Ռուսաստանի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հնարավոր է համարել Թբիլիսիի հետ երկխոսություն սկսելը, բայց մի շարք պայմաններ կատարելու դեպքում: «Սա իմ անձնական տեսակետն է, այլ ոչ թե Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը: Վրաստանի հետ երկխոսության վերականգնման հնարավորությունը քննարկելու համար Թբիլիսին պետք է օբյեկտիվորեն ընդունի այն, ինչ տեղի ունեցավ 2008 թ. օգոստոսին, եւ երկրորդ` հրաժարվի «բռնազավթված տարածքներ» արտահայտությունից»,- ասել է Կոսաչովը, հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանի ամբիոնից, հայտարարել էր, որ ռուս-վրացական հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու մտադրությունն ապացուցելու համար Վրաստանը հանդես է գալիս միակողմանի նախաձեռնությամբ եւ հայտարարում է, որ Վրաստանը երբեք ուժ չի կիրառի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:
Մինչդեռ երեկ ՌԴ ԱԳՆ-ը փաստեց, որ կասկածում Է Վրաստանի տարածքային ամբողջականության հիմնախնդիրը լուծելու համար ուժի կիրառումից հրաժարվելու վերաբերյալ Թբիլիսիի հայտարարությունների անկեղծությանը: «Միխեիլ Սաակաշվիլին նախկինի պես փորձում Է միջազգային հանրությանը համոզել ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ ինչ-որ հակամարտության գոյության մասին, այնինչ խոսքը Թբիլիսիի եւ Աբխազիայի ու Հարավային Օսիայի ժողովուրդների միջեւ բազմամյա հակամարտության մասին Է, որը 2008թ. օգոստոսին Վրաստանի հերթական ուժային արկածախնդրության հետեւանքով լուծվեց այդ ժողովուրդների վերջնական ինքնորոշմամբ»: ՌԴ ԱԳՆ-ը նշել էր, թե հնարավոր է լուրջ ընկալել Վրաստանի նախագահի խոսքերը միայն այն բանից հետո, եթե դրանք թղթին հանձնվեն եւ իրավական ուժ ստանան: