Դեկտեմբերի 14-ին Google-ի աշխատանքի զանգվածային խափանում է տեղի ունեցել նույնականացման համակարգի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն այժմ բոլոր ծառայությունների հասանելիությունն ամբողջությամբ վերականգնված է: Այս մասին հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրանք բացատրել են, որ խափանումը տեղի է ունեցել ներքին պահեստավորման քվոտայի հետ կապված խնդիրների պատճառով: Ծառայությունները, որոնք օգտատիրոջից պահանջում են մուտք գործել համակարգ, սկսել են բազմաթիվ սխալներ թույլ տալ:
«Մենք ներողություն ենք խնդրում բոլորից, ում անհարմարություն է պատճառել այսօրվա խափանումը և աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի հետագայում այս իրավիճակը չկրկնվի»,- ասել են ընկերությունից:
Խափանումը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 16:00-ի սահմաններում: Օգտատերերը չեն կարողացել բացել YouTube, Gmail, Google Drive և Google-ի որոշ այլ ծառայություններ: