
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։
Օրերս վարչապետի հրաժարականի պահանջին միացավ նաև նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Հայտարարությանը, ըստ մամուլի հրապարակումների, նախորդել էր նրա ու Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը։ Դրանից հետո կարծիքներ կան, որ 16 ուժերի վարչապետի իրական թեկնածուն հենց նա է։ Դուք էլ եք այդպես կարծո՞ւմ։
Միանգամայն հավանական է. Վ. Մանուկյանի ստվերից Ռ. Քոչարյանի բացահայտորեն դուրս գալը հասարակության համար հերթական շոկի ազդեցությունը կունենար, նաև ինքնապաշտպանության անհրաժեշտության գիտակցությանը և նրանց վերադարձին ընդդիմացողների մոբիլիզացիային կնպաստեր: Փոխարենը փորձ է արվում «արհեստավարժ» թեկնածուի շղարշ ստեղծել:
Սակայն կա ևս մի հանգամանք, լրացուցիչ երանգ. անկախ նրանից, որ խոսքը նույն կլանի և համապատասխան աշխարհաքաղաքական շահերի ներկայացուցիչների մասին է, Կ. Կարապետյանի միջամտությունը խորհրդանշական է այն առումով, որ նա օտարերկրացի է, և Հայաստանի Հանրապետությունը դիտվում է որպես, այսպես ասած, ֆորպոստ, կամ «проходной двор», կամ «խոպան», բայց ոչ պետություն: Այսինքն, նրա շուրջ խմբվել պատրաստ մարդկանց համար նշանակություն չունի, որ նա այլ երկրի պետականամերձ կոմերցիոն կառույցից եկել ու պաշտոն էր զբաղեցրել, այնուհետև վերադարձել իր երկիր՝ նույն կոմերցիոն կառույցի մեկ այլ ճյուղում աշխատելու, նորից եկել Հայաստան ու պաշտոնավարել, հետո նորից վերադարձել իր հարազատ կոմերցիոն կառույց, այժմ էլ հերթական անգամ են ուզում նրան Հայաստանում պաշտոնավարելիս տեսնել: Սա է կլանի պատկերացումը պետության մասին. ի դեպ, նույն մտածելակերպի արտահայտություն էր այլ երկրում մնացած և քաղաքացիություն ստացած նախկին դեսպանին պաշտոնի նշանակելը:
Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն ավելի ուժգնանա և նա ամեն դեպքում որոշում կայացնի զիջել իշխանությունը, իշխանության ներսում տեսնո՞ւմ եք մեկին, ով կարող է վերցնել այդ պատասխանատվությունը։
Այս համատեքստում դժվարանում եմ որևէ անձի նշել, քանի որ «Քաղաքացիական պայմանագրի» և «Իմ քայլի» ներքին անցուդարձից այնքան էլ լավատեղյակ չեմ: Բայց այդ դեպքում նաև հնարավոր թեկնածուների քաղաքական կշիռը և մասնագիտական հատկանիշներն առաջնային չեն լինի: Խնդիրն այն է, որ առանց արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հստակ որոշման Ն. Փաշինյանի հրաժարականի դեպքում հակասահմանադրական ճանապարհով որպես «փրկիչ» հանդես գալ ցանկացողները միայն առավել ագրեսիվ կդառնան՝ բախումների և հակասահմանադրական զարգացումների ավելի մեծ հավանականությամբ:
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է քաղաքական ուժերի հետ հանդիպումները։ Արդյո՞ք դա նշանակում է, որ նա փորձ է անում իր շուրջը համախմբել քաղաքական ուժերին՝ դառնալով վարչապետի այլընտրանքային թեկնածու, և ինչ շանսեր ունի նա։ Ներկա իշխանություններից դժգոհ, բայց նախկինների վերադարձը չցանկացող զանգվածը կարո՞ղ է համախմբվել նրա շուրջ։
Թերևս փորձ է անում հանդես գալ արբիտրի դերում՝ հետագայում այս կամ այն կերպ, թեկուզ սահմանադրությամբ նախագահին լրացուցիչ իրավասություններ տալով, իր լիազորություններն ընդլայնելու ակնկալիքով: Սակայն առայժմ հանդիպումները մեծ մասամբ «ազգային միասնության» կառավարության՝ հակասահմանադրական լուծման ձգտող, արտահերթ ընտրությունների անցկացմանն ընդդիմացող ուժերի հետ էին, որոնք էլ այդ հանդիպումների փաստն օգտագործում են որպես իրենց ամբիցիաների լրացուցիչ հիմնավորում: Իսկ ներկա իշխանություններից դժգոհ, բայց նախկինների վերադարձը չցանկացողների համար առավել ընդունելի լուծումը, կարծես թե, արտահերթ ընտրություններն են, և ըստ այդմ, նրանք հազիվ թե համախմբվեն «ազգային միասնության» կեղծ օրակարգի տիրույթում իրավիճակային լուծում ենթադրող թեկնածուի շուրջ: