Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է Հանրային խորհրդին՝ իրեն աջակցելու՝ Շուշիի թանգարանից դուրս բերել և ՀՀ տարածք տեղափոխել բազմաթիվ գործեր, որոնք մշակութային ժառանգության նշանակալի մաս են կազմում: Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ:
«Ես Հանրային խորհրդին ներկայացրի իրավիճակը, նույն օրը կապվեցի նաև Իտալիայի դեսպանի հետ, այդ խնդրի շուրջ նաև Իտալիայի հեռուստատեսությամբ ելույթ ունեցա: Շատերը չգիտեին, որ մեր արվեստի գործերը մնացել են գերեվարված: Ես ստանձնել եմ պատասխանատվություն, իմ կապերով, իմ աջակիցներով՝ այդ խնդրին լուծում տալ, ամբողջ աշխարհով մեկ ալիք եմ բարձրացրել»,- նշեց Ավետիսը:
Նա նաև ընդգծեց, որ արվեստը նույնպես հոգի է, որը փորձում է ոչնչացնել Ադրբեջանը: «Թուրքերը վախենում են ոչ թե հայերից, այլ հայկական մշակույթից, քանի որ մենք քրիստոնյա ենք, և քրիստոնեությունը մեծ սպասելիքներ ունի հայ ազգից: Ոչնչացնել մեր մշակույթը, մոռացնել տալ հային. սա է իրենց հաղթանակը, ոչ թե տարածքներ գրավելը: Մշակութային արժեքներով է ազգը որակ ստանում»,- նշեց քանդակագործը:
Նրա կարծիքով պետք է շատ արագ գործել: «Ես կապվել եմ Շարլ Ազնավուրի որդու, նաև Իտալիայի շատ քաղաքապետների հետ, բոլորը միացել են այս շարժմանը: Ես իմ առաջ դրել եմ խնդիր՝ խաթրով լինի, թե զոռով, փրկել Շուշիի թանգարանը»,- նշեց Վիգեն Ավետիսը՝ հավելելով, որ եթե մեր մշակութային արժեքները չփրկենք, ո՛չ մենք կհարգենք մեզ, ո՛չ աշխարհը:
Մանրամասն՝ տեսանյութում: