ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձել է Human Rights Watch միջազգային կազմակերպության զեկույցին։Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում․
«Human Rights Watch-ը քիչ առաջ հրապարակել է զեկույց ու արձանագրել, որ ադրբեջանական ուժերը գերեվարել են բազմաթիվ էթնիկ հայ զինվորականների: Ըստ զեկույցի՝ հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման: Այդ մասին վկայում են տեսանյութերը, որոնք հոկտեմբերից լայնորեն տարածվել են սոցիալական ցանցերում:

Կազմակերպությունը հատուկ նշում է արել, որ ադրբեջանական զինված ուժերը հայ գերիների նկատմամբ կիրառել են հարկադրանք՝ ունենալով նրանց նվաստացնելու դիտավորություն:
Human Rights Watch կազմակերպության հետ հանդիպման ընթացքում ինքս ներկայացրել էի ադրբեջանական վայրագությունները՝ շեշտելով, որ գերիների վերադարձն ու մարմինների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում։
Մենք շարունակում ենք միջազգային մարմիններին ներկայացնել ադրբեջանական զինված ուժերի խոշտանգումներն ու դաժանությունները՝ պատերազմական հանցագործություններ։
Նպատակն է ամեն ջանք գործադրել՝ աջակցելու համար գերիների վերադարձի ու զինվորների մարմինների փոխանակման րոպե առաջ կազմակերպմանը»։