Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մեղրու միջանցքի մասին դրույթ, Շուշիի հանձնում. Հայաստանի դիվանագիտության «քաշը» զրո է եղել

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, ԱՄՆ նախկին փոխդեսպան Արմեն Խարազյանը:

 -Հայաստանի նորանշանակ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ տեղի ունեցածը պարտություն էր ռազմադաշտում և ոչ դիվանագիտության մեջ։ Արդյոք  պատերազմը չի սկսվել նաև այն պատճառով, որ Հայաստանը ձախողել է դիվանագիտության մեջ։ Ի՞նչ է  արել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պատերազմը թույլ չտալու համար։

ԱԳ նախարարի կարծիքը երևակայության դրսևորում է, ու փաստերի հետ կապ չունի։ Հայաստանը պատերազմ է ունեցել, որտեղ պարտվել է։ Այդ պատերազմը ծագել է, որովհետև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը փակուղի է մտել։ Գործընթացի վարույթն իրականացնում էր ԱԳՆ-ը։ Ուստի, գործընթացի տապալումը Հայաստանի դիվանագիտության ձախողումն է։ Սա մեկ։

Երկրորդ, ԱԳՆ-ը օտար երկրներում Երևանի աչքն ու ականջն է։ Դրա գործառույթներից մեկը դրսում Հայաստանին սպառնացող վտանգներին ականջալուր և ակնդետ լինելն է, դրանց մասին Երևանին ժամանակին զգուշացնելը։ Մինչդեռ, ակնհայտ է, որ սեպտեմբերի 27-ին Երևանն անակնկալի եկավ՝ թե անսպասելիության առումով, թե՛ հակառակորդի տեխնիկական ու հրամանատարական պատրաստվածության։ Դրա հետևանքով հայկական պաշտպանական մի շարք առանցքային կարողություններ կարճ ժամանակում շարքից դուրս բերվեցին, և ՀՀ զինված ուժերն անկարող եղան լուծել իրենց խնդիրը։ Սա էլ երկրորդ ձախողումը։

Պատերազմի ընթացքում պարզվեց, որ հակառակորդի մատակարարման աղբյուրներն ու երթուղիներն անխափան գործում են, իսկ Հայաստանինն արգելափակվում են, կամ գործում ընդհատումներով։ ՀՀ դիվանագիտությունն անկարող եղավ վերահսկել այդ խնդիրները, այսինքն՝ խափանել հակառակորդի մատակարարումն ու փոխարենն ապահովել մերը։ Սա ևս մի ձախողում։

Պատերազմի օրերին ԱԳՆ-ը չորս անգամ հրադադար կնքեց ադրբեջանցիների հետ, որոնցից ոչ մեկը, սակայն, մեկ օր իսկ չտևեց։ Աշխատեց միայն հինգերորդը, որի հետևանքներն այժմ բոլորս տեսնում ենք։ Սա ևս ԱԳՆ աշխատանքի անբավարար որակի նշան է։

Վերջապես, պատերազմի ավարտին ստորագրված հրադադարի հայտարարությունն ինքնին դիվանագիտական ձախողման անթոլոգիա է՝ լի միակողմանի, անվերապահ զիջումներով։ Բավական է նշել սեղմ գրաֆիկով ետքաշումները, Շուշիի հանձնումն ադրբեջանցիներին, Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողության հանձնումը ռուսներին, Մեղրու միջանցքի մասին դրույթն ու դրա վերահսկողությունը ևս ռուսներին հանձնելը, և այլն։ Սա այն դեպքում, երբ բանակցային միջնորդը Ռուսաստանն է՝ Հայաստանի այսպես կոչված «ռազմավարական դաշնակիցը»։ Այս ամենի մեջ Հայաստանի դիվանագիտական խոսքի քաշն ի՞նչ է եղել՝ զրո։ Չեմ խոսում նույնիսկ սկանդինավյան խաղաղապահներ բերելու խնդրում Հայաստանի անբացատրելի դժկամության, և փոխարենը ռուսներին հապշտապ բերելու մասին։ Սա ձախողումների համալիր համար հինգ։

Այս օրերին արդեն բոլորս ենք ականատես լինում այն մեթոդիկ դաժանությանը, որով Ռուսաստանն ու Ադրբեջանն անցել են համաձայնագրի կենսագործմանը։ Իսկ դրա որոշ կետեր պարզապես էթնիկական զտում են պարտադրում՝ բնակչության բռնի տարհանում։ Զուգահեռ, Հայաստանին պարտադրվում է ՀՀ-Ադրբեջան սահմանի նշագծում՝ մի բան, որը պետք է լիներ կարգավորման վերջին փուլի խնդիր, ոչ թե առաջին։ Նույնը կարելի է ասել Ադրբեջան-Նախիջևան կապի մասին, որի դրույթը ևս համաձայնագիր է սպրդել առանց տրամաբանության, միակողմանիորեն՝ առանց Երևան-Մեղրի ուղղության դիտարկման, մինչդեռ այդ խնդիրը պետք է դիտարկվեր բացառապես տարածաշրջանային ապաշրջափակման կարգով, ներառյալ Գյումրի-Կարս և Իջևան-Եվլախ հաղորդակցության վերականգնումը։ Փոխարենը, Հայաստանը համաձայնել է իր տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը հանձնել ռուսներին՝ ՀՀ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության կոպիտ ոտնահարմամբ։ Սա ուրիշ ի՞նչ որակել, եթե ոչ ծանրագույն ձախողում։

Ցանկը կարելի է շարունակել՝ խոսելով այն մասին, օրինակ, որ համաձայնագիրը ոչ մի կերպ խաղաղապահ գործողություն չի հիշեցնում։ Այն իրականում պարզ ռուս-ադրբեջանական պարտադրանք է, որում բառ իսկ չկա հակամարտության գոտուց թուրքական ներկայության վերացման մասին, թեև փոխարենը ռուսներն ու թուրքերը դրանից դուրս ռազմական համակարգման այլ շրջանակներ են սահմանում, որոնց հայկական կողմը պարզապես անմասն է ու անտեղյակ։ Սա ևս ակնհայտ, աններելի ձախողում է։

Հարցերն ու ձախողումներն այնքան շատ են, որ թվարկել բոլորն այստեղ անհնար է։ Ուստի, ԱԳ նորանշանակ նախարարի պնդումը, թե դիվանագիտական ձախողում չի եղել, անհեթեթություն է։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել նաև, որ դիվանագիտությունը մեկուսի ոլորտ չէ, այլ ազգային անվտանգության գործիք՝ պաշտպանության, հետախուզության և առևտրի հետ մեկտեղ։ Իբրև այդպիսին, հայկական դիվանագիտության ձախողումները սոսկ ԱԳՆ-ի թերացման խնդիր չեն, այլ պետության ու դրա բարձրագույն ղեկավարության։ ԱԳՆ-ն իրականացրել է վարչապետի քաղաքականությունը, և մեղքի գլխավոր բաժինը վարչապետինն է։

ԱԳՆ-ը նաև ինձ համար հարազատ ծառայություն է։ Այնտեղ կան նվիրված ու բանիմաց կադրեր։ Վաշինգտոնում ես ամեն օր տեսնում եմ Հայաստանի դեսպանության աշխատանքը, և կարծում եմ, որ այն իր առաքելությունը կատարում է պատվով։ Աշխատանքն ավելի արդյունավետ կլիներ, եթե դեսպանությունն ավելի շատ կադրեր ու ռեսուրս ունենար, ինչպես նաև ստանար հստակ քաղաքական ուղղորդում։ Նույնը կարելի է ասել Հայաստանի մյուս դեսպանությունների և ԱԳՆ կենտրոնական ապարատի մասին։

-Այս փուլում որո՞նք պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Պատերազմը ցույց տվեց, որ պոպուլիզմը՝ պետությունների առաջնորդների  հետ լուսանկարվելը, ջերմ հանդիպումներ անցկացնելը ամենևին էլ չեն ենթադրում ծանր օրերին աջակցություն։ Վեց շաբաթ շարունակված պատերազմի ընթացքում մենք այդպես էլ գործուն քայլեր չտեսանք միջազգային հանրության կողմից՝ հայտարարություններից ու դատապարտումներից բացի։ Ո՞ր ուղղություններով պետք է ակտիվացնել աշխատանքը հիմա։

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն այժմ պետք է լինի երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանումը։ Այդ առումով, Հայաստանը պետք է ուղղի կառավարության թույլ տված մի քանի կոպիտ սխալ։

Նախ՝ հրադադարի համաձայնագրից պետք է դուրս բերվի Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության մասին դրույթը։ Շատերը կարծում են, որ դրանից մտահոգվել պետք չէ, որ այն զուտ տարանցիկ երթևեկության խնդիր է, ինքնիշխանության զիջումներ չի ենթադրում, լինելու է ռուսների վերահսկողության տակ, ուստի պետք չէ անհանգստանալ։ Ես համաձայն չեմ։ Նախ, ռուսական ФСБ-ին դրա հանձնումն իսկ արդեն անթույլատրելի է, որովհետև այն ինքնիշխանության զիջում է։ Իսկ համաձայնագրով նման բան է նախատեսված։ Երկրորդ, ազգային անվտանգության հարցերը պլանավորելիս անհրաժեշտ է առաջնորդվել վատթարագույն սցենարով, ոչ թե ամենաբարենպաստ։ Վատթարագույն սցենարն այս դեպքում «Մեղրու միջանցքի» ստեղծումն է, որի տպավորությունն անգամ այս համաձայնագրից պետք է մաքրել։ Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցության խնդիրը, ինչպես վերևում ասվեց, կարող է քննարկվել միայն ավելի ուշ փուլերում, տարանցիկ հաղորդակցությունների վերականգնման ու ապաշրջափակման կարգով։

Հայաստանի դիվանագիտությունն այստեղ պետք է գործադրի բոլոր ջանքերը՝ Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ինչպես նաև այլ կողմերի հետ խորհրդակցելով, որպեսզի Մեղրու խնդիրը դուրս բերվի համաձայնագրից։ Եթե դրա հետևանքով Հայաստանի նկատմամբ ճնշում գա, ապա Հայաստանը պետք է պատրաստ լինի դիմադրել դրան։ Սրա համար, թերևս, անհրաժեշտ է արագ կարգով որոշ կարողություններ ձեռք բերել՝ թիկունքային ապահովման, վաղ կանխարգելման, օդային պաշտպանության, ԱԹՍ-ների դեմ հակամիջոցների, ինչպես նաև պաշտպանական ու մարտական բնույթի այլ ունակություններ, որոնք թույլ կտան Հայաստանին ինքնուրույն կերպով պաշտպանության տակ առնել Զանգեզուրն ու հատկապես Մեղրու գոտին՝ հայ-իրանական սահմանով հանդերձ, այդ կարողություններն ապահովագրելով հանդերձ գործընկերային ներկայությամբ ու քաղաքական համակարգված աշխատանքով՝ ընդ որում Ռուսաստանի հետ, որից ճնշման առավել մեծ հավանականություն կլինի։ Այդ ճնշումից խուսափելը, սակայն, Մեղրին տալու գնով, Հայաստանին ավելի թանկ կարժենա, քան դրան դիմակայելն ու Ռուսաստանի հետ լուրջ երկխոսության նստելը՝ սեփական շահերին տեր կանգնելու հանձնառությամբ։ Հայ-ռուսական հարաբերությունները չափից ավելի լայն են ու խորը, որպեսզի այս հարցի շուրջ տարաձայնությունը վնասի դրանց։

Հայաստանի համար մեկ այլ լուրջ խնդիր է երկրում ու դրա սահմանների երկայնքով ռուսական ռազմական և սահմանապահ ներկայության շեշտակի աճը։ Պատերազմի օրերին հստակ դարձավ, որ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը չի լուծում ՀՀ պաշտպանունակության կամ Արցախի պաշտպանության խնդիրները՝ առնվազն այնպես, ինչպես հայկական կողմի առավել բարենպաստ սցենարներն էին առաջարկում։ Հակառակը, այն երբեմն Հայաստանին զսպող ու սահմանափակող դերակատարություն ունեցավ՝ խոչընդոտելով դրսից կոնկրետ ռազմական կարողության, ընդ որում՝ ԱԹՍ-ների հակամիջոցների Հայաստան ներմուծումը, և նպաստելով զանազան կարգի ապատեղեկատվության տարածմանը։ Այստեղ ևս, ըստ իս, պետք է հաշվարկային հիմք ընդունել ոչ թե առավել բարենպաստ, այլ վատթարագույն սցենարները, և ռազմական պլանավորումն ու դիվանագիտական աշխատանքը կազմակերպել հենց այդ ելակետից։

