Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Դավիթ Օվասափյանը չդարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալակիր:
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող գավաթի խաղարկության 130 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշը մրցեց Ուկրաինայից Միկոլան Կուչմանի հետ: Օվասափյանը հաղթում էր 1:2 հաշվով սակայն վերջին վայրկյանին կորցրեց զգոնությունը և պարտվեց 3:2 հաշվով:
Նախօրեին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը: 67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և 2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝ Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատական խաղարկության բրոնզե մեդալակիր: