Ռուս խաղաղապահները շարունակելով իրենց շուրջօրյա մշտադիտարկումները դեկտեմբերի 11-ին արձանագրել են հրադադարի խախտման առաջին դեպքը: Այս մասին նշված է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության դեկտեմբերի 12-ի տեղեկագրում: «Խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում 23 դիտակետերում: Դեկտեմբերի 11-ին արձանագրվել է հրադադարի խախտման մեկ դեպք»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 12-ին վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:
Արցախի ՊԲ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։