Երրորդ, Հայաստանը պետք է բովանդակային, նպատակամղված հարաբերություններ զարգացնի Միացյալ Նահանգների, Եվրամիության, ԵՄ առաջատար երկրների, Իսրայելի և ՆԱՏՕ-ի հետ։ Այս կողմերի հետ հարաբերությունները հատկապես վերջին տարիներին ստորադասվել են եվրասիական ուղղությամբ Հայաստանի ինտեգրմանը։ Արդյունքում տուժել է Հայաստանը։ Երկրի արտաքին ու առևտրական քաղաքականությունը կորցրել է իր հավասարակշռությունն ու խորացրել գերկախվածությունը Ռուսաստանից՝ փոխարեն մեղմելու այն։ Նշված երկրների հետ քաղաքական, տնտեսական ու ռազմական համագործակցությունը՝ թե՛ երկկողմ, թե բազմակողմ շրջանակներում, պետք է ծառայի Հայաստանի մրցունակության բարձրացմանը, թույլ տա Հայաստան բերել արդիական տեխնոլոգիաներ ու կառավարման մեթոդաբանություն՝ որակներ, որոնցով Ադրբեջանն այս պատերազմում, ցավոք գերազանցեց Հայաստանին։ Այս ուղղությամբ Հայաստանի ջանքերը չպետք է ստորադասվեն հայ-ռուսական հարաբերություններին, այլ պետք է զարգանան անկախ դրանցից և ծառայեն նույն նպատակին՝ Հայաստանի բազմակողմանի հզորացմանը։

Հայաստանը պետք է նաև զարկ տա Ուկրաինայի ու Վրաստանի հետ հարաբերություններին՝ դրանք ևս տարանջատելով Ռուսաստանի հետ իր հանձնառությունից։ Այս երկու երկրների հետ լուրջ, բովանդակային հարաբերությունները թույլ կտան մեղմել Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը, կայունացնել մեր տարանցիկ հնարավորություններն ու հավասարակշռել Ադրբեջանի հետ դրանց հարաբերությունները։

Վերջապես, ամենակարևոր հարցադրումը․ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է ֆունկցիոնալ նպատակ հետապնդի, այն է՝ Հայաստանի համար արդիական տեխնոլոգիաների ու ֆինանսական աղբյուրների հասանելիության ապահովում և ենթակառուցվածքային զարգացում։ Առանցքային խնդիրներ են էներգետիկական անվտանգությունը, տիեզերական կարողությունների զարգացումը՝ հաղորդակցության, հեռազգա և ռազմական արբանյակների արձակումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տնտեսության ու հասարակական կառավարման թվայնացումն ու արդիականացումը։ Ընդսմին, այս խնդիրները լուծելու համար Հայաստանն իր առջև սահմանափակումներ չպետք է դնի այս կամ այն երկրի հետ համագործակցությունը չափավորելու առումով, ինչպես արել է մինչև այսօր։

Կան բազմաթիվ այլ խնդիրներ ևս՝ երկկողմ, տարածաշրջանային ու ֆունկցիոնալ, որոնց սպառիչ թվարկումն այստեղ թերևս իմաստ չունի։ Սակայն հիմնական խնդիրը հետևյալն է․ Հայաստանը պետք է վարի ինքնուրույն, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, որի կենտրոնական հարցը երկրի հզորացումն է, միջազգային վարկանիշի ամրապնդումն ու ինտեգրացումը համաշխարհային տնտեսության մեջ, ոչ թե երկրի մղումը քաղաքական, տնտեսական, ռազմական կամ հասարակական փակուղի։ Այս առումով, կան շատ ավելի վճռական քայլեր, որոնք Հայաստանը ևս պետք է ձեռնարկի, սակայն դրանք ժամանակ են պահանջում։ Այս պատերազմի տրավմատիկ հետևանքների հաղթահարմանը զուգընթաց, Հայաստանը դրանց պետք է անպայման անդրադառնա։

-Ընդդիմությունը իշխանություններին մեղադրում է սխալ սպառազինություն գնելու մեջ։ Խոսքն, առաջին հերթին ՍՈՒ 30 կործանիչ ինքնաթիռների մասին է։ 2.5 տարվա ընթացքում իշխանությունները կարո՞ղ էին անել ավելին։ Ստացվում է մի իրավիճակ, երբ ներկա իշխանությունները մեղքը բարդում են նախկինների վրա, նախկինները՝ նորերի, արդյունքում տուժեց պետությունը։

Ներկա իշխանությունները ծանր ժառանգություն են ստացել, սակայն դա նրանց չի ազատում պատասխանատվությունից, որովհետև երկրի այսօրվա ղեկավարությունը նրանք են, վերջին երկուսուկես տարում նրանք են կառավարել Հայաստանն ու պարտությունն էլ նրանցն է։ Ուստի, դրա պատճառների վերլուծության մեջ առաջին հերթին իրենք պետք է շահագրգռված լինեն։

Սու-30-ի, կամ ընդհանրապես սպառազինության գնման խնդիրը լուրջ հետաքննության կարիք ունի։ Կարելի է կառավարությանը քննադատել՝ պարզապես ելնելով պատերազմի ընթացքում ՀՀ Զինված Ուժերում ի հայտ եկած անբավարար պատրաստվածությունից, որի արդյունքում Հայաստանը 90-ականների մարտական վիճակով դուրս եկավ 21-րդ դարի բանակի դեմ, ու կրեց մարդկային անվերականգնելի կորուստ, և նյութական ու վարկանիշային հսկայական վնաս։

Ես կցանկանայի, որ այս հարցով ստեղծվեր հատուկ հանձնաժողով՝ կազմված անկախ իրավաբաններից, որը կուսումնասիրեր 2016 թ․ ապրիլյան պատերազմից ի վեր ՀՀ ԶՈւ վերազինման հայեցակարգն ու գործունեությունը, կզրուցեր ոլորտի բոլոր հիմնական դերակատարների ու մասնագետների հետ, նրանցից երդման ներքո ցուցմունքներ կվերցներ, կկազմեր հարցի փաստագրություն և կվերլուծեր այն՝ հասկանալու համար, թե ինչ տարբերակներ ու հնարավորություններ են եղել, ինչպես են դրանք օգտագործվել, որտեղ են եղել սխալներն ու բացթողումները, դրանց որ մասն է եղել դիտավորյալ, որը կոռուպցիայի, որն օտար ազդեցության կամ ուղղորդման, որն անփութության պատճառով, որն էլ՝ առարկայական բնույթի, և ինչ անել, որ այդ սխալները չկրկնվեն, մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, իսկ գործընթացն առողջանա։ Եթե նման Հանձնաժողով ստեղծվի, ապա ըստ իս, այն պետք է լինի անկախ, չենթարկվի իշխանության որևէ ճյուղի, և իր եզրակացությունները ներկայացնի խորհրդարանի պլենար նիստին, իսկ քրեական պատասխանատվության հարցերով գործերը հղում անի դատախազությանը։ Այս հանձնաժողովը թույլ կտա հաստատել փաստերը, խուսափել բամբասանքից և առողջացնել հանրային դաշտը։

Միաժամանակ, ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստ չէր այն պատերազմին, որը վարվեց մեր երկրի դեմ՝ մասնավորապես զինատեսակների, մարտավարության, մարտական մշակույթի ու պատրաստության, թիկունքային ապահովման, դաշնակից բանակների հետ փոխգործունակության և զանազան այլ առումներով։ Սա դիվանագիտական, պաշտպանական ու հետախուզական խոշոր ձախողում է, որին ևս պետք է գնահատական տրվի, պատասխանատուները հաշվետվության կանչվեն, և դասերը յուրացվեն։

-Հայ սակրավորները Սիրիայում սիրիական անապատներն են ականազերծում, ռուսները հիմա  Արցախում են ականազերծում իրականացնում։ Նոնսենս չէ՞։

-Այդ խնդիրը ևս պետք է դառնա հանձնաժողովի ուսումնասիրության հարց։ Նախկին պաշտպանության նախարարը, որը կարծեմ այդ գաղափարի առավել հետևողական ջատագովներից է եղել, պետք է հրավիրվի խորհրդարան՝ երդման ներքո ցուցմունք տալու որոշման ռացիոնալի ու դրա իրականացման մանրամասների վերաբերյալ։ Հանրությունը պետք է պատասխան ստանա այն հարցին, թե Հայաստանին ինչ է տվել այս քայլն ու ինչ է այն արժեցել երկրին։ Հայտնի է, որ Սիրիա հայ սակրավորների առաքումը լուրջ դժգոհության առիթ է դարձել մեզ բարեկամ զանազան երկրներում, և հարկ է պարզել՝ արդյոք Հայաստանի համար այդ գործարքը շահեկան է եղել, կամ մնում է այդպիսին։

-Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները կարող են մնալ 5 տարուց ավել ժամկետով։ Արդյոք կարծում եք, որ հինգ տարվա մեջ ստատուս քվոն  կպահպանվի, թե հնարավոր է նոր պատերազմ՝ հաշվի առնելով, որ նոյեմբերի 9-ին  ստորագրված համաձայնագիրը  կողմերին ամբողջությամբ ձեռնտու չէ։

-Ինչպես վերևում նշել եմ, քաղաքական կամ ռազմական պլանավորման դեպքում անհրաժեշտ է առաջնորդվել վատթարագույն սցենարով, այլ ոչ ամենաբարենպաստ։ Տվյալ դեպքում վատթարագույն սցենարն այն է, որ եթե Հայաստանը չվերազինվի, ապա նոր պատերազմի հնարավորությունը չի բացառվում, որի դեպքում ռուսական «խաղաղապահ» ուժերը հայկական կողմի շահերը չեն պաշտպանելու։ Ուստի, Հայաստանը պետք է արագ վերականգնի իր մարտունակությունն ու ձգտի արցախյան գոտում ռուսական խաղաղապահների ներկայությունը համադրել ԵԱՀԿ հովանու ներքո խաղաղապահ այլ միավորների, ինչպես նաև պաշտպանական գործառույթ իրականացնող տարբեր այլ ստորաբաժանումների տեղակայմամբ՝ հատկապես Հայաստանի սահմանների երկայնքով, ընդ որում՝ Նախիջևանի հետ ևս, թեև սա մասնագիտական լուրջ  պլանավորում է պահանջում։ Դա որոշ հավասարակշռություն կբերի թատերաբեմ, և կզգաստացնի նաև ռուսներին, որոնք ավելի շրջահայաց կգործեն՝ հայկական շահերը հաշվի առնելով, այլ ոչ թե անտեսելով դրանք։

Խաղաղապահ գործողության մյուս խնդրահարույց դրվագը թուրքական ներկայությունն է Արցախի մատույցներում, ինչպես նաև ռուս-թուրքական համատեղ պարեկային շրջանակը։ Թուրքերի ներկայության հարցում Հայաստանի դիրքորոշումը լուրջ պլանավորման կարիք ունի, և դրա ուղղությամբ պետք է աշխատել, սակայն պետք է լինել զգույշ ու տրամաբանական, որովհետև այստեղ սխալի գինը շատ բարձր կարող է լինել։

-Հայաստանի ներկայիս իշխանությունները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է շարունակել արցախյան հարցով բանակցությունները։ Պե՞տք է բանակցողի փոփոխություն։

-Եթե Փաշինյանը հրաժարական չտա ու մնա վարչապետ, ապա բանակցելու՝ նրա լիազորությունները կարող է սահմանափակել միայն խորհրդարանը, որի վերահսկող մեծամասնությունն իր կուսակցությունն է՝ Իմ քայլը, որը նրան դժվար թե զրկի այդ իրավասությունից։ Միաժամանակ, վարչապետի նկատմամբ հանրային վստահությունը խարխլվել է, և նա այլևս չի վայելում այն համակրանքը, որն ուներ պատերազմից առաջ, կամ առավել ևս՝ 2018-ին։

Որքան հասկանում եմ, արցախյան խնդրի շուրջ Վարչապետը ՌԴ նախագահ Պուտինի հետ բանակցում է միայնակ, առանց խորհրդականների, առանց թարգմանչի, թեև նման կարիք նա ունի, և առանց զրույցների գրառման։ Սա վտանգավոր է, և այն շարունակելը ճիշտ չէ։ Անկախ այն հանգամանքից՝  բանակցողը Վարչապետն է, թե մեկ այլ, ավելի համեստ դիրքի պաշտոնյա, միայնակ բանակցելը ձախողման դեղատոմս է, և երկրի համար վնասակար։ Ուստի, կարծում եմ, որ Վարչապետն առնվազն պետք է ունենա թիմ, որը նրան կպատրաստի բանակցություններին, ներկա կլինի դրանց, իսկ բանակցություններից հետո կվերլուծի ստացված նյութն ու կանի եզրակացություններ։ Նորմալ պետության մեջ այս պրակտիկան այլընտրանք չունի, և Վարչապետը պարզապես պարտավոր է հարգել այդ կարգն ու հետևել դրան։

Իբրև բանակցողի՝ նրան փոխարինելու հարցն այլ լուծում չունի, բացառությամբ, եթե նա հրաժարական տա, կամ նրա լիազորությունները մեկ այլ կերպ դադարեցվեն։ Սակայն, սա քաղաքական գործընթացի խնդիր է, և այստեղ դրա մասին խոսելն իմաստ քիչ ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում