Բրիտանացի մի քանի գործարար պատրաստվում են փնտրել ոսկի Բեռլինի հյուսիսում Շտոլպզեե լճի հատակին, որն այնտեղ ջրասույզ էր արվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիստական Գերմանիայի ռայխսմարշալ Գերման Գերինգի հրամանով: Այս մասին հայտնում է գերմանական Bild-ը:
Պատերազմն ավարտվելուց քիչ առաջ լճում ջրասույզ է արվել18 արկղ ոսկի: Թե ում է պատկանել այդ ոսկին՝ հայտնի չէ: Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով, անգլիացիները Կոբլենցի դաշնային արխիվում հայտնաբերել են ԷՍԷՍ-ի նախկինում անհայտ գաղտնի փաստաթղթեր և հարցաքննությունների ակտեր, որոնք ապացուցում են ոսկու գտնվելու վայրը: Նաև հայտնաբերվել է վկա` Էկհարդ Լիտց անունով, որը նշում է, որ տեսել է, թե ինչպես են ջրասույզ արվել արկղերը:
«Ես տեսել եմ 20-30 նիհարացած տղամարդկանց, որոնք կոնցլագերից էին և պետք է ծանր արկղերը տեղավորեին նավակների վրա: Նավակները վեց անգամ հասել են լճի կենտրոն, ջրասույզ արել արկղերն ու վերադարձել»,- պատմել է Լիտցը: Դրանից հետո, նրա խոսքերով, ճամբարի գերիներին սպանել են: «Երբ տղամարդիկ վերադարձան ափ, նրանց հրամայվեց կողք կողքի կանգնել: Վերջին բանը, որ ես տեսել եմ այն է եղել, որ զինվորներն ավտոմատներից արձակած կրակահերթով սպանեցին նրանց»,- նշել է նա:
Ըստ Bild-ի` 1981թ.-ին այդ արկղերն արդեն փնտրել են ԳԴՀ անվտանգության «Շտազի» ծառայության պետ Էրիխ Միլկեյի հրամանով: Լճի հատակին ոչինչ չի հայտնաբերվել:
«Գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ Շտոլպզեեն պատերազմից հետո թաղվել է շինությունների ավերակներով և աղբով: Սա շատ է բարդացնում որոնողական աշխատանքները: Հնարավոր է, որ այդ արկղերը՝ նորմալ վիճակում գտնվում են լճի հատակին»,- ասել է տեղի քահանաներից Էրիխ Կելերը:
Որոնողական աշխատանքների համար գործարարները մտադիր են օգտագործել նաև սուզանավ:










































