ՀՀ Կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց աղանդների հակաօրինական գործունեության դեմ պայքարի միջոցների և արդյունավետության մասին՝ իր խոսքում մասնավորապես նշելով, որ, իրենց դիտարկումների համաձայն, չի նկատվում աղանդների ակտիվացում:
Նրա խոսքով՝ կրոնական կազմակերպությունները սկսեցին ակտիվանալ 20 տարի առաջ, երբ ընդունվեց խղճի և մտքի ազատության նորմը: Վարդան Ասցատրյանը նշեց, որ կրոնական կազմակերպությունների զգալի մասը սկսեց առաջանալ հենց այդ ժամանակ, որին հետևեց նրանց յուրացման և հաստատման ընթացքը.
«Խորհրդային տարիներին կրոնական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակ էր, իսկ երբ Հայաստանը միջազգային մի շարք օրենքներ ընդունեց, ազատության այդ մթնոլորտը նպաստեց կրոնական կազմակերպությունների աշխուժացմանը»,- ասաց Վ.Ասցատրյանը՝ նշելով, որ իրականում գոյություն չունի «աղանդ» հասկացություն, նախկինում օգտագործվել են «հերձուած», «հերետիկոս» անվանումները, իսկ ներկայումս վերջիններիս տրվում է «կրոնական կազմակերպություն» անվանումը:
Խոսելով կրոնական կազմակերպությունների հակաօրինական գործողություններից՝ Վ.Ասցատրյանը նշեց, որ դրանք այդպիսին կարող են բնութագրվել միայն հակաօրինական գործողություններ կատարելու դեպքում: Իսկ խոսելով պայքարի մեթոդներից՝ ասաց, որ որոշակի ռազմավարություն որդեգրված չէ, և նրանց դեմ պայքարին միջոցներ չկան, քանի որ չկան վիճակագրական տվյալներ ու փաստեր:
Եկեղեցու մասնակցությունը, ըստ Ասցատրյանի, կարող է ավելի գործուն դարձնել կրոնական կազմակերպությունների դեմ պայքարը՝ կարևորելով հասարակական արձագանքը, հասարակության վերաբերմունքը այս պայքարի միջոցներում:










































