«Փաստարկ» ակումբում հյուրընկալված ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը տեղեկացրեց, որ օգոստոսի 10-ին տեղի կունենա Ազգային ինքնորոշում միավորման ներկայացուցչական խորհրդի նիստը, որում կներկայացվի գործողությունների ժամանակացույց, գործողությունների ծրագիր՝ ուղղված կուսակցություններին: Ծրագիրը կոչվում է՝ «Վերածնունդ ԱՄԿ»:
Պ.Հայրիկյանը կարծում է, որ Հայաստանի մեծագույն խնդիրը ժողովրդավարության բացակայությունն է. «Իրական ժողովրդավարությունը համադարման է բոլորիս համար: Ժողովրդավարության պայմաններում հասարակության ողջ ներուժն է բացահայտվում: Ժողովրդավարության բացակայության դեպքում մենք ունենք կամազուրկ զանգված: Ուրեմն, ժողովրդավարությունը մեզ համար նաև անվտանգության խնդիր է»:
Արդյոք ԱԻՄ-ը կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին և կարո՞ղ է համագործակցել քաղաքական այլ ուժի հետ,- հարցրին լրագրողները:
Պ.Հայրիկյանը նախ նկատեց, որ պարտավոր են մասնակցել ընտրություններին: Նաև հավելեց, որ իր կուսակցության ծրագիրը վերաբերում է առաջիկա արտահերթ ընտրություններին, որը, ըստ նրա, «շատ քիչ է հավանական» և «հակասահմանադրական է»: Նա նկատեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման համար նախ Ազգային ժողովը պետք է արձակվի, իսկ այն կարող է արձակվել սահմանադրությամբ նախատեսված պայմաններում: «Ենթադրենք՝ այդ գժությունը՝ արտահերթ ընտրությունները, լինեն, մեր այս ծրագիրը, որ ներկայացնում ենք, վերաբերվում է այդ խնդրին: Այո, պետք է համագործակցել և պետք է համագործակցել հանուն Հայաստանում մարդու քաղաքական իրավունքների լիարժեք կայացման, և մասնակցել ընտրություններ կոչվող միջոցառմանը ոչ թե ընտրություններում ինչ-որ տեղ գրավելու, այլ Հայաստանը բարեփոխելու համար»,- նշեց Պ.Հայրիկյանը:
Նա կարծում է, որ Հայաստանում ընտրություն չի լինելու, եթե չգնան ԱԻՄ-ի նշած ճանապարհով. «Լավագույն դեպքում, ինչպես Ռոբերտ Քոչարյանն ու Կարեն Դեմիրճյանն իրար հետ բարիշեցին, այդպես էլ Սերժն ու Լևոնը իրար հետ կբարիշեն»,- նշեց նա՝ հավելելով, որ մեր ժողովրդի չարիքների մեջ մեծագույն տեղ է գրավել այն, երբ սպարապետը փորձել է թագավորին գերազանցել:
Թեև Հայրիկյանը նկատեց, որ «ընտրությունը ընտրություն չի լինելու», այնումենայնիվ կարծում է, որ բոլոր քաղաքական ուժերը մի կարճ փուլի համար, ժամանակավորապես մի կողմ դնելով կուսակցական և անձնական հավակնությունները, պետք է համախմբվեն:
Պատասխանելով հարցին, թե հետևո՞ւմ է Հայ ազգային կոնգրեսի և իշխանությունների միջև ընթացող երկխոսությանը և արդյո՞ք կարծում է, որ դրա արդյունքում բարձրացել է Հայաստանի վարկանիշը միջազգային ասպարեզում, Հայրիկյանն ասաց. «Միջազգային հանրության այն ներկայացուցիչները, որոնք գոհունակություն հայտնեցին ընդդիմություն և իշխանություն երկխոսության համար, մեղմ ասած՝ տհաս են: Ցանկացած երկրում սահմանադրությունն է սահմանում երկխոսության ամբիոնը և կարգը: Այստեղ մեկ հաջողություն կա մեր հասարակության համար: Այն է, որ իշխանությունները արձանագրեցին, որ իրենք լեգիտիմ չեն, որովհետև օրինավոր իշխանությունը պետք չուներ ամբիոններ ստեղծելու և շոուներ կազմակերպելու: Նա ընդամենը պետք է ասեր՝ բա՞ն ունես ասելու, ասա, լսում եմ, ասացիր՝ լսեցի: Հրաժարակա՞ն ես ուզում, համաձայն չեմ, հաջողություն, ինչ ուզում ես արա՝ ցույցեր, հայտարարություններ, հանրահավաքներ ունես սահմանադրորեն: Բայց երկխոսության ամբիոնը՝ խորհրդարանն է»:
Իսկ անդրադառնալով երկխոսությանը՝ Հայրիկյանը նշեց. «Այս երկխոսություն-ներկայացումն ինձ համար շատ ցածրորակ ներկայացում է, որևէ բան չի խոստանում՝ ժամավաճառություն է: Կամ էլ մեր ժողովրդի համար անպտուղ համագործակցության վերականգնում է: Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը ժամանակին համագործակցել են։ Հիմա կարող են էլի իրար հետ միանալ։ Ես երկու հայերի միացումը միշտ էլ դրական եմ համարում, բայց որ դրանից կարող է մեր հասարակական կյանքում ինչ-որ բան փոխվել՝ դրա հիմքերը չունեմ, որովհետև որևէ մեկի ծրագիրը չեմ տեսել»:









































