Վերջին օրերին երևան են բերվում դավադրության հավանական և անհավանական տեսություններ՝ դասալքությունից մինչև դավաճանություն։ Հրադադարից հետո տեղեկություններ ստացանք, որ Հայաստանի և Արցախի քաղաքացիներ են ճանապարհներից գերեվարվել։
Ի՞նչ են անում Հայաստանի և Արցախի իշխանությունները։ Արդյոք նրանց ջանքերն այս ուղղությամբ ձեզ բավարարո՞ւմ են․ «Առաջին լրատվական»-ի հարցին տնտեսագետ Էմիլ Օրդուխանյանը պատասխանեց․ «Որպես քաղաքագետ՝ ես հակված եմ վերլուծելու քաղաքական գործընթացը, և այս համատեքստում կարելի է ասել, որ երբեմն ստեղծվում են իրավիճակներ, որոնք քաոսի տպավորություն կարող են ստեղծել։ Այդ հավանական ու անհավանական դավադրությունները կարելի է դիտարկել այս համատեքստում։ Իսկ ինչ վերաբերվում է այս ընթացքում քաղաքացիների գերեվարմանը և նմանատիպ այլ խնդրահարույց իրավիճակների, ապա եկեք հասկանանք, որ նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը դեռևս որևիցե մեկի անվտանգության երաշխիք չի, որն ապացուցվում է ընթացիկ զարգացումներով։ Դա նշանակում է, որ ռազմական դրությունն ու զգոնությունը Հայաստանի Հանրապետությունում պետք է պահպանվի։
Ինչ վերաբերվում է Հայաստանի և Արցախի իշխանությունների ձեռնարկած քայլերին, ապա դրանք արվել են այնքան, որքան իրենց դա հաջողվել է։ Պայմանական հետպատերազմական այս իրավիճակում, իհարկե, հարյուր տոկոսանոց արդյունավետություն ակնկալելը կլիներ միամտություն և որոշակի պատրանք։
Հայտարարության մեջ զոհվածների, ռազմագերիների և պատանդների հարցը մեկ կետի շրջանակում է արված, ինչը նշանակում է, որ այդ պրոցեսները պետք է լինեն զուգորդվող, այլ ոչ թե մեկը մյուսից հետո։ Ես կուզեի, որ մեր իշխանությունները պնդեին այդ կետի լիակատար իրականացումը, որովհետև այդ ամենը մեկ ամբողջության մեջ է նշված»։
Մանրամասները՝ տեսանյութում։