Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար դռնփակ հանդիպումներ է իրականացնում, այդ հարցում առանցքային դեր է վերապահելով Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին։
Այս մասին հայտնում է «Al Monitor» լրատվականի թղթակից Ամբերին Զամանը՝ գրում է ermenihaber.am -ը։
Ըստ նրա՝ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար որոշ ժամանակ առաջ ակտիվացրել է հետախուզական ծառայության գործունեությունը։
«Al Monitor»-ին հայտնած երեք գաղտնի աղբյուր հաստատել են, որ վերջին շաբաթների ընթացքում կայացած հանդիպումներից առնվազն մեկում ներկա է գտնվել Հաքան Ֆիդանը, սակայն այդ աղբյուրները հրաժարվել են մանրամասնել, թե որտեղ են կազմակերպվել հանդիպումները։
Լրագրողը, անդրադառնալով վերջին ժամանակաշրջանում Մերձավոր Արևելքում Իսրայելի ձեռնարկած քայլերին, հիշեցրել է ԱՄԷ-ի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նրա դիտարկմամբ՝ Իսրայելն այդ քայլով տարածաշրջանում սկսել է ամրապնդել իր դիրքերը և ազդել ուժային բալանսի փոփոխման վրա։
«Թուրքիան «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո մինչև օրս Իսրայելի հետ կուլիսային դիվանագիտություն է վարում»,- գրում է Ամբերին Զամանը։