«Հիմա, երբ հետահայաց նայում ես, հասկանում ես, որ դիմացի կանգնած ուժը շատ մեծ էր, օժտված անսպառ ռեսուրսներով, որին հաղթելու համար չեմ պատկերացնում՝ ինչ էր պետք անել… Ուստի, այս իրավիճակում, երբ շեշտում ենք կապիտուլացիա, պարտություն բառերը, այդքան էլ ճիշտ չէ: Մենք չենք հաղթել, բայց մշտապես շեշտել կապիտուլացիա, պարտություն բառերը, ճիշտ չէ: Ինձ համար դա անընդունելի է, քանի որ դրանով նսեմացնում ենք մեր զինվորների կատարած հերոսությունները: Չմոռանաք, որ այդ զինվորները վերադառնալու են մեր հասարակություն, պետք է կարողանանք իրենց արժանին տալ: Շատ վտանգավոր հոգեբանական հետևանքներ կարող ենք ունենալ, այն ինչ Միացյալ Նահանգներում ապրեցին վիետնական պատերազմից հետո»,-«Առաջին Լրատվական»-ի հետ զրույցում ասաց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը:
Մեր զրուցակիցը կարծում է, որ պետք է աշխատել սխալներն ուղղելու ուղղությամբ: «Շատ հաճախ ասում են՝ պետք է սովորել պատմության դասերը, բայց պատմությունը մի բան է սովորեցնում, որ մարդիկ երբեք չեն սովորում այդ դասերը: Պետք է փորձենք գոնե այդ շրջանակից դուրս գալ: Պետք է փորձել այլ ձևի ապրել, քան ապրել ենք մինչ պատերազմ… Պետք է պատրաստվենք այլ պետություն կառուցելու, պատրաստվենք ռազմականացված պետություն կառուցելու: Ես պատերազմ չեմ ուզում, ինչպես ցանկացած նորմալ մարդ: Բայց եթե չես ուզում պատերազ, պետք է պատրաստ լինես այդ պատերազմին»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: