Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաքայնը խորհուրդ է տալիս Բաքվին զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո: Ըստ «ՌԻԱ Նովոստի»ի, այս մասին Փաքայնը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Բանաստեղծությունն ընթերցելով՝ Էրդողանը ցույց տվեց պատմության, աշխարհագրության, և իրավիճակի (տարածաշրջանի-խմբ.) վերաբերյալ իր անտեղյակությունը: Նա բարձրացրեց ադրբեջանական շրջանները Իրանից բաժանելու սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ դրեց Ադրբեջանի Հանրապետության անկախությունը: Իր ընկերությամբ Անկարան Բաքվին արջի ծառայություն է մատուցում։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,- գրել է նախկին դեսպանը:
Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել էր Իրանի արտաքին գործերի նախարարություն` Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից արտասանած բանաստեղծության մի հատվածի առնչությամբ:
Բանաստեղծությունը վերաբերում էր Արաքս գետին, որի մի մասը անցնում է իրանա-ադրբեջանական սահմանով և որը, ինչպես մեջբերեց Էրդողանը, «առանձնացվել է», ինչը կարող էր Թեհրանի դժգոհության պատճառ դառնալ: Թեհրանը Էրդողանի խոսքերը համարել էր «անընդունելի» և բացատրական զրույց ունեցել Թուրքիայի դեսպանի հետ` ասելով, որ «տարածքային պահանջների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի ժամանակները վաղուց անցել են», և Իրանը չի հապաղի ազգային անվտանգությանը վերաբերող հարցերում: