Ոստիկանությունում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։
Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվեցին։
Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է»,- նշված է հաղորդագրության մեջ։