Իսպանացի հայտնի մասնագետ Խինես Մելենդեսը տարեվերջին կհեռանա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի պաշտոնից։ Մելենդեսի հետ կհեռանա նաև իսպանացի մասնագետների թիմը, որի առաջ խնդիր էր դրված զարգացնել հայկական ֆուտբոլը։ «Ցավոք, պայմանագիրն ավարտվում է: Արդեն տարվա վերջին նա ու իր թիմը մեկնելու են Հայաստանից: Բայց դրանով համագործակցությունը չի ավարտվի, Մելենդեսը կշարունակի ժամանել Հայաստան։ Մենք կարևորագույն նվաճումներ ունեցանք այս երկու տարում: Մենք ունենք ֆիզպատրաստության ծրագիր:
Մարզչական կրթության հայերեն թարգմանված նյութեր: Կունենանք նոր տեխնիկական տնօրեն: Շատ կարևոր է օգտագործել այն արժեքավոր դասախոսությունները, որ Մելենդեսն ու իր թիմը թողնում են մեզ:Մելենդեսի կարևորությունը նաև նրա բերած իմիջն է հայկական ֆուտբոլին: Նրա աջակցությամբ Հայաստանում հայտնվեցին Կապառոսը, Մինյանոն: Կազմակերպվեց դասընթաց, երբ բազմաթիվ մարդիկ հանուն նրա եկան Հայաստան: Եկավ նաև Դել Բոսկեն: Նման բաների շնորհիվ Հայաստանն իր դիրքերը ամրապնդեց ֆուտբոլային քարտեզում»,- երեկ առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։ Այսպիսով, հայկական ֆուտբոլի զարգացման իսպանական մոդելը դե յուրե ավարտված կարելի է համարել։ Այո, չի բացառվում, որ ՀՖՖ-ի նոր տեխնիկական տնօրենը շարունակի աշխատել Մելենդեսի ծրագրով, բայց․․․։ Որքանո՞վ կարելի է արդյունավետ և հաջողված համարել Մելենդեսի երկու տարում կատարած աշխատանքը։ Սկսենք նրանից, որ երկու տարում Հայաստանի պես երկրում նշանակալի փոփոխությունների հասնելը գրեթե անհնար է։ Մելենդեսի գլխավոր խնդիրը մանկապատանեկան ֆուտբոլի վերակենդանացումն էր, ինչպես նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականների համակարգումը։
Այս հարթություններում վերջին տարիներին փաստացի որևէ հաջողություն չենք ունեցել։ Ավելին, հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հավաքականը կրեց գերխայտառակ պարտություն, Եվրոպայի առաջնության ընտրական փուլում 0։10 հաշվով զիջելով Շվեդիային։ Այս խաղից անմիջապես հետո ՀՖՖ-ի նախագահն աշխատանքից ազատեց երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսին։ Նման որոշումից հետո կարծում ենք պարզ էր, որ համենայնդեպս երիտասարդական հավաքականի կտրվածքով իսպանական թիմի աշխատանքն ուղղակի տապալված է։ Երիտասարդական հավաքականն արդեն իսկ ունի նոր գլխավոր մարզիչ ի դեմս Ռաֆայել Նազարյանի։ Նոր տարուց հետո բացառությամբ ազգայինի, մեր բոլոր հավաքականները կունենան հայ մարզիչներ։ Մելենդեսի պաշտոնավարման հատվածում միակ արժեքավոր ձեռքբերումը կարելի է համարել Խոակին Կապառոսի ազգային թիմի գլխավոր մարզիչ նշանակելը։ Նման «կալիբրի» և մասնագիտական որակներ ունեցող մասնագետը Հայաստանի հավաքականն ըստ էության չէր ունեցել։ Արդյունքը երկար սպասեցնել չտվեց։ Թե որքան է եղել Մելենդեսի դերակատարումը Կապառոսին Հայաստան բերելու հարցում դժվար է ասել։ Փաստացի ունենք այն, ինչ ունենք։
Կարող ենք արձանագրել թերևս, որ իսպանական թիմին չհաջողվեց հայկական ֆուտբոլում ներդնել անկյունաքարը կամ ֆունդամենտը։ Հայկական ֆուտբոլի հիմքերը շարունակում են մնալ խարխլված և իրավիճակից դուրս գալու ելքը այս պահին չի նշմարվում։ Իսկ թե ինչպես է ՀՖՖ-ն մտադիր փնտրել զարգացման ուղիները և առաջ շարժվել ցույց կտա ժամանակը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀՖՖ-ի տեխնիկական պաշտոնում փոխարինելու է Սուրեն Չախալյանը, որն աշխատում է Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբում։