Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եթե Փաշինյանը քաղաքական դիակ է, ապա ստացվում է, որ նրան հոշոտելու կոչեր անողները լեշակեր բորենիներ են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը։

Պարոն Հովհաննիսյան, Նիկոլ Փաշինյանն իր վերջին հեռուստաուղերձի ժամանակ հիմնականում կենտրոնացավ նախկինների վրա։ Նրա խոսքով՝ նրանք ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս ու արյունով գալ իշխանության։ Նախկինների վերադարձով վախեցնելը իշխանությունը պահելու արդարացո՞ւմ է, թե՞ կան դրա նախադրյալները։

– Երկու հանգամանքներն էլ պետք է հաշվի առնել. Նիկոլ Փաշինյանը «նախկինների» վերադարձի թեման օգտագործում է իշխանությունը պահելն արդարացնելու նպատակով, բայց դա չի նշանակում, որ այն նույն ուժերը, որոնք Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին իշխող կոալիցիայի կազմում էին և այսօր նորից համախմբվել են ու նորից ձգտում են իշխանության հասնել, վտանգ չեն ներկայացնում: Հեղափոխության հաջորդ իսկ օրվանից այդ ուժերը ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խարխլեն երիտասարդներից բաղկացած ու փորձառությունից զուրկ փաշինյանական վարչախմբի միջազգային դիրքերը: Դա արվում էր և՛ արևմտյան ուղղությամբ՝ հիմնականում ԵԺԿ-ի հետ ՀՀԿ-ի կապերի ու Սերժիկ Սարգսյանի Բրյուսել կատարած այցերի միջոցով, և՛ ռուսաստանյան ուղղությամբ՝ Մոսկվայում հայտնի պրոադրբեջանական լոբբիստների միջոցով՝ ինչպես հայազգի հայտնի լոբբիստների, այնպես էլ այլազգի հայտնի լոբբիստների: Ռուսական ուղղությամբ այս քայքայիչ ջանքերի կուլմինացիան եղավ հուլիսյան ռազմական միջադեպից առաջ Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում գնալով թափ են հավաքում հակառուսական ուժերն ու տրամադրությունները, որոնց դեմ ինքը մտադիր է պայքարել: Հենց այս պայմաններում և այս ֆոնի վրա Ալիևին, ով ճարպկորեն օգտվեց Հայաստանում հակառուսական ուժերի կտրուկ ակտիվանալու մասին բերիական ոգով արված այս կեղծ մատնությունից, հաջողվեց Կրեմլից խոստում կորզել առ այն, որ առաջիկա պատերազմական գործողությունների ընթացքում Մոսկվան կպահպանի չեզոքություն և չի օգնի իր դաշնակից Հայաստանին: Նախկինների կողմից սա ոչ այլ ինչ էր, քան հակապետական դիվերսիոն գործունեություն, որը խարխլեց հայ-ռուսական հարաբերությունները պատերազմին նախորդած ամիսներին և ճանապարհ բացեց հայկական կողմի պարտության համար: Դա ասում եմ ամենևին չանտեսելով Նիկոլ Փաշինյանի վարչախմբի տհասությունը, որը դրսևորվեց այդ նույն ժամանակ ռուսական հեռուստաալիքները մուլտիպլեքսից հանելու տեսքով, և որը, անշուշտ, նպաստեց հայ-ռուսական հարաբերությունները խարխլելու ուղղությամբ պաշտոնական Բաքվի և մեր նախկինների համատեղ ջանքերի արդյունավետությանը:

Թուրքերին ծախված մոսկվաբնակ լոբբիստների անունները բոլորին հայտնի են, իսկ այլազգի ամենաակտիվ լոբբիստներից մեկը՝ Իգոր Կորոտչենկոն, ով պատերազմի 44 օրերին ռուսաստանյան եթերը ողողել էր Բաքվի մոտալուտ ռազմական հաղթանակի անզուսպ փառաբանումներով, այսօր նույն եռանդով գովազդում է շուտով ՀՀ վարչապետի աթոռին տիրանալու Արթուր Վանեցյանի շանսերը: Վերջերս նա Ֆեյսբուքում հայտարարել էր, որ Հայաստանում վարչապետի աթոռին ցանկալի է տեսնել պրոֆեսիոնալ չեկիստի՝ Արթուր Վանեցյանի դեմքով: Հենց այդպես էլ գրել էր՝ չեկիստի, այլ ոչ թե ԱԱԾ-ի սպայի: Միաժամանակ հիացմունքով վկայակոչել էր Վանեցյանի և Չեչնիայի իսլամիստ ղեկավար Կադիրովի մտերմիկ կապերը: Մյուս կողմից՝ այս նույն հետպատերազմյան օրերին նաֆթալինից հանկարծ դուրս է պրծնում կարծես արդեն մեկընդմիշտ մոռացված Արթուր Բաղդասարյանը, հանդիպում է Մոսկվայում ՌԴ անվտանգության քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ ու Ֆեյսբուքով տարածում իրենց սիրալիր հանդիպման լուսանկարը: Պատերազմի 44 օրերի ընթացքում Երևանում տեղակայվող ՀԱՊԿ-ի ակադեմիայի ռեկտոր Արթուր Բաղդասարյանի ձեն-ծպտունը գոնե մեկ անգամ չլսվեց, նա ոչ մի բանով չհիշեցրեց հանրությանը այն մասին, որ Հայաստանում այդպիսի ակադեմիա է տեղակայվում, և ինքն էլ դրա ռեկտորն է: Չհիշեցրեց ո՛չ այն ժամանակ, երբ թուրքը ռմբակոծեց Կապանի մերձակայքը, ինչի հետևանքով զոհվեցին ՀՀ քաղաքացիներ, ո՛չ այն ժամանակ, երբ թուրքը ՀՀ տարածքում Սու օդանավը հրթիռակոծեց, ինչի հետևանքով զոհվեց մեր օդաչուն, իսկ հետո նաև ԱԹՍ-ի օգնությամբ սպանվեցին և վիրավորվեցին խեղճ վարդենիսցիները, բայց հիմա փորձում է նույնպես մասնակցել սկիզբ առած աթոռակռվին՝ այն էլ Պատրուշևի օգնությամբ և մեզ ոչ մի բանով այդպես էլ չօգնած ՀԱՊԿ կոչեցյալի զինանշանով: Ոչինչ, որ այժմ ՀԱՊԿ-ի ակադեմիայի ռեկտոր, իսկ ժամանակին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ուկրաինական առաջին Մայդանի հերոս Յուշչենկոյի հետ այդ նույն Մայդանում ելույթ էր ունեցել, որից հետո այդ նույն Պատրուշևի իմացությամբ նրա ինքնաթիռը Մինսկում վայրէջքի ժամանակ հանկարծ վառվել էր, և ինքը հրաշքով էր փրկվել:

Ոչինչ, որ 2006 թվականին Պատրուշևի շեֆ Վլադիմիր Պուտինի բարեկամ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին մեղադրել էր դավաճանության մեջ այն բանից հետո, երբ մամուլում հրապարակվել էր նրա և Անգլիայի դեսպանատան տանիքի տակ աշխատող Մի 6-ի գործակալի սրճարանային զրույցի գաղտնալսումը, որի ընթացքում Արթուրը համոզում էր բրիտանացի ռեզիդենտին օգնել Հայաստանում գունավոր հեղափոխության կազմակերպման հարցում: Ոչինչ, որ այդ նույն ժամանակ Արթուր Բաղդասարյանը ստիպված էր նույն Քոչարյանի պնդմամբ հեռանալ ԱԺ նախագահի պաշտոնից, որովհետև հայտարարել էր, որ Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից ու անդամակցի ՆԱՏՕ-ին: Այդ ամենը կարևոր չէ, եթե այսօր խնդիր կա հեռացնել Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից: Սակայն հարց է առաջանում. ինչո՞վ է նախկինում ՆԱՏՕ-ի մասին երազող և Հայաստանում գունավոր հեղափոխություն կազմակերպելու պատրաստ Արթուր Բաղդասարյանը նախընտրելի նույնպես նախկինում արևմտամետ և այժմ նույնպես ռուսաստանամետ դարձած Նիկոլ Փաշինյանից: Պատասխանը մեկն է. Արթուր Բաղդասարյանին չի հաջողվել «կազմակերպել» հեղափոխություն, իսկ Նիկոլ Փաշինյանին դա հաջողվել է անել: Արթուրը վկայում է այդ ճանապարհի անարդյունավետության մասին, իսկ Նիկոլը հեղափոխության շնորհիվ հասավ երկրի ղեկավարի պաշտոնին, և դրա համար Կրեմլը ձգտում է նրան պատժել… Հիմա եկեք հարցը դիտարկենք մեկ այլ դիտանկյունից: Տեսեք՝ նախկիններին հաջողվեց Նիկոլ Փաշինյանին կանգնեցնել պատերազմում խայտառակ պարտություն կրելու փաստի առջև: Նախկիններն ունեն հսկայական ֆինանսական միջոցներ: Նախկիններն օգտագործում են զանգվածներին ակտիվացնելու այն նույն մեթոդները, որոնք օգտագործեց Նիկոլ Փաշինյանը երկուսուկես տարի առաջ՝ փողոցները փակել, հակառակորդի կերպարը դիվայնացնել, հակառակորդին մեղադրել ամենամեծ մեղքերի մեջ ու նրան ոչնչացնելու քարոզ տարածել: Նրանց քարոզչական հնարավորությունները նույնիսկ զգալիորեն գերազանցում են Նիկոլի հնարավորություններին, քանզի նրանք այսօր տնօրինում են Հայաստանի հեռուստաալիքների 80 տոկոսը: Եթե իսկապես հնարավոր է «սորոսական» մեթոդների, փողի ու քարոզչության միջոցով կազմակերպել հեղափոխություն, արհեստականորեն դրդել մասսաներին հեղափոխական ընդվզման, ապա ինչո՞ւ այս մարդկանց այսօր դա չի հաջողվում անել, և նրանց հանրահավաքները մեծ չեն: Վերջապես, ինչո՞ւ զանգվածները չեն համաձայնում Սերժի փեսա Միշիկի այն փաստարկի հետ, որ պետք չէ հետաքրքրվել, թե ով կփոխարինի Նիկոլին վարչապետի պաշտոնում. չէ՞ որ մարդիկ այն ժամանակ ասում էին՝ թող Սերժը ռադը քաշի, և դրանից հետո ով ուզում է՝ թող նա էլ լինի երկրի ղեկավար: Հիմա, ճարահատյալ ասում է Միշիկը, մենք ենք նույնն ասում, և ինչո՞ւ չեք համաձայնում: Մի՞թե այս ամենը տեսնելով Կրեմլը շարունակելու է պնդել, որ առանց ժողովրդի ցանկության, ինչ-որ սորոսական տեխնոլոգիաների միջոցով, քարոզչական ճիգերի ու չեղած տեղը ատելություն սերմանելու միջոցով հնարավոր է արհեստականորեն հեղափոխություն կազմակերպել: Դե թո՛ղ պատերազմի արդյունքներից այս մեծ դժգոհության պայմաններում հեղափոխություն կազմակերպեն, բերեն Հանրապետության հրապարակը լցնեն մարդկանցով ու քշեն Նիկոլին, ինչպես ժողովուրդը քշեց Սերժին երկուսուկես տարի առաջ: Չի ստացվում, որովհետև սխալ է այն պատկերացումը, որ մեզանում հակասերժական հեղափոխությունը կազմակերպել են ինչ-որ մութ ուժեր՝ մարդկանց հոգեխանգարմունքի մեջ գցելու ինչ-որ «սորոսական» մութ մեթոդներով: Այդ նույն սորոսականների մտերիմ ընկեր Միշիկը լիովին տիրապետում է այդ մեթոդներին և այսօր օգտագործում է այդ մեթոդները՝ դե թո՛ղ հասնի հաջողության: Չի հասնի, որովհետև հայերին «հարիֆացնել» հնարավոր չէ:

Վարչապետը կառավարության կազմում էական փոփոխություններ է իրականացրել, և գործընթացը դեռ շարունակվում է։ Մի շարք նախարարներ փոխվեցին։ Վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզը նոր կադրերով հնարավո՞ր է կյանքի կոչել, և արդյոք պահանջված 6 ամիս ժամանակը կարո՞ղ է վճռորոշ լինել այս իշխանության համար։ 

– Ումո՞վ է Նիկոլ Փաշինյանը փոխել իր կադրերին: Միակ ազգանունը, որը հասարակությանը ինչ-որ բան ասում է, ճանաչված է և կարող է վստահություն ներշնչել` պաշտպանության նորանշանակ նախարարի ազգանունն է: Վաղարշակ Հարությունյանին լայն հասարակությունը ճանաչում է որպես սպարապետ Վազգեն Սարգսյանի արժանի զինակցի, ով մնաց հավատարիմ իր սպայական պատվին՝ գերադասեց շնորհազրկվել, բայց անդավաճան մնալ Վազգենի հիշատակին: Սա այն բարոյական կշիռն է, որը ճգնաժամային իրավիճակներում ոչ պակաս կարևոր է, քան մասնագիտական բարձր որակները, իսկ Վաղարշակը նաև այդ որակներն ունի: Մյուս անունները, ավաղ, հասարակությանը ոչինչ չեն ասում: Կարող է այդ մարդիկ վաղը հանրային կշիռ ձեռք բերեն, բայց դրա համար ժամանակ կպահանջվի, իսկ վստահության ճգնաժամը հասարակության մեջ պետք է հաղթահարել արագ, և դա կարող են անել հասարակության մեջ ճանաչում ունեցող մարդիկ: Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին, ապա մեր ժողովրդին առաջիկա ամիսներին հետաքրքրելու է այն, թե կառավարությանը կհաջողվի՞ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պլանավորվող բանակցությունների ընթացքում հասնել արդյունքի, բարելավել Հայաստանի և Արցախի թուլացած դիրքերը: Մարդիկ երբեք չեն հաշտվի այն մտքի հետ, որ մենք այդքան զոհեր տվեցինք, մեր երիտասարդների մատաղ կյանքերը խորտակվեցին, բայց մենք չկարողացանք ինչ-որ բանի հասնել, կորցրինք 30 տարիների մեր բոլոր նվաճումները: Փաստորեն մենք այսօր հայտնվել ենք կոտրած տաշտակի առջև: Մենք փաստորեն վերադարձել ենք 1989-1990 թթ., երբ Արկադի Վոլսկու գլխավորությամբ ստեղծվեց ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն, որը հետո շատ կարճ ժամանակում ՀՀՇ-ի ջանքերով լուծարվեց, և կոնֆլիկտը մտավ պատերազմական փուլ: Հիմա մենք վերադարձանք ի շրջանս յուր. մեր ժողովրդի երեսուն տարվա մաքառումների գնով ձեռք բերված արդյունքները մեկ ակնթարթում գոլորշիացան, դարձան առ ոչինչ:

Մյուս կողմից՝ 16 կուսակցությունները շարունակում են պահանջել վարչապետի հրաժարականը, դրան զուգահեռ էլ փնտրում են իրենց միջից վարչապետի հարմար թեկնածու։ Մամուլը տարբեր անուններ է հրապարակում, որոնք իբր Ռուսաստանի համաձայնությամբ են։ Ձեր կարծիքով՝ կհաջողվի՞ ընդդիմության ներսից վարչապետի թեկնածու ընտրել, որը կարողանա համախմբել բոլորին ու իշխանությունից դժգոհ զանգվածին։

– Նախկինների կողմից ծրագրված է եղել Նիկոլի գլխին կոտրել ղարաբաղյան գլուխկոտրուկը, ինչից հետո վերադառնալ իշխանության և վերահաստատել քրեաօլիգարխիկ համակարգը: Հեղափոխությունը կարող է վերջնականապես տապալվել ոչ թե ինչ-որ ժամանակ հետո, այլ արդեն մի քանի օրից: Եթե Սահմանադրական դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով չկայացնի բիզնեսի և քաղաքականության տարանջատման օգտին որոշում, և նա չզրկվի պատգամավորական մանդատից, ապա հաջորդ գումարման ԱԺ կազմում մենք նորից կտեսնենք բոլոր հայտնի օլիգարխներին՝ նույն Դոդին, Լֆիկ Սամոյին, Նեմեց Ռուբոյին, Սերվիզի Անդոյին, և այդպես շարունակ: Հակառակը՝ եթե Սահմանադրական դատարանը ճիշտ որոշում կայացնի, և արդյունքում Գագիկ Ծառուկյանը զրկվի մանդատից, ապա դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կպարտավորեցնի ընտրություններին այլևս չգրանցել և՛ այդ նույն Ծառուկյանին, և՛ բոլոր մյուս օլիգարխներին: Այդպիսով բիզնեսը և քաղաքականությունը կտարանջատվեն, և քաղաքական դաշտը կմաքրվի անշրջելիորեն բոլոր ապաքաղաքական դեմքերից, ովքեր տարիներ շարունակ ապականել ու ամայացրել են Հայաստանի քաղաքական դաշտը: Ինչ վերաբերում է Նիկոլի դեմ իրականացվող գրոհին, ապա այդ գրոհը պայմանավորված է մեր երկրի կողմից տանուլ տրված պատերազմով և վարչապետին պարտության համար միակ մեղավոր՝ քավության նոխազ դարձնելու ձգտումով: Դուք հիշո՞ւմ եք Ռեդյարդ Կիպլինգի «Մաուգլի» հայտնի պատմվածքի բորենիներին, որոնք թռչկոտում են գայլերի ոհմակի որսի ժամանակ վրիպած ոհմակի առաջնորդի շուրջը և վնգստում՝ «Ակելան վրիպել է, Ակելան վրիպել է»: Ջունգլիների օրենքով Ակելան վրիպելուց հետո իրավունք չուներ ոչ միայն ոհմակին առաջնորդելու, այլև պետք է սպանվեր նրան փոխարինելու պատրաստ գազանի կողմից: Հիմա ստացվում է, որ մեզ համոզում են համակերպվել ջունգլիների այդ գազանաբարո վարվելակերպի հետ և հետևել, թե ինչպես է իրենց կողմից Նիկոլի իրավահաջորդ նշանակվածը վերջինիս հոշոտում: Դե ի՞նչ ասեմ. եթե Փաշինյանը քաղաքական դիակ է, ապա ստացվում է, որ նրան հոշոտելու կոչեր անողները լեշակեր բորենիներ են: Ինչո՞վ են հիմնավորում Նիկոլին հոշոտելու իրենց ցանկությունը: Նրա կողմից ստորագրած տխրահռչակ հայտարարությունը, ինչպես ռուսական «Սպուտնիկին» Արթուր Վանեցյանը ասաց, մնայուն պայմանագրում «իմպլեմենտացիա» անելու սեփական պատրաստակամությա՞մբ: Այսինքն՝ իրենք գտնում են, որ իրենք ավելի լավ կարող են Նիկոլի ստորագրած բովանդակությունն ամրագրել արդեն մնայուն և իրավական ուժ ստացած խաղաղության պայմանագրում:

Ռուսը կասեր՝ տոլկո ի վսեգո… Իսկ ի՞նչ կարող է անել Նիկոլը: Նիկոլը կսպասի հունվարի 20-ին, երբ «սորոսական» Բայդենը կստանձնի ԱՄՆ նախագահի պարտականությունները, և դրանից հետո, հետաքրքիր է, ինչպե՞ս և ո՞ւմ օգնությամբ են ռուսները հասնելու այդ խայտառակ հայտարարության «իմպլեմենտացիային» օրինական միջազգային պայմանագրում՝ Վանեցյանի՞, Վազգեն Մանուկյանի՞, Դոդի Գագոյի՞, Միշիկի՞ կամ Սերժիկի՞: Ծիծաղելի է: Բայց առայժմ, թեկուզ միայն տեսականորեն, հնարավոր է, որ ինչպես Ալիևն էր Արցախի կարգավիճակի հարցն ուղարկում գրողի ծոցը, այնպես էլ երկու ամսից Նիկոլ Փաշինյանը Բայդենի ու Մակրոնի աջակցությամբ գրողի ծոցն ուղարկի անելանելի վիճակում իր կողմից ստորագրված չարաբաստիկ հայտարարությունը: Այս դեպքում կարևոր կլինեն Նիկոլ Փաշինյանի փաստարկները, թե իրականում ի՛նչ բիրտ ճնշումների պարտադրանքով է նա ստիպված եղել ստորագրել այդ թղթի տակ: Եթե Նիկոլը մինչ այդ հայտնվի գահընկեց արված նախկին վարչապետի կարգավիճակում և Ակաևի, Բակիևի կամ Յանուկովիչի նման բնակություն հաստատի Կրեմլի կամ բատկա Լուկաշենկոյի կողմից իրեն տրամադրված որևէ ամառանոցում, ապա բանակցությունների շրջանակներում նրա վկայությունների և բացահայտումների վտանգը դրանով կկասեցվի: Ուրեմն Մոսկվան պետք է ամեն գնով ձգտի մինչև բանակցությունների սկիզբը Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից ու տեղավորել մերձմոսկովյան ամառանոցում: Նրանք, ովքեր այսօր պնդում են, որ Նիկոլը չի կարող բանակցություններին ներկայացնել Հայաստանը, փորձում են Կրեմլի համար լուծել սպասվելիք այս մեծ գլխացավանքից ազատվելու կարևոր հարցը: Բանակցությունների ընթացքում Նիկոլի բացահայտումների, հայտարարության ստորագրման հանգամանքների պարզաբանումների հեռանկարն է այսօր մտահոգում Մոսկվային: Ինչպե՞ս իրեն կպահի անկանխատեսելի Նիկոլը բանակցությունների ընթացքում, երկու մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ շփումներում: Այս մտահոգությունն է Մոսկվային ստիպում մտածել ժամ շուտ Նիկոլին Վանեցյանով կամ այդ 16-ի ոհմակից որևէ մեկով փոխարինելու մասին: Այդ տվայտանքների ժամկետը քառասուն օրից մի քիչ ավելի է: Կապրենք ու կտեսնենք…

ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղապահների գործունեությունը 5 տարով չի սահմանափակվի։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ռուսները երկար ժամանակով են մտել մեր տարածք, ու գործընթացները անշրջելի են։

– Ռուսները պատրաստվում են մնալ այստեղ մշտապես: Այդ հինգ տարի ժամկետը փափուկ բարձ է, որը իրենք դնում են իրենց ներկայությանն ընդդիմացող միջազգային շրջանակների գլխի տակ: Ռուսաստանն այս «ղալմաղալի» մեջ մտել է ոչ թե այն բանի համար, որ հինգ կամ տասը տարուց հետո Արցախից դուրս գա: Ռուսաստանն Ալիևին կանաչ լույս է տվել ուժով վերադարձնելու յոթ շրջանները, ինչը խաղաղ ճանապարհով նախատեսվում էր անել Լավրովի պլանով, մի պայմանով. Ալիևը պետք է համաձայներ վերջում ռուս խաղաղապահներին Արցախում տեղավորման հետ: Պատահական չէ, որ Վլադիմիր Պուտինը բաց չի թողնում հայկական ղեկավարությանն Արցախի անկախությունը չճանաչելու մեջ կշտամբելու յուրաքանչուր հարմար առիթ՝ այդպիսով ակնարկելով, որ այդ դեպքում նա ստիպված չէր լինի ապավինել Ադրբեջանի համաձայնությանը, այլ հենց Արցախի ղեկավարության խնդրանքով և ավելի վաղ կուղարկեր Արցախ ռուս խաղաղապահներին: Իսկապես, եթե գոնե մեկ ՄԱԿ-ի անդամ պետություն ճանաչում է որևէ ինքնահռչակ պետական կառույցի, ապա համաձայն միջազգային իրավունքի՝ այդ վիճահարույց պետությունն այլևս չի համարվում ինքնահռչակ անօրեն կառույց՝ դրանից բխող բոլոր հետևանքներով և միջազգային համագործակցության համար բացվող հնարավորություններով: Ադրբեջանը, ինչպես և Հայաստանը, ստիպված են հաշտվել Արցախում ռուսների մշտական ներկայության հետ: Բացատրեմ, թե ինչու: Պաշտոնական Բաքուն շատ լավ գիտի, որ հերթական հինգ տարին լրանալուց հետո, եթե հանկարծ չերկարաձգի ևս հինգ տարով ռուսների այնտեղ ներկայության իրավունքը, ապա նույն պահին ռուսները կճանաչեն Արցախի անկախությունը և կմնան այնտեղ արդեն իրենց կողմից ճանաչված Արցախի օրինական իշխանությունների հրավերով: Այդպես Ռուսաստանը վարվեց Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում, երբ վրացական կողմը համարձակվեց ռուսներին այնտեղից դուրս մղելու փորձ անել: Այնպես որ, Բաքվի խոսակցություններն այն մասին, որ ռուսները հինգ տարուց հեռանալու են, ընդամենը կոչված են հանգստացնելու ադրբեջանցի ազգայնականներին ու հայատյացներին, ովքեր դժգոհ են իրենց ցեղասպան ծրագրերի իրականացմանը խանգարող ռուսների ներկայությունից: Իսկ ռուսները պաշտպանելու են արցախահայությանը ոչ թե հայերի գեղեցիկ աչքերի համար, այլ գիտակցելով, որ իրենց այնտեղ մնալու երաշխիքը հայկական Արցախը ապահով պահելու մեջ է: Որովհետև եթե ոչ այսօր կամ վաղը, ապա հաստատ տեսանելի ապագայում մի գեղեցիկ օր թուրքերը փորձելու են ռուսներին Արցախից հեռացնել, և այդ ժամանակ տեղի կունենա այն, ինչ եղավ Աբխազիայում և Հարավային Օսիայում: Իսկ Նիկոլի հայտարարությունը նպատակ ունի «էս գլխից» ռուսներին քաջալերել այդ ուղղությամբ: Նիկոլը մեծ կորուստների գնով հասկացել է, որ ռուսների հետ փոխհարաբերություններում շահում է նա, ով կարողանում է առաջինը և հնարավորին չափ շուտ նրանց հետ պայմանավորվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում