
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
– Պարոն Մարտիրոսյան, փաստացի, առանց ձեր առաջարկները հաշվի առնելո՞ւ են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը ներկայացրել:
– Հիմնականում, այո՛, չհաշված այնտեղ մի փոքր փոփոխություն մտցնելը: Բայց հիմնական առաջարկը չեն ընդունել:
– Հիմնական առաջարկը ինչի՞ հետ էր կապված, որին դեմ էր ԿԳՄՍ նախարարությունը:
– Հիմնական առաջարկը եղել է այն, որ մեր համակարգը ներառում է ականավոր գիտնականներին և գիտական կազմակերպություններին: Այդ նախագծի 25-րդ հոդվածով Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակում պակասում է այդ հիմնարկների միավորումը, որը փաստորեն նշանակում է ակադեմիայի լիկվիդացում:
– Նախարարության հիմնավորումները որևէ կերպ համոզիչ չեղա՞ն ԳԱԱ-ի համար:
– Որ համոզիչ լինեին, մենք դրան կհամաձայնեինք: Այս նախագծով մեր գիտությունը կանգնում է լրջագույն դժվարությունների առջև: Սա նորություն չի մեզ համար, նախկին խորհրդային մի շարք երկրներում՝ Վրաստանում, Բալթյան երկրներում, Ղազախստանում նման բան արել են, այսինքն՝ ինստիտուտները ակադեմիայից հանել են: Դա բերել է գիտության վիճակի ահավոր ծանրացման և գիտական գործունեության ակտիվության նվազման: Այդ մասին բոլորը գիտեին:
– Ձեր կարծիքով՝ այս նախագծի նպատակը ո՞րն է, կառավարությունն ուզում է Գիտությունների ակադեմիա չունենա՞նք:
– Ես չգիտեմ, դա արդեն նախագծի հեղինակներից հարցրեք:
– Օրերս ԳԱԱ-ն հայտարարություն տարածեց և միացավ վարչապետի հրաժարականի պահանջին: Ակադեմիայի բոլոր կառույցները միացե՞լ են այդ հայտարարությանը, և սա ո՞ւմ նախաձեռնությունն էր:
– Գիտնականների նախաձեռնությունն է: Մեր հայտարարության մեջ նշված է, որ դեմ ենք բոլոր տիպի առճակատումներին: Մենք համաձայնության, համերաշխության կոչ ենք անում, որ եթե ինչ-որ բան պետք է լինի, լինի միայն օրենքի և օրինականության սահմաններում: