևույթ է, սակայն հիմա մարդիկ այլևս զովանալու նպատակով, օրինակ, Հրազդանի կիրճում չեն կարող իրենց հանգիստն անցկացնել:
«Հրազդանի կիրճի երկու կողմում գտնվող կանաչ գոտին փրկում էր քաղաքը: Դրանք հիմա կտրել ու օբյեկտներ են սարքել՝ խախտելով ամբողջ էկոհամակարգը»,- ասաց բնապահպանը՝ ընդգծելով, որ դա է պատճառը, որ այդքան ծանր ենք տանում շոգը:
Վերջինիս խոսքով՝ գաղտնիք չէ, որ Հրազդանի կիրճում կանաչ տարածքները հատում են՝ տեղում կառուցապատում իրականացնելու համար, բացի այդ՝ Գետառի բետոնապատմամբ կտրվել է քաղաքի համար անչափ կարևոր «ջրային զարկերակը»:
«Գետառը քաղաքի զարկերակն էր: Դա մեր քաղաքի արյունը պետք է մաքրեր: Մի զարկերակն ամբողջությամբ փակեցինք, գիպսապատեցինք, երկրորդից (նկատի ունի Հրազդանը) ամբողջությամբ հեռացրինք շնչուղիները»,- նշեց Ի. Զարաֆյանը՝ հավելելով, որ ներկայում կորցնում ենք Հրազդանը՝ որպես էկոհամակարգ:
«Հիմա մնացել է Բուսաբանական այգին, որը չի կարող կատարել քաղաքը շոգից պաշտպանելու ֆունկցիան: Կորցնելով՝ ոչինչ ձեռք չենք բերում»,- խոսքը եզրափակեց Ի. Զարաֆյանը:










































